Հաջորդ տարվանից ՌԴ-ն կարող է մասնակիորեն թույլատրել թուրքական լոլիկի ներկրումն իր երկիր: Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, թե այդ դեպքում ներկրման ծավալները չեն գերազանցի տարեկան 50 հազար տոննան: ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն էլ իր հերթին նշել է, թե նախատեսվում է ռուսական շուկան թուրքական լոլիկի համար բացել միջսեզոնային շրջանում՝ տարվա վերջից մինչեւ հաջորդ տարվա գարուն:
Այս ամենը բավական տխուր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար: Կզարմանաք: Կմտածեք՝ ի՞նչ կապ ունի թուրքական լոլիկի ՌԴ ներկրումը Հայաստանի տնտեսության հետ: Պարզվում է՝ շատ ուղղակի: Փորձենք բացատրել:
Մինչեւ 2015 թվականի նոյեմբերին Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը Թուրքիայից Ռուսաստան էր արտահանվում տարեկան ավելի քան 345 հազար տոննա լոլիկ: Սակայն այդ միջադեպից հետո, երբ սրվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունները, ՌԴ-ն սկսեց արգելքներ հարուցել թուրքական ապրանքների, այդ թվում՝ լոլիկի ներկրման հարցում՝ այդպես փորձելով տնտեսական պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ:
Եւ ահա դրանից անմիջապես հետո կտրուկ ավելացան Հայաստանից ՌԴ լոլիկի արտահանման ծավալները, այնպես որ, գյուղատնտեսական այդ մթերքը հայտնվեց ՀՀ-ից արտահանված, առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին Հայաստանից արտահանվել էր 131.5 տոննա լոլիկ, 2015թ. այդ թիվը դարձավ 1 հազար 129.7 տոննա, իսկ ահա 2016 թ. լոլիկի արտահանման ծավալները հասան 35 հազար 842 տոննայի: Այս տարվա առաջին կիսամյակում եւս պահպանվել են լոլիկի արտահանման ծավալները՝ 18 հազար 455,4 տոննա:
Միայն թե լոլիկի արտահանման նման կտրուկ աճն անսպասելի էր, միաժամանակ լուրջ կասկածների տեղիք տվեց: Կասկածներ, որոնք մինչեւ հիմա փարատված չեն:
Մասնավորապես շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանից ՌԴ արտահանվել է ոչ միայն հայկական, այլ ավելի շատ թուրքական ծագման լոլիկ, պարզապես այդ ամենն արտահանվել է հայկական արտադրանքի անվան տակ: Դեռ ավելին՝ համառ կասկածներ կային, որ Թուրքիայից Հայաստան բերված, այնուհետեւ ՌԴ արտահանված լոլիկները չեն ֆիքսվել մաքսային վիճակագրությամբ, իսկ եթե, այնուամենայնիվ, ֆիքսվել են, ապա ներկրվել են միանգամայն այլ ապրանքի անվան տակ: Այսինքն՝ եղել է մեծ աֆյորա, բնականաբար, իշխանության ամենաբարձր օղակների գիտությամբ եւ մասնակցությամբ:
Ճիշտ է՝ իշխանություններն ամեն կերպ փորձել են հերքել այդ լուրերը, փորձել են համոզել, թե մեր շուկայում թուրքական լոլիկ չկա, որ արտահանվել է տեղական արտադրության մթերքը: Ու որպեսզի այս հերքումներն ավելի հիմնավոր լինին, դեռ նախորդ տարվա հունիսին գյուղատնտեսության նախարարության կողմից բերվեցին փաստարկներ, թե 2011թ. հանրապետության տարածքում շահագործվում էր ավելի քան 510 հա ջերմատուն եւ ջերմոց, իսկ 2016 թվականի հունիսի 28-ի դրությամբ ջերմատների եւ ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 1220.8 հա: Այդ պարզաբանման մեջ նաեւ նշված էր, թե ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականին լոլիկի ցանքատարածությունները կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320 հազար 183 տոննա, իսկ 2016 թվականին, օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմել են 7900-8000 հա, հետեւաբար ավելացել են նաեւ բերքի ծավալները։ Այնպես որ, ըստ իշխանությունների՝ այդքանից հետո բնական էր նաեւ լոլիկի արտահանման ծավալների աճը: Բայց այս հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չեն:
Ինչեւէ, ռուսական շուկա Հայաստանից լոլիկի՝ նման ծավալներով «ներխուժումը» նպաստեց, որ իշխանությունները նախորդ տարի կարողանան պաշտոնական վիճակագրությամբ արտահանման բարձր ցուցանիշներ արձանագրել. 2016թ. Հայաստանի արտահանման ծավալներն աճել էին 20 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 782,9 մլն դոլար: Զգալի աճել էր ԵՏՄ անդամ երկրներ արտահանումը՝ 53 տոկոսով. նախորդ տարի արտահանվել էր 392.1 մլն դոլարի ապրանք, որի մեծ մասը՝ 371 մլն դոլարը, միայն ՌԴ: Այս տարվա առաջին կիսամյակում եւս ավելացել են դեպի ԵՏՄ անդամ երկրներ, մասնավորապես ՌԴ արտահանումները. հունվար-հունիսին ՌԴ է արտահանվել 219,2 մլն դոլարի ապրանք՝ մոտ 27,3 տոկոսով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ու հիմա, եթե հաջորդ տարի ՌԴ-ն ու Թուրքիան վերջնականապես համաձայնության գան լոլիկի ներկրման հարցում, ապա հայկական լոլիկը եթե ոչ ամբողջությամբ, ապա նկատելիորեն դուրս կմղվի ռուսական շուկայից, ինչն էլ իր կտրուկ հետեւանքները կունենա պաշտոնական վիճակագրության, արտահանման ծավալների վրա: Իսկ իշխանությունները, եթե հիշում եք, մտադրվել են տարեցտարի ավելացնել արտահանումը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