Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի տեսուչը պաշտոնական դիրքը չարաշահել է, ինչի արդյունքում անչափահաս է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի տեսուչը, հետաքննության գծով ավագ տեսուչը, ինչպես նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի պատճառով ոստիկանությունում չի հաշվառվել առերևույթ ծանր հանցագործության` բռնաբարության դեպքը, ըստ այդմ` գործով վարույթ չի իրականցվել և չի ապահովվել անհրաժեշտ քննություն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:

Այսպես, 04.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս Լ. Մ.-ի հագուստի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Հիշյալ ահազանգը ստանալուց հետո բաժնի հերթապահ մասի տեսուչ Վլադիմիր Սաֆրազյանն ամբողջությամբ չի գրանցել այն` թաքցնելով անչափահասի հագուստի վրա արնանման հետքերի առկայության հանգամանքը: Այնուհետև օպերատիվ խմբի հետ բժշկական կենտրոն է այցելել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, ապա նաև` հետաքննության գծով ավագ տեսուչ Ռազմիկ Հակոբյանը: Սակայն հետաքննության մարմնի նշված աշխատակիցները, այդ թվում բաժանմունքի պետը, իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում ծանր հանցագործության՝ բռնաբարության չբացահայտված դեպքով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ոստիկանության համապատասխան մատյաններում ամբողջությամբ չեն գրանցել ստացված ահազանգի բովանդակությունը՝ թաքցրել են անչափահասի հագուստների վրա արնանման հետքերի առկայության հանգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքները պարզելու և այն կատարած անձին բացահայտելու ուղղությամբ: Ավելին, արնանման հետքերի առկայության հանգամանքը Սիսիանի բաժնի երկու տեսուչները թաքցրել և չեն ներառել դեպքի վերաբերյալ ոստիկանության նշված բաժնի պետին հասցեագրված զեկուցագրերում:

Մ. Ստեփանյանի, Վ. Սաֆրազյանի և Ռ. Հակոբյանի վերը նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, իսկ առերևույթ ծանր հանցագործության՝ բռնաբարության դեպքը չի հաշվառվել և գործով վարույթ չի իրականացվել: Արդյունքում չի ապահովվել նաև գործի արդարացի քննության սկզբունքը, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:
Այսպիսով, վերը նշված արարքների կատարման համար ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանին, նույն բաժնի տեսուչ Վլադիմիր Սաֆրազյանին և ավագ տեսուչ Ռազմիկ Հակոբյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս