ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԽԱԲԵՑ» «ՇԱՐՄԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային ծրագիրը, որը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում, չեղարկվել էր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել էր համերգի կայացումը` ձեւակերպելով, թե համերգը համաձայնեցված չի եղել մշակույթի նախարարության հետ:

«Ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որեւէ համերգի կազմակերպման մասին: Կազմակերպիչը մեր ՊՈԱԿ-ին կամ մեզ որեւէ կերպ տեղյակ չի պահել: Ո՛չ ունենք պայմանագիր, ո՛չ ունենք պայմանավորվածություն»,-լրագրողների հետ զրույցում պատճառաբանել էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նշենք, որ համերգի կազմակերպչական հարցերով զբաղվում էր «Շարմ Հոլդինգ» ընկերությունը։ Վերջինս, սակայն, հանդես էր եկել մի պարզաբանմամբ` համերգի չեղարկման պատճառը տանելով բոլորովին այլ հարթություն: Հոլդինգից մատնանշել էին երկու պատճառ` օդերեւութաբանների կանխատեսումներն ու ոչ բավարար քանակով տոմսերի վաճառքը. «Տոմսերի վաճառքը դեռ նոր էր սկսվել եւ լիարժեք չէր իրականացվել, հետեւաբար բոլոր հանգամանքները հաշվի առնելով` համերգը տեղափոխվեց»,-ասված է հայտարարության մեջ:
Արծրունին ինքը նշել էր, որ համերգից ընդամենը 3 օր առաջ հոլդինգի ներկայացուցիչն իրեն հայտնել էր, որ միջոցառումը տեղի չի ունենա։ Իսկ դրանից մեկ օր առաջ խորհրդավոր հեռախոսազանգ էր եղել ՊՈԱԿ-ից՝ Արծրունուն եւ «Շարմին»։ Երգահանը շեշտել էր, որ 2014-ին Զվարթնոցում տեղի ունեցած սրբապղծությունից հետո (երբ գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգն» այդտեղ հարսանիք էր կազմակերպել) ինքը նպատակ ուներ Մաշտոցի շարականներով մաքրել այդ սրբապղծությունը: Բոլոր այս փաստերի ֆոնին, սակայն, ի հայտ են գալիս բազմաթիվ հարցականներ: Նախ՝ ինչպես նկատեցինք, մշակույթի նախարարության եւ «Շարմ հոլդինգի» պատճառաբանությունները տարբեր հարթություններից էին եւ ոչ մի կերպ չէին խաչվում միմյանց հետ:

Տարակուսելու տեղիք
Նախ` ինչպե՞ս է համերգի կազմակերպիչը տոմսեր վաճառել կամ գովազդային արշավ սկսել այն դեպքում, երբ մշակույթի նախարարության հետ նախապես ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել: Երկրորդ` եթե նախարարությունը մատնանշում է պայմանագրի բացակայության հանգամանքը, ինչո՞ւ է «Շարմը» իր հայտարարության մեջ շրջանցում դա: Երրորդ` ինչպե՞ս է «Շարմը» բերում ոչ բավարար քանակով վաճառված տոմսերի վարկածն այն պարագայում, երբ նախորդ օրերի ընթացքում տոմսերի վաճառքի դինամիկան հստակ ֆիքսվել է, ավելին` կան տվյալներ, որոնք փաստում են, որ բավարար քանակով տոմսեր արդեն իսկ վաճառված եղել են:

Ամենահնարավոր վարկածները
Եթե «Շարմը» իր հայտարարության մեջ չշրջանցեր պայմանագրի բացակայության հանգամանքը, կա՛մ պետք է ասեր. «Այո՛, մշակույթի նախարարությունը ճիշտ է ասում, պայմանագիր չի եղել, եւ համերգի չեղարկման մեղավորը մենք ենք», կա՛մ հակառակը. «Ո՛չ, նախարարությունից ստում են, պայմանագիր կամ պայմանավորվածություն եղել է, եւ համերգի չեղարկման մեղավորը նախարարությունն է»: Բայց «Շարմը» ցանկություն կամ հնարավորություն չի ունեցել առաջ քաշելու այս երկու մեկնաբանությունից որեւէ մեկը: Ստացվում է` հոլդինգը պատասխանատվության ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Կամ, այլ կերպ ասած, մշակույթի նախարարությունը «Շարմին» «քցում է», «Շարմն» էլ չի հերքում այդ «պաստավկան»: Արդյունքում միակ տուժող կողմը Արծրունին է ու իր թիմը:

Ծանոթ պատճառաբանություն
Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է այն փաստը, որ մշակույթի նախարարությունն ավելի վաղ փակել էր Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Ընդ որում, ինչպես Արծրունու համերգի պարագայում, պատճառաբանությունը նույնն էր` «Նախարարությունը տեղյակ չի եղել»: Փաստերի այս համադրությունը, բնականաբար, չի կարող խորհելու առիթ չտալ, իսկ շատերն էլ կարող են եզրակացնել, որ արգելքների ետեւում թաքնված են քաղաքական դրսեւորումներ: Մտավորականներից շատերը հասցրել են նկատել, որ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի եւ Վահան Արծրունու ըմբոստ կեցվածքը ճնշելու փորձ է արվում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԿԻՆՍԿԻՆ ԿԿԱՏԱՐԻ՞ ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ

Երբ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները, լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացավ ռեժիսոր Գագիկ Մադոյանը: Նրա մրցանակը հանձնեց աշխարհահռչակ դերասանուհի, փառատոնի պատվավոր հյուր Նաստասյա Կինսկին: Դե, իսկ Գագիկ Մադոյանն էլ առիթը բաց չթողեց եւ նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Կինսկին իրեն հատուկ ջերմությամբ ընդունեց հայ ռեժիսորի առաջարկը եւ ասաց` այո: Իսկ թե ինչ եղավ հետո, այդպես էլ մնաց անհայտ։

«Ժողովուրդ»-ը Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են ֆիլմի նկարահանման աշխատանքները, եւ արդյո՞ք Կինսկիին նկարահանելու հանգամանքը մնում է ուժի մեջ.«Դա բավական բարդ եւ ժամանակատար գործընթաց է, բացի այդ՝ կան ֆինանսական, փաստաթղթային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Կարծում եմ՝ եթե ոչ այս տարի, մյուս տարի ֆիլմի համար նախնական ճանապարհ հարթած կլինենք։ Ֆիլմի ընթացքը Կինսկիից կախված չէ, այդ մենք պետք է գործընթացներն արագացնենք, որ իրեն էլ կանչենք»,-պարզաբանեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ 2016 թվականին ֆիլմի հետ կապված բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, քանի որ կասեցվեցին ֆինանսական հոսքերը. «Մարդիկ, որոնք պետք է ներդրումներ կատարեին, հրաժարվեցին դա իրականացնել»,-ասաց ռեժիսորը։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ֆիլմն արդեն ունի աշխատանքային անուն. «Անվանում դեռ չկա, բայց տեղեկացնեմ, որ ֆիլմը կնկարահանվի Դոստոեւսկու պիեսներից մեկի հիման վրա գրված սցենարով, այն կներկայացնի գրողի ստեղծագործական եւ անձնական կյանքի համախառնումը»,-նշեց Գագիկ Մադոյանը։
Հարցին, թե արդյոք մշակույթի նախարարությունն օգնում է ֆիլմի ստեղծմանը, ռեժիսորը պատասխանեց. «Երբ արդեն ֆինանսական պայմանագիր կնքենք ներդրողների հետ, պետությունն ինչ-որ կերպ կօգնի մեզ, բայց, բնականաբար, ամբողջ գումարը տալ չի կարող»։
Գագիկ Մադոյանը տեղեկացրեց, որ ինքը ե՛ւ ֆիլմի ռեժիսորն է, ե՛ւ սցենարիստը, սակայն որոշ ժամանակ անց նախագծի շրջանակում կընդգրկի եւս մեկ սցենարիստի, որն ավելի թարմ մոտեցումներ կբերի, եւ արդյունքում կստացվի դինամիկ ու թեթեւ ֆիլմ։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 




Լրահոս