ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց համահայկական ընդվզման իր «ճանապարհային քարտեզը»: Ինչպես հայտնի է՝ Զարուհի Փոստանջյանն այդ նպատակով սկսել է մարզային հանդիպումներ, որի միջոցով փորձում է մարդկանց հորդորել պատրաստվել ընդվզման օրվան: Համահայկական ընդվզման վերջնական նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելն է, որից հետո համահայկական ժողով տեղի կունենա, եւ կձեւավորվի նոր կառավարություն: Սակայն ինչպե՞ս են Զարուհի Փոստանջյանին ընդունում քաղաքացիները. երեկ նա իր կուսակիցների հետ եղել է Կոտայքի մարզում եւ Դիլիջան քաղաքում:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:
-Տիկի՛ն Փոստանջյան, Ձեր մարզային այցեր շարունակվում են, ի՞նչ կարող ենք արձանագրել: Խորհրդարանական ընտրություններից հետո ժողովուրդը պատրա՞ստ է ընդվզման, թե՞ հիասթափված է:
-Ընդհանրապես մենք ընտրությունների մասին չենք էլ խոսել: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կա բեւեռացված երկու կարծիք. մեկը, որ միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու, եւ մեկ այլ բեւեռ էլ կա, որ մի օր պայթելու է: Երկու կարծիքներ են եւ երկուսն էլ ծայրահեղ են: Չեմ կարող միանշանակ ասել, թե որ բեւեռն է գերակշռում, բայց մարդիկ սպասում են փոփոխության: Ճիշտ է՝ կա մտահոգություն եւ հուսախաբություն, բայց դրա հետ մեկտեղ բոլորն ասում են, որ դանակը ոսկորին է հասել:
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք միայնակ գնալ համահայկական ընդվզման: Արդյո՞ք այսպես վերջնական փուլում շատ հետեւորդներ կունենաք:
-Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի հիմնահատակ քանդել այս համակարգը եւ հիմնադրել նոր համակարգ, որը լինի իրոք ազգային համակարգ, ծառայի մեր ազգին, պետություն, որը մեր ազգային նպատակները պետք է սպասարկի: 25 տարվա քաղաքական համակարգն ուղղակի մեզ կեղեքել է, եւ դա ակնառու է բոլոր վայրերում: Մենք կարիք չունենք ինչ-որ մեկի հետ գնալու, քանի որ սա ինչ-որ ուժերի խնդիրը չէ: Սա ազգային խնդիր է, եւ յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի առաջատար, եւ նույնիսկ մենք դեմ ենք, որ ինչ-որ մի խմբակ ինքը լիդերություն իրականացնի: Պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի առաջնորդ:
-«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հայտարարել է, որ որոշակի գործողություններ է սկսելու 2018 թվականի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ: Ինչո՞ւ այդ հարցում չհամագործակցեցիք նրա հետ:
-Դրանք կեղծ հայտարարություններ են: Իրենք ասում են՝ պայքարելու են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Բայց այստեղ համակարգի խնդիրն է, պետք է ապամոնտաժենք համակարգը եւ ստեղծենք նորը:
-Տիկի՛ն Փոստանջյան, սակայն կարծես թե քաղաքական դաշտում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Ձեր նախաձեռնությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Հանգիստ եւ հումորով եմ վերաբերվում նման քննադատություններին: Իմ վերջնական նպատակն այս համակարգից ազատվելն է, քանի որ այս համակարգը եթե մնա, կշարունակի ծնել սերժսարգսյաններ եւ այլ բռնակալներ, եւ այդ պատճառով էլ մեր խնդիրը համակարգից ազատվելն է եւ հիմնադրել այնպիսի համակարգ, որն ունենա հակակշիռների եւ ձգտումների համակարգ:
-Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք դիմել համահայկական ընդվզման: Խորհրդարանական եւ ավագանու ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ժողովուրդը կարծես թե արդեն հարմարվել է իրավիճակին: Չի ուզում փոխել, առավել եւս Ձեր միջոցով:
-Նախ ասեմ, որ մեր քառորդդարյա պատմության մեջ մենք ընտրություններ չենք անցկացրել: Հետեւաբար բոլորս կարիք ունենք ընտրությունների անցկացման եւ կարիք ունենք պայքարի, կարիք ունենք մեր երազած պետության հիմնադրման: Այդ իսկ պատճառով պայքարը պետք է շարունակել, պայքարը պետք է տանել առաջ եւ արձանագրել հաղթանակ: Ես վստահ եմ իմ կատարած աշխատանքի վրա, վստահ եմ, որ ցանկացած աշխատանք, որը կատարվում է կրքով, հավատով, սիրով եւ սառը շրջահայեցողությամբ, ապա դա ունենալու է հաղթանակ:
-Տիկի՛ն Փոստանջյան, օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը բաց նամակ էր հղել, որով պայքարի կոչ էր անում, եւ այն մարդկանց մեջ, ում նա դիմում էր, առկա էր նաեւ Ձեր անունը: Ինչպիսի՞ մասնակցություն կունենաք գործընթացներին:
-Այդ անձանց ես չեմ վստահում եւ չեմ պատրաստվում նրանց հետ որեւէ համագործակցության: Ես չեմ կարծում, որ նրանք կարող են ճիշտ ուղիով տանել ժողովրդին: Այդ ցուցակում նշված անձանցից շատերն իրենք ճանապարհ են անցել եւ ձախողել են: Նրանք եղել են իշխանություն, եւ տեսել ենք՝ նրանք ինչ են անում: Միգուցե այդ մարդիկ դասախոսություններ կարդան երիտասարդների համար քաղաքական իրենց ուղու վերաբերյալ: Ես մերժում եմ իրենց հետ ցանկացած տեսակի համագործակցություն եւ կարծում եմ, որ առհասարակ նրանք չպետք է լինեն քաղաքականության մեջ: Արհեստական միավորումների կարիքը չկա, ընդհակառակը, պետք է մեր ազգը դառնա առաջատար այդ գործընթացների մեջ:

