Ռուսական, բրազիլական հավերը նվաճել են հայկական շուկան. ՀՀ-ում մի շարք ընկերություններ գնալով սնանկանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները գնալով սնանկանում են: Պատճառը Ռուսաստանից Հայաստան մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծումն է: Ինչի արդյունքում տեղական արտադրողները նվազեցնում են արտադրության ծավալները եւ աստիճանաբար դուրս մղվում հայկական շուկայից: Իսկ կառավարությունը լուռ հետեւում է իրավիճակին:
Այն, որ Ռուսաստանից Հայաստան մեծ քանակությամբ թռչնամիս է ներկրվում, վաղուց հայտնի իրողություն է: Այդ մասին անգամ արձանագված է պաշտոնական փաստաթղթերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 15 հազար 575 տոննա թռչնամիս, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 10 հազար 626 տոննա թռչնամիս:

Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում ԱՄՆ-ից Հայաստան ներկրվել է 7 հազար 221 տոննա, Բրազիլիայից` 2 հազար 394 տոննա, Ուկրաինայից` 1657 տոնա, Բելառուսից` 253 տոննա, Բելգիայից` 1838, Գերմանիայից` 51, Դանիայից` 23, Իսպանիայից` 25, Իտալիայից` 10, Լատվիայից` 25, Հունգարիայից` 253 տոննա թռչնամիս: Նկատենք, որ ՌԴ-ից այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 1657 տոննա թռչնամիս` նախորդ տարվա 692 տոննայի դիմաց: Տեղեկացնենք, որ սա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն են: Բայց արձանագրենք, որ վերջին ամիսներին Հայաստան սկսել է ավելի մեծ քանակությամբ թռչնամիս ներկրվել միայն Ռուսաստանից, որովհետեւ այնտեղից ավելի եկամտաբեր է ներմուծել, քան այլ երկրից:

Սրան զուգահեռ՝ հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 1886 հազար տոննա թռչնամիս, մինչդեռ ներմուծվել է 7287 տոննա: Նշված ժամանակահատվածում հավի միս չի արտահանվել: Այսինքն՝ Հայաստանը թռչնամիս ներմուծող է, այլ ոչ թե արտադրող: Ու արդյունքում տուժում են տեղական արտադրողները, որոնց մեծ մասը գոյատեւում է վարկային միջոցներով:


Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ընկերությունը ստեղծված իրավիճակի պատճառով արտադրանքի գինն է իջեցրել, արտադրության ծավալներն է նվազեցրել: «Շուկան լիքն է ռուսական էժան հավերով, իսկ մարդիկ էլ սոցիալական վիճակից ելնելով՝ նախընտրում են գնել այդ սառեցված էժան հավերը: Ես չեմ կարող քայլ ձեռնարկել՝ այս վիճակից ելնելու համար, ես ով եմ, դրա համար իշխանություն, կառավարություն կա: Պետք է այնպիսի մաքսային տուրքեր սահմանվեն, որ շատերի համար ձեռնտու չլինի ՌԴ-ից թռչնամիս ներկրել: Այլ երկրներում խթանում են տեղական արտադրությանը: Միանշանակ, եթե այսպես շարունակվի, կփակվի տնտեսությունը»,- ափսոսանքով նկատեց գործարարը: Նրա պատմելով՝ թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները դիմում են ծայրահեղ քայլերի. նրանք վնասներ կրելով էժանացնում են արտադրանքը եւ խանութներին խնդրում ակցիաներ սահմանել, որպեսզի քաղաքացուն շահագրգռեն:

Թռչնաբույծների պնդմամբ՝ Ռուսաստանում արտադրված թռչնամսի ինքնարժեքը ցածր է, քանի որ տեղի արտադրողները չունեն սեփական կերի արտադրական բազայի, թռչնակերի, էներգոռեսուրսների խնդիր: Իսկ տեղական արտադրողների դեպքում էներգակիրները բարձր են, թռչնակերը այլ երկրներից են ներկրում, այս պատճառով տեղական արտադրանքի ինքնարժեքը բարձր է: Իսկ թռչնամիս արտահանելու մասին արտադրողները անգամ մտքի ծայրով չեն անցկացնում: Այլ կերպ ասած` Հայաստանից դեպի ՌԴ թռչնամիս արտահանելու հնարավորությունները զրոյական են: Իսկ այն հավանական երկրները, որտեղ հնարավոր է արտահանել, թռչնամսի ինքնարժեքը ցածր է, հետեւաբար ձեռնտու չէ:

«Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են: Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Կփակվենք, բա ինչ պետք է անենք: Բայց իմացեք՝ երկրի տնտեսության հիմքը ոչ թե առեւտուրն է, այլ արտադրությունը: Առեւտրով այսօր երկիր չենք կարող պահել»,- նկատեց Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ վերջին շրջանում մոտ 5 թռչնաբուծական ֆաբրիկա է սնանկացել: Պատճառն այն է, որ ընկերությունները չեն դիմացել մրցակցությանը՝ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան, Գնդեվազի թռչնաֆաբրիկան, Եղեգնաձորի թռչնաֆաբրիկան եւ այլն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս