ԱՌԱՆՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՏՄ-Ն ԿՓԼՈՒԶՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը որքան էլ բնույթով աշխարհաքաղաքական միավոր է, դրա առաջնային բաղադրիչը տնտեսական գործակցությունն է: Հենց այդ առաջնահերթությունների շուրջ են ի սկզբանե համախմբվել եվրոպական տերությունները՝ աստիճանաբար միասնական ճակատով քաղաքական հավակնություններ ցուցաբերելով: Սակայն այսօր արդեն նկատելի է եվրոպական ինստիտուտների դեմ համընդհանուր թերահավատությունը, որի դեմ հանդես գալու քայլեր են մշակում Ֆրանսիան ու Գերմանիան:

Եվրամիության ներսում ներկայումս գոյություն ունեցող խնդիրները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին: Այդ շարքում առաջնահերթ նշանակություն են ստացել ինչպես փախստականների, այնպես էլ տնտեսական կարգավորումների հարցերը: Հաճախ ԵՄ-ի արեւմտյան երկրների քաղաքացիները չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է իրենց վճարած հարկերի միջոցով ստացված ֆինանսական միջոցները ուղղվեն, օրինակ, Հունաստանի տնտեսությունը փրկելուն: Սակայն շարքային քաղաքացիների մի ստվար զանգվածն էլ չի պատկերացնում, որ իր ստացած բարձր աշխատավարձերի աղբյուրը հենց ԵՄ-ի պես միավորի առկայությունն է եւ տեղական արտադրության համար անհամեմատ ավելի դյուրին պայմանների կազմակերպումը: Այսինքն՝ գործ ունենք շղթայականորեն փոխկապակցված երեւույթների հետ: Սակայն տարիների ընթացքում ԵՄ-ից դժգոհություններն ավելի են սաստկանում՝ ազդելով պետությունների ներքին քաղաքական իրավիճակի վրա: Դրանց արդեն իսկ զոհ գնաց Միացյալ Թագավորությունը, հազիվ խուսանավեց Ֆրանսիան, նկատելիորեն ազդվեց Գերմանիան:
Եվ ահա եվրոպական նոր ընտրախավը փորձում է լուծել միության վերափոխումների խնդիրը, ինչի առաջամարտիկը այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է: Օրերս նա Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիոլիի հետ երկու երկրների հարաբերությունների հստակեցման ու ԵՄ-ի ապագայի շուրջ գագաթնաժողով անցկացրեց: Երկու պետությունների ղեկավարները համաձայնության եկան մի շարք անհանգստացնող հարցերի շուրջ, որ վաղուց ի վեր ազդում էին ֆրանկո-իտալական գործակցության վրա: Նրանց գագաթնաժողովի կենտրոնական հարցը վերաբերում էր առեւտրային համագործակցությանն ու ինչ-որ տեղ մրցակցությանը եւ դրանով պայմանավորված՝ ԵՄ-ի ճակատագրին: Հետաքրիքր է, որ տարաձայնություններ ունենալով հանդերձ՝ երկու երկրների առաջնորդները մի կողմ են դրել մասնավոր շահերը՝ կենտրոնանալով ԵՄ-ի նորացման հարցերի վրա: Շեշտվել է տնտեսական ճգնաժամերի ու քաղաքացիների վրա դրանց ազդեցության հարցերը, որոնք, լուծված չլինելով, Եվրոպայում սանձազերծում են ծայրահեղականությունը:
Մակրոնը հայտարարել է, որ ֆրանկո-իտալական գագաթնաժողովից հետո իր մտքում եղած գաղափարները ԵՄ-ի նորացման շուրջ աստիճանաբար գործնական ընթացք են ստանում: Նա, Փարիզի Սորբոնի համալսարանի ուսանողների առաջ հատուկ ելույթ ունենալով Եվամիության ճակատագրի ու դրա վերափոխման մասին՝ առանձնացրել է մի քանի բնագավառներ, որոնք հրատապ փոփոխությունների կարիք ունեն: Ի մասնավորի՝ Ֆրանսիայի նախագահը պատկերացնում է եվրոյի համար հատուկ բյուջետային ու արժութային նախարարության հիմնումը, որը կզբաղվի տնտեսական գոտու կայունության ապահովման հարցերով: Նա կարեւորել է նաեւ ԵՄ-ի կազմում քաղաքացիական ապաստան տրամադրելու նոր մեխանիզմների ու մարմնի ստեղծումը, որն ավելի արդյունավետորեն կհամակարգի նշյալ ոլորտը՝ ազատելով անօրինական ներգաղթի դժվարություններից: Ֆրանսիայի նախագահը հատուկ հնչեցրել է Եվրոպայի պաշտպանունակության հարցը՝ պաշտոնապես բարձրացնելով ԵՄ-ի միասնական զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունը: Մակրոնի համոզմամբ՝ Եվրոպան կարիք ունի միասնական ռազմական ուժերի, դրանց պահպանման համար հատուկ բյուջեի ու ռազմավարության: Ակնհայտ է, որ արեւմտյան աշխարհաքաղաքական ազդեցության գոտում լիդերի հավակնություններ ունեցող Մակրոնը փորձում է այլընտրանք գտնել ԱՄՆ-ի ռազմական պաշտպանությանը: ԱՄՆ-ի հովանոցի ներքո գտնվող Եվրոպան ստիպված է այսօր հայացք ձգել արեւմտյան կիսագունդ, որպեսզի երաշխավորի իր անվտանգությունը, իսկ ԱՄՆ-ն էլ կարող է ցանկացած պահի խուսափել այդ պարտավորությունների կատարումից՝ սպառնալիք ստեղծելով եվրոպական անվտանգության համար: Եվ ահա հատկապես Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո Եվրոպայում է՛լ ավելի սաստկացան սեփական ռազմական ուժեր ունենալու նկրտումները: Արդ, Մակրոնը աստիճանաբար գործնական հողի վրա է դնում Եվրոպայի անկախությունը:
Հայաստանն այսօր մաս է կազմում ԵՏՄ-ին, որը ռուսական ազդեցության գոտու սոսկ տնտեսական բաղադրիչն է: Պարզ է, որ քաղաքականապես ու ռազմական առումով ռուսական ազդեցության գոտում ծվարած Հայաստանը հազիվ թե հաջողեցներ փախչել ԵՏՄ-ի ճիրաններից: Սակայն նույնիսկ նման պայմաններում է հնարավոր խոսել չնչին տնտեսական զարգացման մասին, եթե, իհարկե, ԵՏՄ-ի, Հայաստանի ու միության մյուս երկրների իշխանություններն իրենց առաջ տնտեսական զարգացման խնդիրներ դնեին: Պարզապես անհնար է, որ օլիգարխիկ տնտեսությամբ, հեղձուցիչ մենաշնորհներով ու օրենքների ընտրողական կիրառությամբ պետությունները միասնական միության պայմաններում կարողանան հաջողություններ արձանագրել ի շահ իրենց քաղաքացիների: Իսկ ԵՏՄ-ի մաս կազմող պետություններում իշխանությունը ձեւավորված է ոչ օրինական ճանապարհով, ներսում մոլեգնում է ամենաթողությունն ու պետության հավաքական բարիքը տնօրինվում է կոնկրետ խմբի կողմից: Եթե Եվրոպական միության անդամ երկրներում տիրապետողը շուկայական ազատ հարաբերություններն են, իսկ ապօրինությունները՝ հատուկենտ են ու պատժելի, ապա ԵՏՄ-ի երկրներում տնտեսական ողջ կյանքը կառուցված է հովանավորչության վրա: Այս իրավիճակում բնական է, որ ԵՏՄ-ի ղեկավարները դրական փոփոխությունների մասին չմտածեն էլ, քանզի դրանք առաջին հերթին երկրների ներսում պիտի կատարվեին եւ ապա նոր կրեին միութենական բնույթ: Բայց ինչ պահանջես երկրների միությունից, որի հիմքը կոռուպցիան է, եւ առանց որի այն միանգամից կփլուզվի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում ուղեւորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են:

Փոխարենը նույն ժամանակահատվածում 2.5 տոկոսով ավելացել են երկաթուղային տրանսպորտով փոխադրումները: Իսկ ահա օդային տրանսպորտով փոխադրումների ծավալները ավելացել են 25.5 տոկոսով: Նկատենք, որ օդային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների ավելացումը պայմանավորված է եղել սեզոնով: Այսինքն՝ հիմնականում ամռան ամիսներին հանգստի մեկնելու նպատակով քաղաքացիների զգալի մասը նախընտրում է օդային ճանապարհը: Սակայն սրան զուգահեռ՝ նկատենք, որ այս տարվա 9 ամիսներին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 4.1 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Ուշագրավն այն է, որ ավտոմոբիլային փոխադրում իրականացնող տաքսիների ուղեւորներն են զգալի նվազել: ԱՎԾ տվյալներով՝ տաքսիներից օգտվող ուղեւորները նվազել են 13.8 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսներին տաքսիներից օգտվել է 5 մլն 38 հազար 400 մարդ: Բայց էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները, հակառակը, ավելացել են 1.7 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Պաշտոնական տվյալներով՝ մետրոյից այս տարվա հունվար-օգոստոսին օգտվել է 13 մլն 715 հազար 900 մարդ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԲԱԶՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՎ
Նոյեմբերի 5-ին խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են սպասվում: Այդ խոշոր համայնքը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր:
Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը կկատարվի, վերջիններս պահանջվող փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով կներկայացնեն հոկտեմբերի 1-6-ը, թեկնածուների գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 6-11-ը, ընտրությունների քարոզարշավի ժամանակաշրջանը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 3-ն է:
Թեեւ պաշտոնապես թեկնածուների առաջադրումը չի սկսվել, սակայն Բերդի տարածաշրջանում շրջանառվում է խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածուի 3-4 անուն: Ընտրություններին մասնակցելու է Բերդի քաղաքապետ, 2012թ. սեպտեմբերի 23-ից Բերդ քաղաքը ղեկավարող Հարություն Մանուչարյանը: Ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը: Վերջինս Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի հայրն է: Ըստ տեղեկությունների՝ իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ Արծվաբերդ համայնքի ղեկավար Կարեն Շահնազարյանը: Նա մի տարի առաջ՝ 2016թ. սեպտեմբերի 18-ին է ընտրվել 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ համայնքի ղեկավար: 34-ամյա, չամուսնացած Կ. Շահնազարյանն այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նա անկուսակցական է: Որպես թեկնածու շրջանառվում է նաեւ 2500 բնակիչ ունեցող Այգեձոր համայնքի ղեկավար, 2002 թվականից Այգեձորը ղեկավարող Սասուն Սաֆարյանի անունը: Վերջինս նույնպես անկուսակցական է: Ս. Սաֆարյանին հարցրինք, թե արդյո՞ք նա Բերդ համայնքի ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը, պատասխանեց, որ դեռ չի որոշել, դա քիչ հավանական է, իր թեկնածությունն առաջադրելու համար որոշ խնդիրներ պետք է պարզաբանվեն՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը:
Այսպիսով՝ մինչեւ ընտրություններ բավական ժամանակ կա, Բերդ համայնքի ղեկավարի նոր թեկնածուներ կարող են ի հայտ գալ, թեկնածուներից ոմանք իրենց որոշումը կարող են փոխել եւ հրաժարվել պայքարից: Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրություններում թեժ պայքար է լինելու: Որոշ թեկնածուների սատարելու են Բերդի տարածաշրջանից սերված, ներկայումս Երեւանում կամ Ռուսաստանում բնակվող գործարարներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս