«Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը երեկ հանդիպում անցկացրեց ենթախմբի առաջատար Լեհաստանի ընտրանու հետ, իսկ հայ ֆուտբոլասերները հերթական հիասթափությունն ապրեցին: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է անհաջող հանդիպումների ընթացքը. երեկվա հանդիպումը եւս բացառություն չէր. այն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ Լեհաստանի:

8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով գտնվում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Այս արդյունքը ոչ այլ ինչ է, քան ձախողում:

Համեմատության համար բավական է նշել, որ Լեհաստանն ունի 19, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում գտնվող Դանիան եւ Մոնտենեգրոն՝ 16-ական միավոր:
Նշենք, որ պաշտոնական վերջին 16 հանդիպումներում Հայաստանի հավաքականը տարել է ընդամենը երկու հաղթանակ, երկուսն էլ ավարտել ոչ ոքի: Այսինքն՝ 16 հանդիպումներից 12-ում մեր հավաքականը պարտություն է կրել: Խաղից խաղ Հայաստանի հավաքականն էլ ավելի թույլ խաղ է ցուցադրում. վիճակագրությունն էլ դրա վառ ապացույցն է:

Ի վերջո, ինչու է հավաքականում նման անմխիթար վիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, հայկական ֆուտբոլն անկում է ապրում: Որպես ՀՖՖ գործկոմի անդամ՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս իրավիճակում հայտնվելու պատճառը:

-Ցանկացած հավաքականի ուժեղ լինելը պայմանավորված է տվյալ երկրի ակումբային առաջնության ուժեղությամբ: Մինչեւ չունենանք ուժեղ առաջնություն, չենք կարող ունենալ ուժեղ հավաքական: Կարող է մի պահ լավ լինել խաղը, բայց դա չի նշանակում, որ հավաքականի վիճակը լավ է:

-Իսկ գործկոմի անդամների հետ հայկական ֆուտբոլի հարցը չե՞ք քննարկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյաի հետ: Վերջինս ի՞նչ ելքեր է տեսնում ստեղծված իրավիճակից:

-Մենք միշտ էլ այդ թեմաներին անդրադառնում ենք: Ելքը մեկն է, պետք է կարողանանք ունենալ ուժեղ առաջնություն, իսկ դրա համար էլ պետք են ֆուտբոլում ներդրումներ: Պետք է լինեն մարդիկ, ովքեր սեր ունեն ֆուտբոլի նկատմամբ, որպեսզի ներդրումներ անեն ֆուտբոլում:

-2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:

-Անձից կամ ղեկավարումից կախված չէ հավաքականի վիճակը, որպեսզի ֆեդերացիայի նախագահի կամ այլ մեկի հրաժարականի հիմքերը տեսնենք: Ես էլի եմ ասում, դա կախված է ակումբային առաջնության հետ: Մենք պետք է ունենանք ուժեղ ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանանք հավաքականը համալրել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին: Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը:

«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ, ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ:

Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը: Հավելենք, որ նա ՀՖՖ նախագահ էր ընտրվել 2002 թվականին:

Հ. Գ. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որ անվերջ խոսում է տուրիզմի զարգացման մասին, ֆուտբոլի զարգացման եւ դրա արդյունքում տուրիստներ ներգրավելու հեռանկարի մասին, դեռ շոուներ է բեմադրում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս