«ԵՎԱ». ՊԱՏԵՐԱԶՄԸ` ԿԱՆԱՆՑ ԱՉՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի ունեցավ պարսկահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի պրեմիերան: Այն ամբողջովին հայկական պատմություն է, որը նկարագրում է արցախյան մի գյուղի կյանք, ուր մարդիկ դիմակայում են տարբեր փորձությունների եւ պատերազմից հետո շարունակում պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սոս Ջանիբեկյանը եւ այլք: «Ժողովուրդ»-ը ֆիլմի եւ այլ թեմաների շուրջ զրուցել է Ռոզի Ավետիսովայի հետ:

-Ռոզի՛, «Եվա» ֆիլմն ի՞նչ առանձնահատկություններ ունի, ինչո՞վ այն Ձեզ գրավեց:
-Որպես դերասանուհու` ինձ համար շատ կարեւոր էր այն կերպարը, որ կերտեցի: Ինձ բավական բարդ հանձնարարություն էր բաժին հասել: Մարմնավորածս կերպարը իմ կարիերայում համարում եմ կարեւորագույնը: Ֆիլմը, որը շոշափում է ղարաբաղյան թեման, ցույց է տալիս, որ դա չվերջացող, չավարտվող թեմա է: Գործողությունները ծավալվում են հետպատերազմյան Ղարաբաղում, իսկ հերոսներն էլ պատերազմի հետեւանքները կրողներն են: Ի դեպ, նշեմ, որ ֆիլմը նկահանվել է քառօրյա պատերազմից առաջ, բայց, կարծես «կանխազգալով» պարունակում է այն մեսիջը, որ պատերազմը կարող է ամեն րոպե կրկնվել: Ինձ համար շատ պատասխանատու էր խաղալ հերոսուհու, որը հենց ղարաբաղցի է: «Եվան» ֆիլմ է կանանց մասին. դա նրա առանձնահատկություններից մեկն է: Պատահական չէ, որ սցենարիստը, ռեժիսորը (նույն մարդն է) նույնպես կին է: Սա կնոջ ձեռագիր է: Ֆիլմում ընդգրկված են տարիքով եւ երիտասարդ կանանց կերպարներ: Այսպիսով` պատերազմի խնդիրը մենք տեսնում ենք հենց կանանց միջոցով:
-Կնոջ Ձեր տեսակը ինչպիսի՞ն է:
-Նրան չի կարելի կին կոչել: Ես մարմնավորել եմ երիտասարդ աղջկա, որը սիրային անհաջող պատմություն ունենալուց հետո փորձում է հերոսուհիներից մեկի միջոցով ամեն կերպ հայտնվել Երեւանում եւ իր խնդիրներին լուծում տալ: Նա միակը չէ, ով փորձում է գյուղից հեռանալ: Կան էլի հերոսներ, որոնք ձգտում են այդ միջավայրից դուրս պրծնել, օրինակ` պատերազմից խուսափելու համար:
-Մի փոքր էլ խոսենք Ձեր առօրյայից: Նախկինի պես ակումբում աշխատու՞մ եք:
-Հիմա ժամանակ չունեմ, եթե ունենայի, սիրով կաշխատեի: Նկարահանվում եմ «Եթե գտնեմ քեզ» սերիալում, որը խմում է իմ ողջ ժամանակը:
-Սերիալում նկարահանվում եք` զուտ գումար աշխատելու նպատակո՞վ, թե՞ սերիալային աշխատանքն ապահովում է նաեւ մասնագիտական աճ:
-Ես չեմ կարող համաձայնել որեւէ աշխատանք անել, եթե դրանից հաճույքի իմ չափաբաժինը չստանամ: Շատ հրավերներ եմ մերժել հենց այդ չափաբաժնի բացակայության պատճառով: Այդ դեպքում, հավատացեք, ֆինանսական գործոնն էլ չի փրկում:
-Ռոզի՛, լրատվամիջոցները որոշ ժամանակ առաջ գրեցին, որ ունեք ընտրյալ, որը Ձեզնից տարիքով փոքր է: Կա՞ նման բան, թե՞ հերթական բամբասանքն է տարածվել:
-Ընտրյալ, այո՛, ունեմ, բայց տարիքով մեծ է, թե փոքր, չեմ պատասխանի: Ասեմ, որ նա բացարձակ կապ չունի մեր ոլորտի հետ: Ընտրյալս իմ ասպարեզից հաստատ չէր լինի… Դա ինչ-որ առումով սկզբունքային հարց է: Եթե սիրելիդ քո ոլորտից է լինում, այդ հանգամանքը հաճախ խանգարում է առողջ հարաբերություններ ունենալուն: Բանն այն է, որ այդ դեպքում տղամարդն ու կինը հաճախ բնավորության նույն գծերով են օժտված լինում, իսկ դա խանգարում է հարաբերությունները պահպանելուն: Բացի այդ` ընտրյալիդ` ոլորտի խնդիրներին լավ ծանոթ լինելը հաճախ ոչ թե թեթեւացնում, այլ բարդացնում է իրավիճակը: Իսկ այսպես ավելի հանգիստ է:
-Իսկ շտապո՞ւմ եք կարգավիճակի փոփոխություն անելու հարցում:
-Դեռ ոչ, պաշտոնական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, ժամանակ էլ չկա դրա համար: Իմ գրաֆիկի դեպքում, կարծում եմ, դա անհնար կլիներ (ծիծաղում է):

