Արդեն մի քանի օր է, որ լրատվամիջոցները բարձրաձայնում են մսամթերքի, կաթնամթերքի շուկաներում թանկացումների մասին: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը՝ 800 դրամով:
Բացի նշված մթերքներից՝ թանկացել են նաեւ այլ ապրանքներ՝ պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկների որոշ տեսակներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանն այս ամենը բացատրել է միջազգային շուկաներում գնային փոփոխություններով:
Սակայն ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թանկացումները կապ ունեն բյուջեի հավաքագրման հետ: Նա չբացառեց, որ կառավարությունն այլ ելք չունենալով՝ փորձում է բյուջեն այսպես լցնել:
-Պարո՛ն Մելքումյան, վերջին օրերին բարձրաձայնվեց մի շարք ապրանքների թանկացման մասին: Օբյեկտիվ պատճառներ տեսնո՞ւմ եք:
-Հարկային մուտքերը հաշվի առնելով՝ միջին ամսական մուտքերը 90-95 մլրդ դրամ է: Մինչեւ տարեվերջ պետք է ամսական հավաքեն 100 մլրդ դրամից ավել, որը ռիսկային է: Կա՛մ պետք է լինի տնտեսական աճ, որը դանդաղում է, կա՛մ պետք է լինի գնաճ:
-Այսինքն՝ դա արվում է բյուջեն լցնելո՞ւ համար:
-Ստացվում է այդպես, ի վերջո, վերջնական սպառողները բնակիչներն են: Գնաճ եղավ, դրա հաշվին մուտքերը շատանում են: Եթե նույն կարագն արժի 3800 դրամ, դրանից մի հարկ է գնում, եթե արժի 5800, դրանից՝ մեկ այլ, ավելի բարձր հարկ: Չեմ ասում, որ ամբողջապես դա այդպես է, իհարկե, կարող են միջազգային շուկաներում խնդիրներ առաջանալ, սակայն ես կառաջարկեի կառավարությանը մանրածախ եւ մեծածախ գին ցիկլն ուսումնասիրել եւ տեսնել, թե խոշոր սուպերմարկետների շահութաբերությունն ինչպիսին է, այ, էդ թանկացած ապրանքների հաշվին:
-Մինչ ապրանքներն օր օրի թանկանում են, օրեր առաջ պարզ դարձավ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու:
-Դուք ճիշտ եք, 2015-ից թվականից հետո չեն բարձրանում: Դեռ բյուջեի նախագծից վաղ է խոսել, սակայն մի քանի հանգամանք կա. հենց մեկը դա, որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, տնտեսական աճի մակարդակը չի համապատասխանում հենց կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված ցուցանիշին: Այդ մարտահրավերներն արդեն խոսում են, որ խնդիրներ կան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան