Ինչպես Տիգրան Սարգսյանը դեմ լինելով սկսեց գովել ԵՏՄ-ն. հեքիաթներ միության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այժմ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարն է: Նա համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել՝ բնականաբար, ներկայացնելով ԵՏՄ առավելությունները:
Տ. Սարգսյանը հայտարարել է, թե անդամ երկրները ԵՏՄ շրջանակում լրացուցիչ իրավասություններ են ստացել եւ ընդլայնել են տնտեսական ինքնիշխանությունը: «Ունիկալ իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ անդամ պետությունները ստացել են լրացուցիչ լիազորություններ, ընդլայնել են իրենց տնտեսական ինքնավարությունը: Սա նշանակում է, որ անկախ բնակչության թվից, տարածքից, մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ ու հնարավորություններ որոշումներ կայացնելու հարցում, որոնք տարածվում են ողջ ԵԱՏՄ-ի վրա: Սա թույլ է տալիս բոլորին ներկայացնել իրենց հետաքրքրությունները, իրացնել հնարավորությունները, որովհետեւ բոլոր պետությունները, կրկնում եմ, ունեն նույն իրավունքները Եվրասիական տնտեսական կոլեգիայի կայացման վրա ազդելու հարցում»,- ասել է նա:
Ի դեպ, նույն միտքը Տիգրան Սարգսյանը կրկնել էր նաեւ ավելի վաղ` դեռ այս տարվա մայիսին՝ հայտարարելով. «Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին՝ մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարեւոր հանգամանք է, ինչով էլ ԵՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»:


Եթե անկեղծ լինենք, ապա Տիգրան Սարգսյանի հայտարարություններում չկար որեւէ նորույթ. տնտեսական այս միավորման ստեղծման պահից ի վեր պարզ է եղել, որ ԵՏՄ անդամ երկրները դե յուրե ունեն հավասար ձայնի իրավունք: Այլ հարց, թե որքանով է Հայաստանը կարողանում օգտվել իր այդ իրավունքից՝ հաշվի առնելով ԵՏՄ-ում ՌԴ-ի դոմինանտ դերակատարումը: Ի վերջո, դժվար է պատկերացնել Հայաստանի ներկայացուցիչներին առանց ՌԴ-ի համաձայնության որեւէ որոշման դեմ ընդվզելիս, դեմ քվեարկելիս: Այնպես որ, ունենալով համապատասխան հնարավորություններ՝ դեռ պետք է իրացնել դրանք:

Եւ հետո, որքան հիշում ենք` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանը ոչ վաղ անցյալում դեմ էր, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնա. սկսած 2011թ. մինչեւ 2013թ. սեպտեմբերը նա ակտիվ հարցազրույցներ էր տալիս, ելույթներ ունենում` հիմնավորելով, որ անիմաստ է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, քանի որ տնտեսական այդ միավորման հետ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ, բացի այդ՝ պարտավոր ենք մաքսային սակագները համաձայնեցնել դաշինքի այլ անդամների հետ, ինչը եւս լրացուցիչ խոչընդոտ է: Կարճ ասած, քանի դեռ Սերժ Սարգսյանը բռնել էր եվրաինտեգրացիայի ճանապարհը, իշխանական բուրգը գովերգում էր այդ գործընթացը՝ քննադատելով ԵՏՄ-ն, իսկ այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի գիշերային որոշման արդյունքում 180 աստիճանով փոխվեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ու որոշում կայացվեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, փոխվեց նաեւ իշխանությունների տոնայնությունը:

Մեկ փաստ էլ. խոսելով ԵՏՄ-ում որոշումներ կայացնելու հարցում անդամ երկրների հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին՝ Տ. Սարգսյանն ուղղակի եւ անուղղակի համեմատականներ է անցկացնում ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ՝ փորձելով հիմնավորել, թե ԵՄ անդամ երկրները չունեն այդ հնարավորությունը: Միայն թե, նկատենք, ԵՄ-ում գործում է անդամ երկրների նախագահներից կազմված Եվրոպական խորհուրդ, որտեղ ներկայացված են բոլոր անդամ երկրների ղեկավարները, եւ կարեւոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Բացի այդ՝ Եվրամիության խորհուրդը եւս կազմված է բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչներից հավասար թվով եւ հավասարապես քվեարկելու իրավունքով: Թեեւ այս մարմնում որոշումները կայացվում են բացարձակ մեծամասնությամբ, սակայն կան հատուկ մշակված մեխանիզմներ՝ անդամ երկրների հավասարությունը ապահովելու համար: Այսինքն` հնարավորություն է տրվում փոքր անդամ պետություններին միավորվել ու դեմ հանդես գալ մեծ անդամ պետությունների որոշումներին՝ փաստացի ապահովելով հավասարություն:

Այնպես որ, համաձայնեք, համեմատությունները տեղին չեն: Առավել եւս, երբ ԵՏՄ-ում դե յուրե հնարավորություններ ունենալը դեռ չի նշանակում, թե կարող է օգտվել դրանից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս