Բարեփոխումների անվան տակ փոփոխություններ են արվել մաքսային ոլորտում. ուշագրավ փաստեր մաքսակետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային եւ այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետեւանքներ են առաջացրել: Այնտեղից մեր աղբյուրը, չցանկանալով իր անունը հրապարակել, ուշագրավ փաստեր հայտնեց: ԵՏՄ մաքսային օրենքներով թույլատրվում է առանց մաքսի ավտոպահեստամասեր ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում ոչ մի ավտոպահեստամասի ներկրում, եթե քաղաքացին փորձի ավտոմեքենայի ձայնի խլացուցիչ ներկրել, մաքսակետում կստիպեն դրա քաշի հաշվով այն մաքսազերծել:

ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ թույլատրվում է առանց մաքսավճարի մինչեւ 50 կգ ավտոմեքենայի յուղ ներկրել, դա կազմում է մոտ 60 լիտր, սակայն Բագրատաշենի մաքսակետում ավտոմեքենայի յուղի ներկրում չեն թույլատրում: Ըստ ԵՏՄ մաքսային օրենքների՝ առանց մաքսավճարի թույլատրվում է մեկ սառնարան, աման լվացող 2 մեքենա ներկրել, սակայն չի թույլատրվում առանց մաքսի մեկ հատ լվացքի մեքենա ներկրել: Բագրատաշենի մաքսակետում կատարված կադրային փոփոխություններով Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատող բնակիչներին աշխատանքից ազատել են, նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել հիմնականում երեւանցիների, ովքեր ամեն անգամ մայրաքաղաքից Բագրատաշենի մաքսակետ են գալիս՝ տաքսիով 220 կմ ճանապարհ կտրելով:

Մաքսակետում նոր աշխատանքի ընդունվածների մի մասը ռուսերեն լեզվին լավ չի տիրապետում: Հավելենք, որ մաքսային համակարգում փոփոխությունների արդյունքում մաքսակետի աշխատողները բաժանվել են 2 մասի՝ մաքսային ձեւակերպումների եւ մաքսային զննման բաժինների միջեւ: Ձեւակերպումների բաժնի աշխատակիցները 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, թեեւ զննման բաժնի աշխատակիցներն ավելի մեծ ծավալի գործ են կատարում: Բագրատաշենի մաքսակետում տեր ու տնօրինություն են անում մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատողները: Նրանք, ըստ օրենքի, իրավունք չունեն մտնելու մաքսային հսկողության գոտի, սակայն նրանք են դիմավորում Թուրքիայից եկած ավտոբուսներին, որոշում, թե այդ ավտոբուսներից ինչքան օգտագործված կամ չօգտագործված հագուստ է առանց մաքսի ներկրվելու ՀՀ:

Մաքսանենգության դեմ պայքարի բաժնում ՀՀ-ում հայտնի, ազդեցիկ մարդկանց զավակներն են, այնտեղ սովորական ընտանիքներից մարդիկ չկան: ՀՀ-ի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մաքսային օրենսդրությանը տեղյակ չէ, չի էլ ձգտում սովորել, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում՝ ասելով, որ քաղաքացիներն իրենք պիտի իմանան օրենսդրությունը: Բագրատաշենի մաքսակետում կան կանաչ եւ կարմիր գծեր, կանաչ գծով անցնում, սահմանը հատում են այն ավտոմեքենաները, որոնց մեջ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Մաքսակետի կանաչ գծով սահմանը հատող մեքենայի տերը կարող է իր ավտոմեքենայի բեռնախցիկը մաքսային զննման համար չբացել, սակայն Բագրատաշենի մաքսակետի աշխատողները բոլոր ավտոմեքենաների բեռնախցիկները ստիպում են բացել: Այս տարի Բագրատաշենի մաքսակետի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը էլեկտրոնային փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ, սակայն այդպես էլ պատասխան չկա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս