ԱԱԾ տեսուչից մինչև վարչության պետ. բարձրաստիճան պաշտոնյաներն օգնել են առանց փաստաթղթերի հատել սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում է ապօրինի կերպով սահմանը հատելու դեպքերի մասին, թե ովքեր եւ ինչ հանգամանքներում են կարողանում ապօրինի հատել ՀՀ սահմանը, գալ Հայաստան: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ շատ դեպքերում իրավապահների կողմից հետախուման մեջ գտնվող անձինք են սահմանը հատում, եւ հարցեր է առաջանում, թե ում թեթեւ ձեռքով են նրանք կարողանում անօրինական ճանապարհով լքել երկիրը:

Ու պարզվում է՝ պաշտոնատար անձանց միջամտությամբ շատերն էլ երկրից դուրս են գնում՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Իսկ հիմա կոնկրետ փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Օթար Խալոյի Նաբոեւին եղել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Տաշիրի բաժանմունքի պետը եւ ծանոթ է եղել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Գոգավան» սահմանապահ վերահսկիչ բաժնի ավագ հսկիչ Եղիշե Սուքիասյանի հետ: Եւ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ 2017 թվականի ընթացքում կազմակերպել են տարբեր անձանց ապօրինի սահմանահատումները ՀՀ տարածքից Վրաստան:

Սակայն նկատենք, որ այս գործարքը գլուխ բերելու համար վերջիններիս օգնել են Վրաստանի քաղաքացի Էդգար Թանդարիանին, ՀՀ քաղաքացի Մանվել Հայրապետյանը Վրաստանի եւ ՀՀ քաղաքացի Լյովա Պապինյանը:

Ավելին՝ նախաքննությունը իրականացնող մարմինը բացահայտել է, թե վերոնշյալ «բանդան» քանի հոգուց է բաղկացած եղել, որոնք էլ օժանդակել են մի խումբ մարդկանց ապօրինի ճանապարհով ՀՀ սահմանը հատելու դեպքերը:

Օրինակ՝ Մանվել Հայրապետյանը, Սլավիկ Հովհաննիսյանը վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ համատեղ օժանդակել են, որ ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Ադամյանը եւ Լյովա Պապինյանը ապօրինի կերպով հատեն ՀՀ պահպանվող պետական սահմանը:

Վարդան Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016 թվականին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օժանդակել է Քյամալ Քալաշյանի՝ առանց պատշաճ թույլտվության, ՀՀ պահպանվող պետական սահմանի ապօրինի հատմանը:

Ասել է, թե պաշտոնատար անձինք 10 հոգանոց խումբ են ստեղծել եւ կազմակերպել են մի շարք անձանց ապօրինի հատումը Հայաստանից: Այս գործով 4 անձ գտնվում է կալանքի տակ, իսկ ահա 6 հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Նկատնեք, որ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները պաշտոնատար անձանց մասնակցությամբ «բանդա» են ստեղծել եւ կազմակերպել են մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի կերպով Հայաստանը լքելը:

Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ իշխանությունները լուրջ անելիքներ ունեն սահմանային հսկողություն իրականացնող պաշտանատար անձանց գործողությունները վերահսկելու մասով:

Քնար Մանուկյան




Լրահոս