ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԷԿՈՆՈՄ ՌԵԺԻՄՈՎ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հրավիրված հաշվետու ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս տարվա ոռոգման սեզոնի սկզբին հանրապետությունում եղել է 130 մլն խ/մ ջրի դեֆիցիտ, ինչը ակնհայտ է եղել հիմնականում Ախուրյանի ջրամբարում: Իսկ այն գյուղացիները, որոնք բողոքել են ոռոգման ջրի պակասից, իրենց հողակտորները օգտվելիս են եղել հենց Ախուրյանի ջրամբարից:

Բացի այդ՝ պարզվում է, որ այս տարվա ոռոգման սեզոնին գյուղացիներին իրենց հողատարածքները ոռոգելու համար ջուրը «էկոնոմ ռեժիմով» է տրվել: «Ջրամատակարարումը մենք տարվա ընթացքում իրականացրել ենք հնարավորինս էկոնոմ ռեժիմով, որովհետեւ տարվա կեսից պարզ դարձավ, որ կլիման գյուղատնտեսության նկատմամբ լինելու է բավականին խիստ: Ինչպես տեսնում եք՝ վերջին չորս ամիսների ընթացքում մենք ամբողջ հանրապետությունում չենք ունեցել տեղումներ, բացի այդ՝ թերլցված են եղել մեր ջրամբարները, սրան գումարվեց նաեւ բարձր ջերմաստիճանային ֆոնը: Մենք ստիպված ենք եղել ջրբացթողումները իրականացնել էկոնոմ ռեժիմով` առաջնահերթությունը թողնելով բազմամյա տնկիներին: Դժվարություններ, խնդիրներ ենք ունեցել մեկամյա տնկիների` բանջարբոստանային կուլտուրաների մասով, բայց դա մարդկային գործոնի հետ գործ չունի»,- իրավիճակը ներկայացրեց Արսեն Հարությունյանը:
Նկատենք, որ ջրի «էկոնոմիայի» արդյունքում այս տարի հազարավոր գյուղացիներ հսկայական վնասներ են կրել: Իսկ այս մասին հրավիրված ասուլիսի բանախոսն այդպես էլ չմտահոգվեց, գոնե ձեւի համար: Գյուղացու հոգսը կարծես թե ոչ ոքի չի հետաքրքրում:
Հիշեցնենք, որ ամռան ամիսներին գյուղացիները բողոքի ակցիաներ անցկացրին, ճանապարհներ փակեցին` պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: Այս հունիսին Արմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչները ճանապարհ էին փակել եւ պահանջում էին լուծել ոռոգման ջրի խնդիրը: Նույն ամսին ոռոգման ջրի խնդրի շուրջ իրենց բողոքը բարձրաձայնեցին նաեւ Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչները: Ոռոգման ջրի հետ կապված խնդիր ունեցող գյուղերը շատ են: Բայց այս խնդիրը լուծելու, գյուղացիների հողատարածքները, այգիները ոռոգելու այլ տարբերակներ գտնելու փոխարեն ջրային տնտեսությունը անցել է ջրի տնտեսմանը՝ հարցը համարելով լուծված: Ու այս ընթացքում Արմավիրի մարզում նռան այգիները ջրի պակասից չորացան:
Երբ հաշվետու պաշտոնյայից հետաքրքրվեցինք՝ պատասխանատվություն չի՞ զգում գյուղացիների կորցրած բերքի համար, ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող Արսեն Հարությունյանը, ով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, անտարբեր տոնով հայտարարեց. «Գյուղացիների հեկտարները չեն տուժել, պարզապես մեկ հա-ից պայմանական նախատեսված 10 միավորի փոխարեն ունեցել են 6,7 կամ 8 միավոր բերք: Մենք չենք հանդիպել հողօգտագործողի, որի մոտ 100 տոկոսով վերացել է բերքը: Աղետը միայն գյուղացու մոտ չի եղել, ջուր չի եղել, որտեղի՞ց պետք է տայինք ջուր, որ գոնե այդ մինիմալը ապահովենք»:
Դե, իհարկե, սանիկն ինչ անի, որ ջուր չկա: Գլխավորն ինքը պաշտոն ունի, ծառայողական մեքենա, քարտուղարուհի… մնացած հարցերը մանրուքներ են: «Մանրուք» է նաեւ այն, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքը նվազել է ուղիղ 25 տոկոսով: Ու սրա միակ բացատրությունն այն է, որ հանրապետությունում համատարած երաշտ է եղել:
Ու թեեւ մի կողմից բոլոր պետական պաշտոնյաները, անկախ պաշտոնեական դիրքից, խոսում են դեմքով դեպի գյուղը շրջվելու անհրաժեշտության մասին, բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանց դեմքն այլ ուղղությամբ է, այդպես էլ գյուղացուն «չի հասնում»: Ու ինչպես հաշվետու Արսեն Հարությունյանը, այնպես էլ մյուս պաշտոնյաները պարզապես արձանագրում են իրավիճակը՝ մատը մատին չտալով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿՕԳՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Երեկ կառավարության նիստիում համապատասխան որոշում է ընդունվել, որի համաձայն՝ ՀՀ կառավարությունը մինչեւ 24 տարեկան մայրերին կօգնի նախապատրաստվել բուհական ընդունելությանը:
Երբ ծնողը երեխայի խնամքի 3 տարվա արձակուրդ է վերցնում, իրավունք ունի նաեւ պետությունից աջակցություն ստանալ եւ եթե 2 տարի անց ուզում է աշխատանքը համատեղել: Այլ կերպ ասած՝ եթե երիտասարդ մայրը բարձրագույն կրթություն չունի, բայց մտածում է այդ մասին, նրան կօգնեն ընդունվել ԲՈՒՀ: Եթե նա երեխայի խնամքի արձակուրդ է վերցրել 3 տարով, ապա 3-րդ տարում նրան կօգնեն աշխատանք գտնել, որի դեպքում հնարավոր կլինի այն համատեղել երեխայի խնամքի հետ:

 

 

 

928.8 ՄԼՆ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՎԻ
2018թ. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը նորից էլեկտրականության եւ գազի սուբսիդավորում կստանան: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Հայաստանում կա Ադրբեջանին սահմանամերձ 37 գյուղ, որտեղ ապրում է 56 հազար մարդ: Փոխհատուցման են ենթակա գազի վարձի 50 տոկոսը՝ ամսական մինչեւ 360 խ/մ, եւ էլեկտրաէներգիայի վարձի 50 տոկոսը՝ տարեկան մինչեւ 1440 կՎտ/ժ: Չգազաֆիկացված գյուղերում հավելյալ կիլովատներ կփոխհատուցեն՝ 180 խ/մ գազին համապատասխան:
Պետական աջակցությունը նախատեսում է նաեւ ոռոգման ջրի վարձի 50 տոկոս փոխհատուցում: Բացի այդ՝ ամբողջովին կփոխհատուցվեն նաեւ այն տարածքների հողահարկն ու գույքահարկը, որոնք անմիջականորեն հակառակորդի թիրախի եւ կրակահերթի տակ են: Նշված միջոցառումների համար 928.8 մլն դրամ կհատկացվի:

 

 

 

ՀԱՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱ
ՀՀ կառավարությունը հանդես է գալիս շարժական գույքի իրավունքների գրանցումը թեթեւացնելու նախաձեռնությամբ: Այդ նպատակով գործադիրը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: «Օրինագծով նախատեսվում է, որ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնի նաեւ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում զարգացնել ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանը ավելի հասանելի դարձնելու միջոցով»,- նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 




Լրահոս