ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքը հիրավի համարվում է մայրաքաղաք Երեւանի տեսարժան կառույցներից մեկը: Ու ենթադրվում է, որ դրա հանդեպ քաղաքային իշխանությունների վերաբերմունքը եւս յուրահատուկ պետք է լինի: Սակայն, ավաղ, իրականությունն այդպես չէ:

Շենքի շուրջբոլորն առկա սրճարանների գոյությունը դեռեւս արդարացվում է նրանով, որ քաղաքի կենտրոնում հատկապես շատ են զբոսաշրջիկները, երեկոյան մեր համաքաղաքացիները դուրս են գալիս զբոսանքի եւ օգտվում են նաեւ հանգստի այս վայրերից: Հարցի մեկ այլ կողմն, իհարկե, այն է, որ նախկինում սրճարանների տեղում կանաչ տարածք էր, եւ հանգստի գոտիները կառուցվեցին քաղաքի թոքերի՝ թթվածնի եւ ծառերի հաշվին:
Սրճարանները մի կողմ թողնելով՝ անդրադառնանք Օպերայի շենքի շրջակայքում գտնվող արագ սննդի կետին (տե՛ս լուսանկարը): Եթե նույնիսկ չխոսենք սննդի կետի հակասանիտարահիգիենիկ վիճակի մասին, ապա որքանո՞վ է ճիշտ նման կառույցի առկայությունը հենց օպերայի բակում, որքանո՞վ է դրա տեսքը հարիր ազգային թատրոնի շենքին, որքանո՞վ է հաճելի փողոցով քայլող մարդկանց «ըմբոշխնել» ուտելիքի հոտը: Ստացվում է, որ մեզանում գլխավորը գումարն է: Եթե մարդը վճարունակ է, կարող է վճարել եւ սննդի նման մի կետ էլ բացել, ասենք, նման թույլտվություն տված Երեւանի քաղաքապետարանի կամ էլ պետական որեւէ կառույցի հարակից տարածքում:
«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեցին նաեւ Օպերայի բակում գտնվող երկու գերծանրաբեռնված աղբամանները, որոնցից տարածվող հոտն, իհարկե, անկարելի է փոխանցել ընթերցողներին:
Ինչ վերաբերում է շենքերի արտաքին տեսքին, ապա այս տարվա մայիսի 25-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր շենքերի եւ շինությունների արտաքին տարրերի միասնական պահանջների մասին: Եւ հիմա ասել, որ այդ օրվանից մինչ օրս մեծ աշխատանք է տարվել, իրականում կնշանակի ոչինչ չասել: Վաղուց արդեն ոչ վարդագույն մեր մայրաքաղաքում սնկի պես ավելանում են անհրապույր շինությունները. դրանց կողքին անտեսվում են մշակութային իրական արժեք ներկայացնող շենքերը: Ոմանք դա «սարայ» կկոչեն, ոմանք կասեն, որ քանդված, մշակութային արժեք ներկայացնող շենքերի քարերը պահպանվում են, որպեսզի հետագայում շենքերը վերականգնվեն, եւ կյանքի կոչվի «Հին Երեւան» այդքան սպասված նախագիծը, որը սակայն այդպես էլ չի մեկնարկում, եւ գուցե տասնամյակներ հետո, երբ ֆինանսներ մսխելու հերթական առիթն ընձեռվի, այն իրականություն դառնա, եթե, իհարկե, Երեւանից ինչ-որ բան մնացած լինի:
Մայրաքաղաքի շատ փողոցներում կարելի է հանդիպել «Այս տանն ապրել է…» գրությունը: «Այս տանն ապրել է ՀՀ առաջին վարչապետ Արամ Մանուկյանը»: Արդյո՞ք սա որեւէ նշանակություն ունի քաղաքային իշխանությունների համար: Արամի փողոցում գտնվող շենքի անմխիթար վիճակը ձեզ կհուշի՝ կարեւո՞ր է այդ շենքի պահպանությունը պետական մարմինների համար, թե՞ վերջիններս էլ գործում են հայտնի սկզբունքով. «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»:
Իհարկե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, անում է: Բայց մայրաքաղաքում ամեն քայլափոխի տեղադրված նստարանները, աղբամանները հաճելի մանրուք են, բայց ոչ այնքան կարեւոր, որքան շինությունների պահպանությունը:
Ու բոլորովին հաճելի տեսարան չէ փողոցների մայթերին կանգնած եւ փոշու մեջ գիրք վաճառող մարդկանց տեսնելը: Հաճելի եւ ճիշտ կլիներ, եթե նրանք աշխատեին ավելի մարդավայել պայմաններում: Այդպիսի մի վայր կարող էր լինել, օրինակ, մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում գտնվող գետնանցումը, որը կորել է գարշահոտության եւ կեղտի մեջ, եւ տպավորություն է ստեղծվում, թե անցնում ես քաղաքային զուգարանի կողքով, մինչդեռ այդ վայրը կարող է դառնալ գրքերի յուրօրինակ տոնավաճառ: Էլ չենք խոսում տրանսպորտային համակարգի անմխիթար վիճակի մասին: Գծատերերը չեն բարեփոխում տրանսպորտային ցանցը, ավտուբուսների քանակը քիչ է, եւ այսպես շարունակ:
Հ. Գ. Հուսանք, որ մոտ ժամանակներս Կարապի լճի փոքրիկ կամրջակի վրա եւս սննդի արագ կետ չի գործարկվի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