 

 

 

 

ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Արդեն տեւական ժամանակ է՝ ինչ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Հայաստանում արգելվելու են աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկ) ավտոմքենաների շահագործումը: Որպես հիմնավորում ներկայացվում էր, թե աջակողմյան մեքենաները նախատեսված չեն Հայաստանում, նաեւ շատ են նման մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը:

Ի վերջո, ինչ է իրականում նախատեսված, եւ արդյո՞ք աջ ղեկով մեքենաները կարգելվեն Հայաստանում: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այժմ խորը ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար, թե ինչն է նպաստում ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը:
«Իրականում ուսումնասիրություններ են կատարվում, բայց ոչ միայն աջ ղեկով մեքենաների մասով, այլ առհասարակ բոլոր պարամետրերով են ուսումնասիրություններ կատարվում, որպեսզի հասկանանք, թե ինչն է նպաստում ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը: Այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ իրականացվում է պետական քաղաքականություն: Առայժմ կարող եմ ասել, որ ամեն ինչ ուսումնասիրության փուլում է, որի արդյունքներով էլ կլինեն հետագա քայլերը», – նշեց Խաչատրյանը:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը մեզ հետ զրույցում նշեց, թե առայժմ աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին խոսակցություններ չկան, եւ դեռեւս դրանք չեն արգելվի: «Առայժմ չենք արգելի, նման բան չկա, սակայն ինչպես նշեցի, հիմա բավականին խորն ուսումնասիրություններ են անցկացվում, որպեսզի պարզենք՝ արդյո՞ք դրանք նպաստում են ավտոտրանսպորտային պատահարների առաջացմանը, կամ արդյո՞ք երթեւեկության մեջ խոչընդոտներ են առաջացնում, թե ոչ: Սյդ ամենը դեռ խոսակցական մակարդակի մեջ է, իսկ արդյունքներն էլ կհրապարակվեն», – հավելեց նա:
Հավելենք նաեւ, որ երեկ ոստիկանությունում ամփոփվեցին նախորդ 8 ամիսների կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին վիճակագրական տվյալներ: Համաձայն ներկայացված վիճակագրական տվյալների՝ 2017 թվականի ութ ամիսների տվյալներով՝ մահվան ելքով ավտոտրանսպորտային պատահարների թիվը 109 է եղել, դրանցից բացահայտվել է 106-ը: Այս թիվը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 12 դեպքով:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ
Երեւանի վարչական շրջանի ղեկավարների փոփոխությունների մեկնարկը տրված է: Առաջին «զոհն» էլ դարձավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը: Այն, որ վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ լինելու էր, վաղուց էր խոսվում. ընտրություններից հետո փոփոխություններն անսպասելի չեն: Անսպասելի չէ նաեւ առաջին «զոհը»: Բոլորին է հայտնի, որ այդ վարչական շրջանը մշտապես գտնվել է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր Միհրան Պողոսյանի տիրապետության տակ, եւ Արտակ Հանիսյանն էլ նրա մարդկանցից է եղել եւ ժամանակին աշխատել «Քեթրին-Գրուպ» ԱՊԸ-ում: Միհրան Պողոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լարված հարաբերությունների մասին էլ մշտապես խոսվել է, եւ Տարոն Մարգարյանը փորձում է այդ համայնքն ազատել Միհրան Պողոսյանի տիրապետությունից: Երեկ վարչական շրջանի նախկին ղեկավարը չցանկացավ մեկնաբանել իր հրաժարականը՝ ասելով, թե հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել. նա պարզապես ասելիք չուներ:

 

 

ՀԱՑԸ ԷԼԻ ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները գնալով նվազում են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հունվար, օգոստոս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այս տարի արտադրվել է 182 հազար 400 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 186 հազար 900-ի դիմաց: Հացի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած` այն արտագաղթի հետեւանքների արտահայտությունն է: Ի վերջո, սա այն եզակի մթերքներից է, որ գործածում է յուրաքանչյուր ընտանիք: Ու հիմա, երբ նվազում է հացի արտադրությունը, նշանակում է՝ նվազում է նաեւ հաց սպառողը, երկրի բնակիչը:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ»
Մի շարք քաղաքացիներ կրակն են ընկել «Հայբիզնեսբանկի» ձեռքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Արտավազդ Խաչատրյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի «Հայբիզնեսբանկին» գրավի իրավունքը դադարած համարի եւ որպես հետեւանք` սեփականության իրավունքը վերականգնի: Նկատենք, որ Արտավազդ Խաչատրյանը միակ քաղաքացին չէ, որ դիմելով դատարան՝ պահանջում է, որ բանկին ստիպեն գրավի պայմանագիրն անվավեր ճանաչի: Տեղեկացանք, որ նույն հայցով դատարան է դիմել Նունե Պետրոսյանը: Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ գումարը մուծել են, բանկը արգելանքը չի հանում, եւ ընկնելով դատարանի դռները՝ այդ ճանապարհով են փորձում իրենց իրավունքները վերականգնել:

 




Լրահոս