ԵՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին:

Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության համար արդյունավետ հարթակներ՝ ապացուցելով իրենց պահանջվածությունը:

Համաժողովների պարբերական անցկացումը թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել մեր երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը:

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում:

Համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ: Ուրախալի է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային նախորդ համաժողովների ընթացքում մշակված առաջարկները կյանքի են կոչվում համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Անկասկած, ինտեգրացիոն գործընթացները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Առաջին հերթին դա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, որի շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է նոր, ավելի բարձր մակարդակի:

Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը նրանում է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար:

Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում կլինի կարծիքների արգասաբեր փոխանակում, որը կհանգեցնի նոր պահանջված գաղափարների ստեղծմանը, որոնք մենք միասին կյանքի կկոչենք՝ ի շահ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների:

Իսկ համաժողովի ընթացքում մշակված խորհրդատվությունները կնպաստեն գործարար կապերի, միջտարածաշրջանային փոխանակումների զարգացմանը, հասարակական, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ընդլայնմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետագա ինտեգրմանը:

Համոզված եմ, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն իր հերթին կնպաստի Եվրասիական տնտեսական միության գործարար և ներդրումային լայն հնարավորությունների բացահայտմանն ու նոր փոխշահավետ գործարար նախագծերի իրականացմանը:

Համաժողովների անցկացումը համապատասխանում է եղբայրության և բարեկամության ավանդույթներին, որոնցով մեր ժողովուրդների հարաբերություններն ամրացվել են երկար դարերի ընթացքում: Համոզված եմ, որ այս ավանդույթներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ամրապնդմանը:

Մաղթում եմ համաժողովների բոլոր մասնակիցներին և հյուրերին արգասաբեր աշխատանք և նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների:




Լրահոս