Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում է շնորհել սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին, որը, հիշեցնենք, պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Երեկ Խաչիկյանը 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից:
Նկատենք, որ Խաչիկյանին Ս.Սարգսյանը ներում է շնորհել այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան ամբողջությամբ չի փոխհատուցել պետությանը հասցրած ավելի քան 290 մլն դրամի վնասը, որ դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այս տարվա մայիսին դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել: Առայժմ այս գործով նախնական դատաքննություն է ընթանում: Թե որքա՞ն է կազմում դատախազության պահանջը, պարզել չհաջողվեց: Նաեւ դեռ հայտնի չէ, թե Խաչիկյանն այս հինգ տարվա ընթացքում յուրացված 290 մլն-ից որքա՞ն գումար է փոխհատուցել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանին դուր չի եկել իրեն ու ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանին եւ Աշոտ Արսենյանին Զոհրաբյանի նախազգուշացումներն առ այն, որ հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում աշխատավարձերից պահումներ կարվեն: Ու քանի որ Գրիգորյանը որոշել է խորհրդարանում արտոնյալ կարգավիճակում հանդես գալ, միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալ, դիմում է ներկայացրել հանձնաժողովից դուրս գալու մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրա փոխարեն ՀՀԿ-ից այս հանձնաժողով է գործուղվել Միհրան Հակոբյանը:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը օրենքի խախտում է համարում Մեղրիի թիվ 2 դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանի կողմից կուսակցական նիստ անցկացնելը: Եւ երեկ նախարարն այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել է Սյունիքի մարզպետին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես դպրոցի տարածքը չպետք է օգտագործվի նման նպատակներով: Իմ կարծիքով՝ այստեղ ժամը նշանակություն չունի: …Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի, որպեսզի այսուհետ նման գործողություններ չլինեն… Պետք է հասկանալ՝ ինչ է եղել: Մենք դիմել ենք, որ քննեն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է եղել»: Երեկվա դրությամբ մարզպետ Վահե Հակոբյանը պատժիչ որեւէ գործողություն չէր կատարել: Դեռ ուսումնասիրում են անհերքելին՝ փորձելով հաճոյանալ ՀՀԿ առաջնորդին:
ՀՀ Կառավարության նիստում երեկ հաստատվել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, եկամուտները կազմելու են 1 տրլն 307,3 մլրդ, ծախսերը՝ 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք. մինչեւ 2018թ. տարեվերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 7 մլրդ դոլարի: Միաժամանակ հաջորդ տարվանից ավելանալու են պետական պարտքի սպասարկմանն ուղղվող միջոցները. այդ նպատակով ծախսվելու է բյուջեի 9.6 տոկոսը՝ 163,2 մլրդ դրամ: Արդեն 2019թ. պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 166,6 մլրդ դրամ, 2020թ.՝ 173,7 մլրդ դրամ: Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պնդում էր, թե սա անխուսափելի է, քանի որ կա երկիր, որ դեֆիցիտ ունենա եւ պարտքի շուկա չմտնի: Ավելին՝ նա հավաստիացնում էր, թե Հայաստանին պարտքի ավելացման արդյունքում դեֆոլտ չի սպառնում: Սպասենք, տեսնենք:
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էր արել բրյուսելյան գագաթնաժողովից առաջ կատարել տնային աշխատանքը: «Նպատակը, որ կա՝ գնալ դեպի վիզաների ազատականացում եւ հետո էլ պայմանագրի ստորագրում՝ առանց վիզայի ռեժիմի ընդունման մասին, կլինեն պատշաճ ժամանակին, վստահ եմ: Բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվե՛ք, կատարե՛ք ձեր տնային աշխատանքը, եւ այդ օրը, հուսով եմ, կգա»,- ասել էր նա:
Երեկ դեսպանի հայտարարություններին անդրադարձել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հայտարարելով. «Ինչպես հայտնի է՝ վիզաների ազատականացման երկխոսությունը լուրջ բարեփոխումներով պայմանավորված գործընթաց է, եւ եթե հենց դա է նկատի առնվում «ներքին նախապատրաստական աշխատանքներ» կամ «տնային աշխատանք» ասելիս, ապա այն վաղուց է սկսվել Հայաստանում, եւ դրա մասին քաջատեղյակ է ԵՄ կողմը եւ ոչ միայն»։
Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հակադարձելու ՀՀ-ում ԵՄ դեսպանին: Նախորդ տարի, երբ Սվիտալսկին խոսել էր ՀՀ-ԵՄ բանակցություններում բարդությունների մասին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր հակադարձել, թե կարող են լինել նման խնդիրներ, բայց ընդունված չէ, որ բանակցողներից մեկը բարձրաձայնի այդ մասին: Սվիտալսկին էլ, ի պատասխան, ասել էր, թե ինքը բավական լավ է դաստիարակված, որ մեկնաբանի Նալբանդյանին: Մեկ այլ հեռակա բանավեճ էլ եղել էր Սվիտալսկու եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ՝ ընտրությունների վերաբերյալ ԵՄ դեսպանի քննադատությունների հետ կապված:
Հիմա, փաստորեն, Սվիտալսկու հետ բանավեճի նոր առիթ է ծագել: Բայց, նկատենք, տնային աշխատանքը կատարելու մասին ԵՄ դեսպանի ակնարկներն ամենեւին էլ պատահական չեն. Հայաստանը ԵՄ-ի առաջ ստանձնել է բազմաթիվ պարտավորություններ, այդ թվում՝ ընտրական ինստիտուտի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, եւ այսպես շարունակ: Բայց «տնային աշխատանքներն» իրականում ամբողջությամբ չեն կատարել. ասվածի վկայությունն այս տարի ՀՀ-ում անցկացված ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններն էին, որ արժանացան միջազգային հանրության քննադատությանը, ՀՀ-ում ԵՄ-ի եւ ԱՄՆ դեսպանների՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ պարբերաբար արած հայտարարությունները: Այնպես որ, Սվիտալսկու ասած «տնային աշխատանքն» ամենեւին էլ միայն վիզաների ազատականացման ուղղությամբ ինչ-որ փաստաթղթեր ընդունելուն չեն առնչվում, այլ ակնարկները հարցերի ավելի լայն շրջանակ են արծարծում: