ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ կառավարության մուտքի մոտ հավաքված էին ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչները: Վերջիններս պնդում էին, որ իրենց ապօրինաբար դուրս են հանել իրենց տներից` վճարելով չնչին գումար: Հետագայում նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ այդ տեղանքի բնակիչներին վճարել է մոտ 1000 դոլար, մինչդեռ իրենք ստացել են 200-300 ԱՄՆ դոլար մեկ քառակուսի մետրի համար: Բնակիչները պահանջում են իրենց վճարել այդ տարբերությունը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող է դադարեցվել կենսաթոշակի վճարումը: Ի՞նչը կարող է պատճառ դառնալ:

Լաուրա Հայրապետյան (67 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակառուն`
ա) մահացել է կամ ճանաչվել անհայտ բացակայող. բ) 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չի ստացել. գ) կրկին հաշմանդամ չի ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում. դ) կորցրել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը, եւ լրացել է նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը. ե) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից 1 տարի շուտ կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում. զ) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում. է) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում. ը) ՀՀ հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում. թ) աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին 5 տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում. ժ) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով` լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը 12 ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում. ժա) կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, չի ներկայացել բանկ եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին. Ժբ) կենսաթոշակի գործում կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ: Ի՞նչ է պետք՝ ուսհաստատությունում ուսուցիչ աշխատելու համար:

Միլենա Խաչատրյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018թ. օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ Հայաստանում ուսուցիչների թիվը վերջին 5 տարում նվազել է շուրջ 3 հազարով: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2011-2012 ուստարում հանրակրթական ուսհաստատություններում աշխատել է 41.757 ուսուցիչ, 2012-2013թթ.-ին՝ 40.830 ուսուցիչ: 2014-2015 ուստարում ուսուցիչների թվաքանակը կազմել է 39.018, իսկ արդեն նախորդ՝ 2015-2016 ուստարում՝ 38.690:




Լրահոս