Երգչուհի Իրինա Հարությունյանը, որն առավել մեծ ճանաչում ստացավ «Հոգնել եմ» հիթով, իսկ հեռուստադիտողները նրան ճանաչեցին «Վերջին հայրիկը» սերիալով, պատրաստվում է ակտիվ ռիթմերով նոր երգի հիման վրա մինչեւ Ամանոր նկարահանել տեսահոլովակ, այն մեղեդային ստեղծագործություն է սիրո մասին։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Իրինան։
Երգչուհին, որը հանդես է գալիս ակումբներում, իրեն համարում է հայկական շոու-բիզնեսի մի մասը. «Չեմ կարծում, թե առանձնացած եմ»,-նշեց նա՝ ի հեճուկս որոշ կարծիքների։ Ամեն դեպքում, Իրինան ափսոսում է, որ հայաստանյան շոու-բիզնեսի շուկան բավական փոքր է, եւ ինչպես ինքն է նկատում, այնպիսին չէ, ինչպիսին ինքն է պատկերացրել. «Արտասահմանյան շոու-բիզնեսում արտիստը ճանաչվում է ակումբներից, այնտեղից է ծնունդ առնում, իսկ Հայաստանում հակառակն է՝ նախ պետք է ճանաչվի, որ ակումբներում երգի»,-նկատեց մեր զրուցակիցը։
«Ժողովուրդ»-ը Իրինայի հետ զրուցեց նաեւ նրա անձնական կյանքի մասին։ Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջինս նպատակ ունի երկրորդ անգամ դասավորելու իր կյանքը (Իրինան ամուսնալուծության գործընթացում է-հեղ.)։ «Եթե պետք է երկրորդ կյանք սկսեմ, կսկսեմ, այնպես չէ, որ պլանավորում եմ։ Ամեն բան թողել եմ ժամանակի հոսքին։ Համենայն դեպս, չեմ հիասթափվում։ Ուղղակի այս պահին ժամանակս էլ չի ներում, որ մտածեմ անձնականիս մասին՝ նոր երգեր, ձայնագրություններ։ Կարելի է ասել՝ ամուսնացած եմ բեմի հետ։ Եվ որ ամենակարեւորն է՝ ժամանակս նվիրում եմ երեխաներիս (Իրինան երկու զավակ ունի` 13-ամյա դուստր եւ 6-ամյա որդի-հեղ.)։ Ամուսնությունն այս պահին ինձ համար երկրորդական է»,-ծիծաղելով ասաց Իրինան։
Ամեն դեպքում, նա նշեց, թե տղամարդու որ տեսակն է իր համար նախընտրելի. «Գնահատում եմ հավատարիմ, նվիրված տղամարդկանց։ Իմ կողակիցը պետք է լինի անվախ, բնավորությամբ ուժեղ, այլապես թույլ մարդու հետ համակերպվել չեմ կարող»։
Անի Անտոնյան