Հաջորդ տարի Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա առնվազն 730-ով. սա միայն պետական ապարատում նախատեսված հաստիքների կրճատման հետեւանքով: 2018թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ այժմ գործող 18 հազար 171 հաստիքի փոխարեն հաջորդ տարի նախատեսված է ունենալ 17 հազար 440-ը: Կադրային «ջարդը» հետեւանք է սահմանադրական փոփոխությունների, նաեւ բյուջետային ծախսերը խնայելու անվան տակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման:
Եւ այսպես՝ հաստիքների մեծ կրճատում է սպասվում նախագահի աշխատակազմում. հաջորդ տարվա ապրիլից 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Միաժամանակ նախատեսված է նվազեցնել ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 67-ից դարձնելով 25 հատ: Ինչպես հայտնի է՝ 2018թ. կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի: Թեեւ կպահպանվի նախագահի պաշտոնը /նրան կընտրի խորհրդարանը/, բայց էապես կնվազեն վերջինիս լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին: Արդյունքում` նախագահականում կնվազի 159 հաստիք: Հաստիքների կրճատում է սպասվում նաեւ ԱԺ-ում. գործող 810 հաստիքից հաջորդ տարի կմնա 732-ը: Սա եւս նոր Սահմանադրության «հետեւանքն է». նախկինում ԱԺ պատգամավորների թիվը 131-ն էր, բացի այդ՝ պատգամավորները կարող էին ունենալ վճարովի հիմունքներով օգնական, կար նաեւ 12 մշտական հանձնաժողով` իր փորձագետներով: Մինչդեռ հիմա պատգամավորների թիվը 105-ն է, պակասել է մշտական հանձնաժողովների թիվը, այնպես որ, պակասելու է նաեւ ԱԺ աշխատակիցների թիվը:
Իսկ ահա գործադիրում սպասվող կառուցվածքային փոփոխությունների պաշտոնական պատճառը պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի օպտիմալացումն է: «Պետական կառավարման ապարատի առավել օպտիմալ կառուցվածք ձեւավորելու ճանապարհով նախատեսվում է ունենալ առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Այդ կապակցությամբ նախատեսվում է հստակեցնել տնտեսության յուրաքանչյուր ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մշակման եւ գործառույթների իրականացման համար պատասխանատու մարմիններին, խմբավորել եւ կանոնակարգել նրանց գործառույթները՝ ըստ առանձին ոլորտների եւ խուսափել դրանց հնարավոր կրկնություններից»,- նշված է 2018թ. բյուջեի ուղերձում: Միայն թե, նկատենք, չնայած օպտիմալացմանը, ծախսերի կրճատման խոստումներին՝ կառավարությունը նախատեսել է հաջորդ տարի ավելացնել պետական համակարգի պահպանման համար պետական բյուջեից տրամադրվող գումաները: Այս տարվա 88.6 մլրդ դրամի փոխարեն հաջորդ տարվա բյուջեով պետական ապարատի պահպանման համար նախատեսված է տրամադրել 89.6 մլրդ դրամ: Այդ գումարից 57.2 մլրդ դրամն ուղղվելու է աշխատավարձերին՝ այս տարվա 56.9 մլրդի փոխարեն: Կառավարությունը նախատեսել է ավելացնել նաեւ պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար նախատեսած գումարը. եթե այս տարի այդ նպատակով նախատեսված է եղել 728.3 մլն դրամ, հաջորդ տարի այդ թիվը կկազմի 774 մլն: Ավելացվելու է նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարը՝ 2.1 մլրդից դարձնելով 2.3 մլրդ դրամ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հաստիքների լուրջ կրճատում է սպասվում ՊԵԿ-ում. այստեղ աշխատողների թիվը պակասելու է 483-ով: Նախարարություններից ամենաշատը «տուժելու է» ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այստեղ պակասեցվելու է 181 հաստիք. աշխատողների թիվը 406-ից կդառնա 225: Սա տեղի կունենա հիմնականում բնապահպանական պետական տեսչության լուծարման արդյունքում: Ի դեպ, դրա հետեւանքով կրճատվելու է նախարարության ծառայողական ավտոմեքենաների թիվը 19-ով: Նվազելու է առողջապահության նախարարության հաստիքների քանակը` 152-ով, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում պակասելու է 38 հաստիք, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում` 21 հաստիք, արտակարգ իրավիճակների նախարարությունում` 10 հաստիք, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում` 6 հաստիք, սփյուռքի նախարարությունում` 7 հաստիք, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում` 4 հաստիք:
Մյուս կողմից, չնայած օպտիմալացման այս գործընթացին, կառավարության աշխատակազմում եւ մի շարք նախարարություններում ծրագրել են հաստիքներ ավելացնել: Կառավարության աշխատակազմի աշխատակիցների թիվը վարչապետը նախատեսել է ավելացնել 6-ով. այս մասին որոշումը կայացվել էր դեռ 2017թ. ամռանը: Բացի այդ՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների թիվը կավելանա 40-ով, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում` 58-ով, քաղաքաշինության պետական կոմիտեում` 24-ով: ՄԻՊ լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ՝ ավելանալու է ՄԻՊ աշխատակազմի թիվը` 27-ով, եւ, վերջապես, ավելանալու է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցների քանակը. այստեղ առանձին աշխատակազմ է ձեւավորվելու:
Ահա այսպես է կառավարությունը օպտիմալացնում պետական համակարգը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՂԱԶԱԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, ըստ պաշտոնական հայտարարագրի, տուն չունի, բայց բավական հարուստ է. ունի մեկ հատ «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա, որը վարելիս հաճախ է սիրում Ֆեյսբուք ուղիղ եթեր մտնել կամ սելֆիներ տեղադրել: Խորհրդականի դրամական միջոցները կազմում են 6 հազար 294 դոլար, 20 եվրո, 5 մլն 963 հազար դրամ եւ 5.5 մլն ղազախական տենգե: Բացի այս՝ պարզվում է, որ Տերտերյանը երեք ընկերություններում ունի 21 մլն 810 հազար ղազախական տենգեի բաժնեմաս: Իսկ փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 145 մլն դրամ եւ 57 մլն ղազախական տենգե: Խորհրդականի աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է ավելի քան 500 հազար ղազախական տենգե: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է տրված փոխառություններից ստացած 5 մլն 661 հազար դրամը եւ 824 հազար 366 ղազախական տենգեն:
ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎՈ՞Ր
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանին գործուղել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Սասնա ծռեր» խմբավորման գործը քննելու: Ավելին՝ նույն դատարան է գործուղվել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, եւ չի բացառվում, որ «Սասնա ծռերի» գործով առանձնացված մյուս մասն էլ հանձնեն նրան: Ինչ վերաբերում է ներկայիս դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա նրա նկատմամբ դժգոհություն կա, եւ նա կամաց-կամաց հեռանում է. պատահական չէ, որ օրերս Գաբրիելյանը դիմում գրեց, որ իրեն բաշխվելիք գործերը սահմանափակեն, նաեւ առողջական պատճառներով նա ընդհատել էր «Ծռերի» գործով դատաքննությունը եւ ընդմիջում էր վերցրել:
ԲՈՒՌՆ ԲԱՆԱՎԵՃ
Ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ աղմուկն այդպես էլ չի դադարում: Ռուսաց լեզվի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակումը երեկ բուռն քննարկման առարկա է եղել Հանրային խորհրդում: Մինչ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը փորձել է պաշտպանել նախաձեռնությունը, ՀԽ անդամներն անխնա հակափաստարկներ էին ներկայացնում: Հարցն այդպես էլ քվեարկության չի դրվել, եւ քննարկման մասնակիցները նախարարին խորհուրդ են տվել ռուսերենի առանձին հայեցակարգ մշակելուն զուգահեռ նաեւ անգլերենի հայեցակարգ մշակել: Հիշեցնենք, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս դժգոհել էր այդ հայեցակարգից՝ ասելով. «Ես կարծում եմ, որ իսկապես օտար լեզուներից կարելի էր առանձնացնել, բայց ոչ թե ռուսերենը միայն, այլ ռուսերենն ու անգլերենը: Եթե ռուսերենը մեր կոմունիկացիայի լեզուն է ԵՏՄ-ում եւ նախկին սոցիալիստական ճամբարում, ապա աշխարհի համար խոսակցական կոմունիկացիոն լեզուն անգլերեն է, եւ չէր կարելի առանձնացնել միայն ռուսերենը»:
ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում՝ հոկտեմբերի 3-ին: «Նախագիծը «Ելք» խմբակցության որոշմամբ ճանաչվել է արտահերթ եւ քննարկվելու է երեքշաբթի մեկնարկող ԱԺ լիագումար նիստում: Քննարկման մեկնարկը՝ 12:00-ին»,-նշել է պատգամավորը:
ՓԱՅԼԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան այցի տպավորություններով կիսվել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի հետ: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են հայ-թուրքական հարաբերություններից, ինչպես նաեւ` Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակի մասին: Նա հանդիպումների ընթացքում շեշտել է, որ անկախ սահմանների փակ լինելուց՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունն այլեւս անհրաժեշտություն է, եւ Թուրքիայում կան բավականին լայն շրջանակներ, որոնք կաջակցեն դրան: «Ինքս իմ կողմից կանեմ հնարավոր ամեն բան»,- խոստացել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:
ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնին Հայաստան կատարած իր այցելության մասին տեսաուղերձ է տարածել, որում ասվում է. «Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երեւան: Տարածաշրջանային անչափ կարեւոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս ես վստահեցրի կառավարությանը, որ մենք ցանկանում ենք այնտեղ տեսնել տեւական, խաղաղ լուծում եւ վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր աշխատում են այս ուղղությամբ: Ես շատ ուրախ էի Հայաստանում գտնվել: Շնորհակալություն» (հայերենով):
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 29-ի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ ազատելով նրան ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: