ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՉԱՓԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախօրեին հաստատեց 2018 թվականի բյուջեի նախագիծը: Իր կանխատեսումներում գործադիրը բարձրացրել է տնտեսական աճի ցուցանիշը. հաջորդ տարվա համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Արդյո՞ք իրականություն կդառնան կառավարության կանխատեսումները, թե՞ ոչ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, 2018 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը խոստացել է 4.5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Բայց այդ կանխատեսվող տնտեսական աճը կառավարությունը պայմանավորում է ռուսական տնտեսության բարելավմամբ եւ պղնձի գների բարձրացմամբ: Որքանո՞վ է դա իրատեսական:
-Դա իրատեսական է, որովհետեւ պղնձի գները իջել էին, հիմա դրանք փոքր-ինչ բարձրանում են: Իսկ ռուսական էկոնոմիկան արդեն մեկուկես տարի առողջանում է ավելի արագ տեմպերով, քան արժույթի միջազգային հիմնադրամն էր կանխագուշակել: Եթե մենք մեր արտահանման կառուցվածքը նայենք, ապա կարձանագրենք, որ 1.2-1.3 մլրդ դոլարը մեր արտաքին առեւտուրն է Ռուսաստանի հետ: Եթե գազը եւ ՌԴ-ից բերվող ապրանքները հանենք, ապա արտահանվող մասը մոտավորապես կազմում է 300-400 մլն դոլար: Հիմա ՌԴ-ն պահանջարկ ունի պահածոների, խմիչքների, բանջարեղենի: Եթե նշված ապրանքատեսակների արտահանումը խթանվի, ապա այն մեծ դերակատարություն կունենա մեր տնտեսության մեջ: Զուգահեռ մենք էլ դիֆերսիկացրել ենք մեր շուկաները. սկսել ենք արտահանումներ իրականացնել դեպի Իրաք, Շվեյցարիա, Քուվեյթ, հեռանկարներ կան, որ պատերազմն ավարտվի, Սիրայի հետ էլ Հայաստանը կաշխատի:
-Մյուս կողմից, հաջորդ տարի ոչ միայն չեն բարձրանալու թոշակները, նպաստները, աշխատավարձերը, այլեւ հակառակը` այդ ոլորտին տրվող հատկացումներն են նվազեցվելու…
-Ես միշտ ասել եմ` վերջին մի քանի տարիներին մեր բյուջեի 1/3-ը կազմում են սոցիալական պաշտպանության ծրագրերը: Մենք վերածվել էինք իսկապես խորը սոցիալական պետության: Ճիշտ է՝ մենք սահմանադրորեն հռչակել ենք սոցիալական պետություն, բայց բյուջեի 1/3 տալ սոցիալական պաշտպանությանը, նշանակում է, որ մեր էկոնոմիկան, հետեւաբար մարդիկ այդքան առողջ չեն՝ ծերեր, հիվանդություններ, դեպքեր, սոցիալական պաշտպանության ծրագրեր, գործազրկություն, աղքատ ժողովուրդ… Հիմա եթե մենք էկոնոմիկան զարգացնում ենք, բնականաբար գործազրկությունն էլ, աղքատությունն էլ կսկսեն նվազել, եւ դրանց վրա ծախսվող գումարները կուղղվեն այլ ոլորտներ:
-Բայց հաջորդ տարի ակնկալվում է 4 տոկոս գնաճ: Այս իրավիճակում, երբ թոշակը, աշխատավարձը չեն բարձրանալու, ապա մարդիկ հաջորդ տարի ավելի վատ են ապրելու:
-Գնաճը պայմանավորված կլինի նաեւ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով, որը սկզբունքորեն սահմանված է: Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը Ձեր նշած բոլոր խնդիրները կոմպեսացնի, գերազանցի:
-Պարո՛ն Մակարյան, ՀՀ իշխանությունները նախատեսել են 2018 թվականին պետական պարտքը հասցնել 7 մլրդ դոլարի: Այդ բեռին ինչպե՞ս ենք դիմանալու:
-Պետական պարտքը չեմ համարում այդքան սարսափելի: Եթե տնտեսական աճ կա, ապա ՀՆԱ-ն մեծանում է: Միշտ արտաքին պարտքը հաշվվում է ՀՆԱ-ի նկատմամբ, իսկ ռիսկային սահմանը 60 տոկոսն է: Այժմ ՀՆԱ-ի` 10.5 մլրդ դոլարի մեջ 6 մլրդ դոլարն է սահմանը, 60 տոկոսը: Բայց եթե մենք հաջորդ տարի 4 տոկոս աճ ենք ունենում, ենթադրենք 11-11.5 մլրդ դոլարի չափով, ապա դրա 60 տոկոսն արդեն կկազմի 6.6 մլրդ դոլարը: Այսինքն՝ մենք կարող ենք 600 մլն դոլարի պարտք ավելացնել, եթե կարիք լինի, բայց կարող է եւ չլինի: Քանի որ կառավարությունը ձգտում է իր մուտքերի եւ ծախսերի մասը բալանսավորել: Նաեւ հաջորդ վերջին ռեսուրսն է հարկերի լավ հավաքումը:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրճատելու է սոցիալական ոլորտի ծախսերը: Եթե այս տարի սոցիալական ոլորտի համար հատկացրել 409 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի ցանկանում են հատկացնել 408.6 մլրդ դրամ: Նվազեցվելու են նաեւ առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները. այս տարի առողջապահական նպատակներով հատկացվել է 85.9 մլրդ դոլար, իսկ ահա հաջորդ տարվա բյուջեում այս ոլորտին 80 մլրդ դրամ է նախատեսված հատկացնել: Արդյոք այս ամենի արդյունքում կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքը, ցույց կտա ժամանակը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2017թ.` նոր ուստարվանից ԵՊՀ-ում փոխվել է ուսանողների գիտելիքների գնահատման գործընթացի կազմակերպումը: Նախկինում ուսանողի ներկայության համար տրվող 2 միավորն այլեւս չի լինելու: Ըստ այդմ, այն դասընթացների գնահատականները, որոնք ամփոփվելու են եզրափակիչ գնահատումով, ձեւավորվելու են կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվելու է առավելագույնը 5 միավոր (նախկին 4-ի փոխարեն), եւ եզրափակիչ քննության արդյունքից, որը կարող է գնահատվել առավելագույնը 10 միավոր: Իսկ ահա առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվելու է կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներով, որի վերջնական գնահատականը ձեւավորվելու է կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 10 (նախկին 9-ի փոխարեն) միավոր:

 

 

ՀՐԴԵՀ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 29-ին մայրաքաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ ԲՊԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել: Պարզվել է, որ լաբորատորիայի պահեստում այրվել են քիմիական նյութեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը եւ ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Մ. Ուլիկյանը:

 

 

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
ArmLur.am-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած տրոլեյբուսի վթարից տուժած երիտասարդ տղան դուրս է գրվել: Նշենք, որ նշված հիվանդանոցում 6 հոգի բուժում է ստանում, նրանցից 4-ը գտնվում են կայուն ծանր վիճակում, մեկը հետազոտման փուլում է, իսկ մյուսն արդեն դուրս է գրվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Երեւանի Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուս էր վթարի ենթարկվել, որի հետեւանքով վիրավորներ կային:

 

 

ՆՈՐԱԾԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Սեպտեմբերի 27-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց դիմել է 1984թ. ծնված մի կին, որը իրենց մոտ է տեղափոխվել ծննդաբերելուց հետո, սակայն առանց երեխայի: Նա գտնվել է 36-37 շաբաթական հղիության փուլում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ նյութեր են նախապատրաստվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նույն օրը կինը իրենց տան պատշգամբում ծննդաբերել է, ինչից հետո կնոջ մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը: Երեխան մահացել է:

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 4-ին հատկապես գիշերը եւ երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 4-ին հատկապես գիշերը եւ երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

 




Լրահոս