Եվս մեկ օմբուդսմեն՝ բժշկական հաշտարարի անվան տակ. քննելու է նեղ-մասնագիտական դիմումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե կառավարությունն այս տեմպերով շարունակի իր «պաշտպանական» քաղաքականությունը, ապա շատ շուտով Հայաստանում կունենանք մարդու իրավունքների պաշտպանի կրկնօրինակների մի հսկա բանակ՝ յուրաքանչյուրը մասնագիտացած առանձին ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ամիսներ առաջ կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, ներկայացրել է բիզնես-օմբուդսմենի՝ «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ: Բայց պարզվում է` սա դեռ ամենը չէ: Դրանից բացի՝ կառավարությունը մտադրվել է ստեղծել այլ օմբուդսմեններ եւս: Օրինակ՝ պատրաստվում են Հայաստանում ձեւավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այդ մարմինն, իհարկե, միանգամայն այլ անուն է ունենալու` Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով այն, ըստ էության, լինելու է իրավունքների պաշտպան:

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը: Այնտեղ մանրամասն ներկայացված է միջազգային փորձը, հետո ներկայացված են հիմնավորումներ՝ համոզելու համար, որ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտություն ցուցաբերելու համար, հետեւաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել:

Ըստ այդմ, նշված է, որ մարդու իրավունքների պաշտպանը քննում է ոչ միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ նաեւ հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների վերաբերյալ բողոքները, որոնք առնչվում են մարդու իրավունքների ոտնահարմանը:

Եւ այնտեղ խախտումներ հայտնաբերելու դեպքում ՄԻՊ-ը համապատասխան մարմնին կամ պաշտոնատար անձին առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը: Հետո հղում է արված ՄԻՊ նախորդ տարիների զեկույցներին, որտեղ արձանագրվել են նաեւ բուժաշխատողների կողմից պացիենտների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորման, ինչպես նաեւ պացիենտների իրավունքների այլ խախտումների դեպքեր, ընդ որում, այդ խախտումները տարեցտարի ավելանում են:

Ու այդքանից հետո նախարարությունը եզրակացրել է. «Պացիենտների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության առավել գործուն մեխանիզմների բացակայությունը, պացիենտների իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների աճը, դրանց քննության համար նեղ մասնագիտական գիտելիքների պահանջը ինքնին արդիականություն են հաղորդում Հաշտարարի ինստիտուտի ներդրմանը»:

Թե կոնկրետ ինչ գործառույթներ են դրվելու բժշկական համակարգի հաշտարարի առաջ, հստակեցված չէ, միայն հայտնի է, որ հաշտարարը լինելու է քաղաքացիների կողմից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների դեմ ներկայացրած բողոքները քննող ու դրանց վերաբերյալ որոշում կայացնող անձը, որը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն եւ որոշակի փորձ: Նա կարող է քննել ե՛ւ բժշկական հաստատությունների, ե՛ւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժիշկների ու պացիենտի միջեւ ծագած վեճերը, եւ այլն:

Այսինքն՝ բժշկական համակարգի հաշտարարը մեծ հաշվով չի տարբերվելու Մարդու իրավունքների պաշտպանից. պարզապես նա քննելու է նեղ-մասնագիտական դիմումներ, ուրիշ ոչինչ: Բայց այս դեպքում իշխանությունները կարող էին խնդրին միանգամայն այլ լուծում տալ, ոչ թե հաշտարարի առանձին ինստիտուտ ձեւավորել, այլ ընդլայնել ՄԻՊ աշխատակազմը՝ համալրելով մասնագիտացված կադրերով:

Թեեւ ՄԻՊ գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ իրենք ուսումնասիրել են բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին օրենքի հայեցակարգը եւ առայժմ այնտեղ չեն հայտնաբերել կրկնվող գործառույթներ. «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ որեւէ նոր ստեղծվող կառույց չի կարող կրկնել Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, եւ այդ կառույցի գործառույթները չեն կարող որեւէ կերպ հակասել Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքին եւ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին: Նշված հայեցկարգը ուսումնասիրվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչի վերաբերյալ ներկայացվել է դիրքորոշում: Հայեցակարգի մակարդակով այս պահին առկա չեն Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները կրկնող դրույթներ: Կոնկրետ իրավական ակտի՝ նախագծի մշակման դեպքում եւս այն կքննարկվի եւ կուսումնասիրվի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից»,- նշված է ՄԻՊ գրասենյակի պատասխանի մեջ:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը բավական կոշտ էր արձագանքել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ մի քանի անգամ հայտարարելով, թե դա հակասահմանադրական է: Բայց չնայած նրա համառ դիմադրությանը՝ իշխանություններն առայժմ չեն պատրաստվում նահանջել, դեռ ավելին՝ բժշկական համակարգի հաշտարարի գրասենյակ են ստեղծում: Սա, թերեւս, պատահական չէ, այլ ավելի շատ հետեւանք է Արման Թաթոյանի պահվածքի, երբ իրեն դրսեւորել է որպես մարդու իրավունքների կիսապաշտպան կամ ՀՀԿ իրավունքների պաշտպան: Չնայած, ասում են, այն բանից հետո, երբ կառավարությունը ներկայացրեց բիզնես-օմբուդսմենի մասին նախագիծը, Թաթոյանն այլեւս սկսեց չմասնակցել կառավարության նիստերին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս