Դատավորները հայտնվել են անելանելի վիճակում. գործընկերները հրաժարվում են քննել ընկեր դատավորների գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնում: Գործընկերները հրաժարվում են քննել ընկեր դատավորների գործը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 15-ին ՀՔԾ-ում ավարտվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ԱԱԾ-ի՝ վերոնշյալ պաշտոնատար անձինք կաշաշք են վերցրել, սակայն վերջիններս չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Այս գործով կալանավորված է 5 անձ, իսկ 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Սեպտեմբերի 12-ին այս գործը ընդունվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, սակայն դատավոր Մելիքյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ դատավորների հետ ընկերական հարաբերությունների մեջ է:

Գործը մակագրվեց մեկ այլ դատավորի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին, սակայն նա եւս ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ Աղվան Պետրոսյանը իր ընկերն է: Եվ այսպես՝ գործը մակագրվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին:

Երեկ հայտնի դարձավ, որ նա եւս ինքնաբացարկ է հայտնել՝ նույն պատճառաբանությամբ՝ դատավորների հետ մտերիմ է: Այժմ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին: Սակայն այստեղ էլ լուրջ խնդիր կա: Մնացական Հարությունյանն էլ է պարտավոր ինքնաբացարկ հայտնել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, նա դատավորների եւ դատախազի քրեական գործով որպես վկա է անցնում: Ավելին՝ նա այս գործով ցուցմունք է տվել, թե ինչ կապ կարող է ունենալ նրանց հետ եւ ինչ է արել դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի խնդրանքով:

Այնպես որ, դատավորների գործը քննող դատավորի փնտրտուքը շարունակվում է: Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք մի շարք դատավորների, թե այս իրավիճակում ո՞րն է ելքը, վերջիններս հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել, սակայն նշեցին, որ դատական համակարգն էլ խնդրի առաջ է կանգնած, քանի որ չկա օրենսդրական նորմ, ըստ որի՝ կարողանան այս գործով ելքեր փնտրել, ասել է, թե այս գործն այլ դատարանի քննությանը հանձնել:

Քնար Մանուկյան




Լրահոս