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՄԵՆՔ ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ՇԱՏ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ»

Երգիչ Հայկ Կասպարովը, որը տեւական ժամանակ է` բնակվում է Գերմանիայում, մինչեւ նոյեմբեր իր երկրպագուներին կներկայացնի տեսահոլովակ` նոր երգի հիման վրա: Այն ուրախ, թեթեւ ստեղծագործություն է, կոչվում է «Բարեւ», հեղինակը հենց Հայկն է: Տեսահոլովակը նկարահանվել է Իսպանիայում եւ Գերմանիայում:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով Հայկի ֆեյսբուքյան էջը, նկատեց, որ Կասպարով ազգանվան կողքին հայտնվել է նաեւ Կազեյան ազգանունը. «Դա պապիկիս իրական ազգանունն է, բայց ես չեմ փոխել Կասպարով ազգանունս, շատ եմ սիրում այն, հանդես եմ գալիս միաժամանակ երկու ազգանվամբ»,-պարզաբանեց երգիչը:
Հարցին, թե արդյոք Գերմանիայում բիզնես ունի, թե միայն երգելով է վաստակում, Հայկը պատասխանեց. «Ո՛չ, բիզնես չունեմ, ու թեեւ այստեղ չկան ռեստորաններ, որտեղ ամեն օր երգում են, հիմնականում վաստակում եմ իմ սիրելի գործով զբաղվելով` կոորպորատիվ միջոցառումների եւ համերգների մասնակցելով»:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայկն ունի Հայաստանի հետ կապված գործնական ծրագրեր: Նա նշեց, որ ոչ` հավելելով, որ կոնկրետ պլաններ դեռ չի կազմում. «Այնուամենայնիվ, Հայաստան վերադառնալու, հայրենիքում մշտական բնակություն հաստատելու մասին հաճախ եմ մտածում: Ես մի քիչ անկանխատեսելի եմ, հնարավոր է` մի օր որոշեմ ու գամ ընդմիշտ»,-ասաց երգիչը:
Ինչ վերաբերում է Հայկի անձնական կյանքին, արդեն հայտնի է, որ նա եւ գերմանաբնակ Կարմեն Լուիզան շուրջ երկու տարուց ավել է` ամուսնալուծված են: «Ժողովուրդ»-ը հարցրեց` ինչ հարաբերություններ ունի Հայկը նախկին կնոջ հետ, արդյո՞ք վերջիններս երբեւէ մտածել են միավորվելու, հարաբերությունները վերականգնելու մասին. «Մենք մնացել ենք շատ լավ ընկերներ, բայց միավորվելու մասին խոսք լինել չի կարող»: Նաեւ հետաքրքրվեցինք` արդյո՞ք Հայկն իր կողքին արդեն ունի այն միակին, որի հետ կցանկանար ապրել ողջ կյանքը. «Դրա մասին վաղ է խոսել, թող ամեն բան կատարվի իր ժամանակին: Երբ ամեն ինչ հստակ կլինի, անպայման տեղյակ կպահեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՍԽԱԼ ՀԻՄՆ
Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգեւատրման արարողության ժամանակ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալվել են հիմնը միացնելիս: Հայաստանի հիմնի փոխարեն այլ երաժշտություն է հնչել, սակայն սխալն արագ ուղղվել է:
«Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ դժվար եւ լարված էր ինձ համար»,- ասել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը: «Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությունների: Այս անգամ գիտեի, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք նվաճելու ուրիշ հնարավորություն չեմ ունենա: Բոլոր ուժեղագույն շախմատիստների համար էլ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է: Մեծ հպարտություն է, որ իմ խաղը համեմատում են եւ նմանություն են գտնում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: Բայց նա շատ հանճարեղ է, փորձել եմ նմանվել, բայց ես շատ տաքարյուն եմ»,-նշեց նա: Հիշեցնենք, որ նա կրկնել է հաջողությունը աշխարհի գավաթի խաղարկությունում:
Արոնյանն իրավունք է ստացել մասնակցելու 2018թ. մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին:

 

 

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ՀԱՂԹԵԼ Է
Անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայ-թայը ճանաչել է որպես մարզաձեւ եւ որոշել, որ մուայ-թայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձեւ:
Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղն զբաղեցրած եւ միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցել է «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին եւ միավորներով հաղթել Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին:
Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայ-թայի Եվրոպայի առաջնությանը:

 




Լրահոս