 

ՁՈՒ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

Հայաստանում հավկիթի արտադրությունում երբեմնի գերիշխող դիրք զբաղեցնող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրման» տեւական ժամանակ է, ինչ չի գործում: Պատճառը ֆինանսական լուրջ խնդիրներն են:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ սեպտեմբերի 15-ի վճռով Նոր Գեղիում գտնվող «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»-ն սնանկ է ճանաչվել: Ի դեպ, ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրմայի» նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Նշենք, որ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկային սնանկ ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը այս տարվա հուլիսի 6-ին:
Ի դեպ, թռչնաֆաբրիկան վերոնշյալ ընկերությանը պարտք է 25 մլն դրամի չափով գումար: Պարզվում է, որ «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը միակը չէ, ում պարտք է թռչնաֆաբրիկան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆիրման» պարտք է նաեւ «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» խումբ ընկերությանը: Իսկ պարտքի գումարն էլ կազմում է ավելի քան 890 հազար դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նույն դատարանի՝ սեպտեմբերի 19-ի որոշմամբ՝ սնանկության գործերով կառավարիչ է նշանակվել Արսեն Ասատրյանը: Վերջինիս տեղեկություններով՝ չնայած այն բանին, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել, դեռ շարունակում է աշխատել: «Այլ հավելյալ տեղեկություն չունեմ, քանի որ նոր եմ ստացել սնանկության այս գործը»,- փոխանցեց սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանը: Փորձեցինք որոշ տեղեկություններ իմանալ ընկերության տնօրեն Վասպուրակ Մարտիրոսյանից, սակայն վերջինս անպատասխան թողեց «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերը: Սակայն տեղեկացնենք, որ շատերը «Լուսակերտ տոհմային թռչնաբուծական ֆիրմա»-ն շփոթում են «Լուսակերտ» ընկերության հետ, որն ինչպես հայտնի է` գործարար Խաչիկ Մանուկյանինն է: «Լուսակերտ» ընկերության տնօրեն Մանաս Եփրեմյանի խոսքերով՝ սնանկ ճանաչված ընկերությունը ոչ մի առնչություն չունի իրենց ընկերության հետ:
«Իրավական կապ չունի այդ ընկերությունը մեր` «Լուսակերտ» ՍՊԸ-ի հետ, իսկ ոչ իրավական այնքանով կապ ունի, որ երկուսն էլ նույն գյուղի նույն տարածքում են գտնվում»,- մանրամասնեց Մանաս Եփրեմյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՂ ՉԿԱ
Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղը Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի բնակավայրերից է, ուր գիշերային լուսավորության ցանց չկա: Նոյեմբերյան քաղաքից 38 կմ հեռավորությամբ գտնվող, 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գիշերային լուսավորության ցանց ունենալուն բարեկամավանցիների մի մասը դեմ է՝ կարծելով, որ գիշերները վառվող լույսերը ադրբեջանցի զինյալների համար թիրախ կարող են դառնալ, բնակիչների այլ մասը գիշերային լուսավորությանը կողմ է: Նշեմ, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ադրբեջանին սահմանակից այլ գյուղեր՝ Կոթին, Ոսկեվանը, Ոսկեպարը, Բերդավանը, Դովեղը, Բաղանիսը, ունեն գիշերային լուսավորության ցանց: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ գիշերները Բարեկամավանի գյուղապետարանի շենքի եւ գյուղի 5 առանձնատների առաջ լույսեր են վառվում: Նա ասաց, որ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու խնդիրը ինքը ներկայացրել է Նոյեմբերյանի համայնքապետարան: Բարեկամավանը 2016 թվականի սեպտեմբերից խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Բարեկամավանի վարչական ղեկավարի խոսքերով՝ Նոյեմբերյան համայնքը սահմանամերձ Բարեկամավանում գիշերային լուսավորության ցանց կառուցելու համար ֆինանսական միջոցներ չունի:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2017թ. հուլիսի 19-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Վարդան Հակոբի Գեւորգյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականից աշխատելով որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրեն՝ 2013թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունից բացակայող, հիշյալ քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, անձնական այլ դրդումներով, մինչեւ Վարյա Բեգլարյանի ՌԴ-ից վերադառնալը պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ: Դրանք դրսեւորվել են հետեւյալ կերպ՝ Վ. Գեւորգյանն իր ստորագրությամբ եւ Դիլիջանի պետական բժշկական քոլեջի կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստեր: Վ.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս