Ո՛չ ջրատարն են նորոգել, ո՛չ էլ փոխհատուցում տվել. մայորի ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երկու շաբաթ առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, քանդվել է Բագրատաշեն գյուղ մտնող ոռոգման մեծ ջրատարը:
Ջրատարի ջուրը վերեւից մտել է Բագրատաշենի 2 առանձնատան տարածք: Դրանից մեկի բնակիչները տեւական ժամանակ Վրաստանի Բաթումի քաղաքում են բնակվում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ջրի հոսանքն այդ տանը մեծ վնաս չի պատճառել: Քանդված ջրագծի հեղեղը մեծ վնասներ է պատճառել Բագրատաշենի բնակիչ Մայոր Մելքումյանի առանձնատանը: Հեղեղը տան գույքը վնասել է, Մելքումյանների այգուց հավաքած, պարկերի մեջ դրված պնդուկը հայտնվել է ցեխի մեջ: Բագրատաշեն արտակարգ դեպքի վայր է ժամանել «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության՝ Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Վերանյանը: Ոռոգման ջրագծի սկզբում սնուցումը փակվել է, սակայն շուրջ 10 կմ երկարությամբ ջրատարում ջուրը շարունակել է հոսել եւ վնասներ պատճառել:

Բագրատաշենի բնակիչները հայտնեցին, որ ոռոգման ջրատարից ներքեւ գտնվում է 15-20 առանձնատուն, իսկ ջրատարը մոտ 70 տարվա հնություն ունի, մաշված է: Հողի մեջ ձգվող ջրատարը մաքրելու, նորոգելու, սպասարկելու համար բավարար տարածք չկա: Բագրատաշենցիների վկայությամբ` ջրատարի մաշվածության խնդիրը վաղուց էր առկա, ջրատարը մի օր պետք է քանդվեր:
Մայոր Մելքումյանի ընտանիքը սոցիալապես անապահով է: Նրա կինը 3 տարի առաջ Դեբեդում խեղդվել է, Մայորի 37-ամյա որդին նախանցած տարի է մահացել: Արկադի Մակյանից տեղեկացանք, որ Բագրատաշենը սնուցող ոռոգման մեծ ջրատարը դեռ չի վերականգնվել: Նա դա պատճառաբանեց անձրեւային եղանակով, մինչդեռ անձրեւները 4-5 օր առաջ են սկսվել: Մայոր Մելքումյանի ընտանիքը պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում չի ստացել: Ա. Մակյանն ասաց, որ Տավուշի մարզպետարանի կազմած հանձնաժողովը ներկայումս հաշվարկում է այդ տանը պատճառված վնասները:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս