Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որեւէ դատավոր չի ցանկանում քննել:
Արդեն երրորդ դատավորnն է ինքնաբացարկ հայտնում, եւ հիմա գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին: Սակայն նա եւս ստիպված է լինելու ինքնաբացարկ հայտնել, քանի որ նա այդ քրեական գործով որպես վկա 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվել է:
Իսկ ինչո՞ւ են դատավորին հարցաքննել որպես վկա: Բանն այն է, որ տարիներ առաջ Մնացական Հարությունյանին է մակագրվել Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանի քրեական գործը, որն էլ վերոնշյալ դատավորներին գաղտնալսելու եւ նրանց նկատմամբ քրգործ հարուցելու առիթ դարձավ: ԱԱԾ-ն բացահայտել էր, որ երբ քրեական գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը խոսել է նրա հետ: Ըստ ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումների՝ Աղվան Պետրոսյանը դատավոր Մնացական Հարությունյանին խնդրել է հնարավորինս արագացնել Գոռ Գալաստյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
Եվ ահա դատավոր Մնացական Հարությունյանին, հրավիրելով հարցաքննության, ՀՔԾ քննիչները ներկայացրել են երեք գաղտնալսում եւ հարցեր ուղղել դատավորին:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով ավարտված նախաքննության գործի փաստական հանգամանքներից մեկը, թե ինչ բացատրություն է տվել ՀՔԾ քննիչներին վկայի կարգավիճակում գտնվող դատավոր Մնացական Հարությունյանը:
ՀՔԾ քննիչի՝ Գ. Բեգոյանի հարցը. Ձեզ եմ ներկայացնում ԱԱԾ-ից ստացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրումների որոշակի հատվածներ, որոնցից բխում է, որ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը նույն դատարանի գրասենյակի ղեկավար Հրայր Մանուկյանի, ինչպես նաեւ Գոռ Գալստյանի ծնողներից կաշառքի գումարը Աղվան Պետրոսյանին փոխանցած Հայկ Կարապատեյանի հետ քննարկում է Գոռ Գալստյանի քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից մարզի դատարան գալու եւ այն Ձեզ մակագրելու հանգամանքները: Ներկայացված գաղտնալսումների ձայնագրություններից մեկի ժամանակ էլ Աղվան Պետրոսյանը զրուցում է Ձեզ հետ` խնդրելով հնարավորինս արագացնել Գոռ Գալաստյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը: Ի՞նչ կասեք այդ հանգամանքների կապակցությամբ:
Դատավոր Մնացական Հարությունյանի պատասխանը. Լսեցի ինձ ներկայացված թվով երեք ձայնագրությունները, որոնց կապակցությամբ հայտնում եմ հետեյալը` ինչ վերաբերում է առաջին ձայնագրությանը, որտեղ քննիչի մատնանշմամբ խոսում են դատարանի նախագահը եւ Հայկ անունով անձնավորություն, կարող եմ հայտնել հետեյալը` ինչքանով որ հիշում եմ՝ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո ստացել եմ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, եւ դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ որոշվել է միջնորդության քննարկումը իրականացնել դատական նիստով….
ՀՔԾ քննիչ Գ. Բեգոյանի հարց. Դուք քրեական գործը ստացել եք 2016 թվականի օգոստոս ամսին, սակայն Ա. Պետրոսյանը Ձեզ պնդում է արագացնել քրեական գործի քննությունը սեպտեմբեր ամսին, արդյո՞ք դա ողջամիտ ժանկետը է մեկ ամսում ավարտել տվյալ քրեական գործը, եւ արդյո՞ք Աղվան Պետրոսյանի կողմից նման խնդրանքով Ձեզ դիմելու հանգամանքը Ձեզ մոտ որեւէ կասկած չհարուցեց նրա կողմից դրանում շահագրգռված լինելու մասով, մյուս բոլոր գործերով նա եւս Ձեզ նման խնդրանքով կամ պահանջով դիմել է, թե այս գործը բացառություն էր:
Պատասխան. Ձայնագրությունը լսելուց հետո եւ, ընդհանարպես, այդ եւ այլ գործերի ավարտի վերաբերյալ որեւէ կոնկրետ ժամկետի մասին, իմ հիշելով, չի հայտնվել: Հայտնեմ նաեւ՝ այնպիսի դեպք չի եղել, որ կոնկրետ գործի ավարտի մասով որեւէ քննարկում լինի, սակայն գործերի քննության ողջամտությունը ապահովելու համար, բացի այս դեպքից, շատ են եղել դեպքեր, որոնք կոնկրետ չեմ հիշում, որ դատարանի նախագահը, իրացնելով իր վերը նշված լիազորությունը, հայտնել է ողջամիտ ժամկետում գործի քննության ընթացակարգի վերաբերյալ դիրքորոշում: Կոնկրետ գործի քննությունը, ինչպես իմ կողմից նշվեց, տեւել է մոտավորապես 10 ամիս, եւ կարծում եմ, որ այդ ծավալի գործերի համար ժամկետը ողջամիտ է, ինչպես բխում է հայտնածիցս՝ այս գործը բացառություն չէր, հետեւաբար ինձ մոտ որեւէ կասկած որեւէ հանգամանքի մասին չի առաջացել:
Ահա հենց այս հարցաքննության հիմքով էլ Մնացական Հարությունյանը ինքնաբացարկ կհայտնի՝ հրաժարվելով քննել գործընկերների քրեական գործը:
Քնար Մանուկյան