Դաշտը թողնված է ազատ, թող մրցակցեն. ՀՀԿ-ն պայքարի է դուրս եկել ՀՀԿ-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության մասով ՀՀԿ-ում քննարկումները վերջնականապես ավարտվել են: Ինչպես հայտնի է՝ այդ օրն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղի կունենան համայնքների ղեկավարի ընտրություններ: Ընդհանուր առմամբ, համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան թվով 52 համայնքներում, որից 35-ը խոշորացված ու մեծամասամբ համայնքներում ՀՀԿ-ականները պայքարելու են ՀՀԿ-ականների դեմ:
Իշխող կուսակցության թեկնածուների, սպասվող պայքարի մասին «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ:

-Պարո՛ն Թադեւոսյան, վերջնականապես հստակեցրե՞լ եք նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների ցանկը: Կնշե՞ք՝ ո՞ր համայնքում ՀՀԿ-ն ում է պաշտպանելու:

-Մեր կառույցներում համապատասխան քննարկումները, նիստերը արվել են եւ նշվել են այն թեկնածուները, որոնց կուսակցությունը կառաջադրի: Իհարկե, մենք նաեւ ունենք համայնքներ, որտեղ թեկնածուներ չենք առաջադրում, որտեղ ազատ մրցակցություն ենք ապահովելու: Թվարկեմ տվյալներ մի քանի խոշոր քաղաքների պարագայում. Ապարանում մենք աջակցում ենք Կարեն Եղիազարյանին, Արտաշատում՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բենիամինյանին, Ճամբարակում՝ համայնքի գործող ղեկավար Յուրիկ Ավալյանին, Ալավերդիում՝ Սասուն Խեչումյանին, Ախթալայում՝ համայնքի գործող ղեկավար Հայկազ Խաչիկյանին, Ստեփանավանում՝ համայնքի գործող ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանին, Տաշիրում՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Էդգար Արշակյանին, Եղվարդում՝ համայնքի գործող ղեկավար Նորայր Սարգսյանին, Չարենցավանում՝ համայնքի գործող ղեկավար Հակոբ Շահգալդյանին, Մարալիկում՝ համայնքի գործող ղեկավար Արտակ Գեւորգյանին, Սիսիանում՝ համայնքի գործող ղեկավար Արթուր Սարգսյանին, Կապանում՝ համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանին, Գորիսում՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանին, Քաջարանում՝ համայնքի գործող ղեկավար Մանվել Փարամազյանին: Մենք պաշտպանելու ենք նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչների, օրինակ՝ Ախուրյանում մենք աջակցում ենք ՀՅԴ-ի թեկնածուին, մեկ այլ համայնքում էլ անկուսակցականի ենք պաշտպանում:

-Նշեցիք՝ մի քանի համայնքներում ազատ մրցակցություն եք ապահովում: Ո՞ր համայնքներն են դրանք, եւ ի՞նչ է դա ենթադրում: Այսինքն՝ նախկինում կաշկանդո՞ւմ էիք թեկնածուներին:

-Այսինքն՝ կուսակցության 2 կամ 3 անդամներ ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին, մենք հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի նրանք կարողանան ժողովրդին ներկայանալ, իրենց ծրագրերը հավանության արժանան ժողովրդի կողմից, եւ ընտրվի նրանցից արժանավորը: Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն Արմավիրում, Գեղարքունիքի մարզում Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը Վայոց ձորում եւ Բերդն ու Աչաջուրը Տավուշի մարզում:

-Ստացվում է՝ խորհրդարանական ընտրությունների վարկանիշային համակարգի օրինակով ՀՀԿ-ականները պայքարելո՞ւ են միմյանց դեմ:

-Չէ՛, ինչու այդպես, պարզապես իրենց ծրագրերով, մոտեցումներով փորձում են արժանանալ ժողովրդի վստահությանը: Դեմ բառը պետք չէ օգտագործել: Ում ծրագիրը կլինի ժողովրդի համար ընդունելի, նրան էլ ձայն կտան, ոչ մի խնդիր մենք այդտեղ չենք տեսնում: Դա նորմալ է, օրենքով չարգելվող գործառույթներ են, որ մենք հստակ իրականացնում ենք:

-Ձեր խոսքում նշեցիք, որ ազատ մրցակցություն եք ապահովելու նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում: Հայտնի է 3 թեկնածուի առաջադրման մտադրության մասին՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյան, Արամ Հարությունյան եւ Կարեն Մկրտչյան: Օրինակ՝ որքանո՞վ են այս 3 թեկնածուներից յուրաքանչյուրը ՀՀԿ-ի համար ընդունելի ու ինչո՞ւ:

-Երբ պաշտոնապես գրանցումները կլինեն, այն ժամանակ էլ կարծիքներ կհնչեցնենք: Դաշտը թողնված է ազատ, միանշանակ թող մրցակցեն, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կդառնա տվյալ համայնքի ղեկավար: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաեւ այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով: Ազատ մրցակցությունն ապահովում ենք նաեւ այդ տեսակետից, որպեսզի ժողովուրդը կարողանա, հնարավորություն ունենա ճիշտ ընտրություն կատարելու:

-Դուք ասում եք, որ Վարդենիս համայնքում ՀՀԿ-ն ազատ մրցակցություն է ապահովելու, սակայն արդեն ՀՀԿ-ն շրջանային կառույցի նիստ է արել եւ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին պաշտպանելու որոշում կայացրել: Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ սա:

-Սովորաբար իրենք նման առաջարկություն անելու իրավունք ունեն, բայց երբ ավելի վերադաս՝ Գեղարքունիքի մարզի տարածքային կամ ՀՀԿ գործադիր մարմինը որոշում է ընդունում, այդ դեպքում կանոնադրության դրույթներն են աշխատում: Դա մեր ներկուսակցական խնդիրն է, շուտով Գեղարքունիքի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունն այդ հարցին կանդրադառնա եւ լուծումներ կգտնի: ՀՀԿ մշտական գործող ղեկավար մարմինը՝ գործադիր մարմինը, իր դիրքորոշումը հայտնել է, դաշտը թողնված է ազատ, որեւէ մեկին չենք առանձնացնելու, չենք պաշտպանում: Իսկ կուսակցությունում կարեւոր որոշումները կայացվում են ՀՀԿ մշտական գործող ղեկավար մարմնում՝ գործադիր մարմնում:

-Այսինքն՝ ինչ-որ զարգացումներ կլինեն կուսակցության կանոնադրության խախտման համա՞ր:

-Դա կանոնադրական, ներկուսակցական խնդիր է, բոլոր դեպքերում համապատասխան արձագանք կլինի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս