Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նախկին աշխատակիցները դիմել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 10 նախկին աշխատակից դիմել է դատարան:
Բանն այն է, որ 2017 թվականի հունվարի 10-ին որոշվեց, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը պետք է շարունակեն պաշտպանության նախարարության՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Այս միացումը, ըստ էության, տվել է իր ոչ ցանկալի արդյունքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի 10 նախկին ուսուցիչներ դիմել են դատարան եւ պահանջում են, որ իրենց վերականգնեն աշխատանքում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 2-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Քնարիկ Նազլուխյանը՝ պահանջելով, որ դատարանը միջամտության արդյունքում վերականգնի իր աշխատանքը ««Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում: Նույն պահանջով նաեւ դատարան են դիմել Կարինե Ավետիսյանը, Արեւիկ Քարամյանը, Արփինե Մարտիրոսյանը, Աստղիկ Աթոյանը, Էլիզա Պոդոսյան, Իրինա Գալստյան, Մարինե Սիմոնյանը, Սուսաննա Գասպարյանը, Նարա Դավթյանը:

Իսկ ինչ հանգամանքներում են դպորցի ուսուցիչները աշխատանքից ազատվել: Մեզ հայտնի դարձավ՝ երբ որոշում է կայացվել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը պետք է շարունակեն պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, պաշտպանության նախարարությունը «Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսուցիչներին նախապես հայտնել է, որ նրանք պետք է քննություն հանձնեն, եթե բավարարեն չափանիշներին, ապա նոր կկարողանան շարունակել իրենց գործունեությունը եւ դասավանդել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Ահա այսպես՝ քննությունը տեղի է ունեցել, մի շարք ուսուցիչներ չեն կարողացել լավ արդյունք արձանագրել, ինչի հետեւանքով էլ ազատվել են աշխատանքից:
Ինչ կորոշի դատարանը, ժամանակը ցույց կտա:

Քնար Մանուկյան




Լրահոս