Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին:
Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:
Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի ունեցած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որի շրջանակում հայաստանյան համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, քաղաքային տնտեսության, կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վարչապետն անդրադարձել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու, ԵՄ երկրների հետ GSP+ և ԱՄՆ հետ GSP արտոնյալ ռեժիմների հնարավորություններին՝ առաջարկելով Հայաստանը դիտարկել որպես երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու արդյունավետ հարթակ:
Կոնկրետ արդյունքներ արձանագրելու համատեքստում կողմերը կարևորել են Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և քննարկել այս ամսվա ընթացքում հանձնաժողովի՝ Մինսկում կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր: