Կարատեիստները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատանի, երիտասարդ եւ մինչեւ 21 տարեկան կարատեիստները պատրաստվում են հոկտեմբերի 26-29-ն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հաջորդ շաբաթ հավաքականներն ուսումնամարզական հավաք կսկսեն Օլիմպավանում:

Առաջին անգամ կարատեիստերը պայքարելու են օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Մինչեւ Տոկիո 2020-ը, օլիմպիական ընտանիքում կփորձեն ներգրավվել պատանիները: Աշխարհի առաջնությանը խաղարկվելու են 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր.

«Իսպանիա մեկնելու են մեր այն մարզիկները, որոնք տարբեր միջազգային մրցաշարերի մեդալակիրներ են: Հույս ունենք, որ մեր պատանիներին կհաջողվի օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Մինչեւ աշխարհի առաջնությունը տղաները կհասցնեն լավ մարզավիճակում լինել: Մրցանակային տեղերի ակնկալիք ունենք»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:

Գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի ղեկավարությամբ աշխարհի առաջնությունում հանդես կգան՝ Էրիկ Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Սիմոն Մովսիսյանը, Դավիթ Մուրադյանը, Վարդան Ղալայանը, Սամվել Այդինյանը, Գեւորգ Համբարձումյանը, Ալբերտ Ավետիսյանը, Դավիթ Մակյանը, Ահարոն Սարգսյանը, Կարեն Բաղդասարյանը, Սերյոժա Սարգսյանը, Աշոտ Մխիթարյանը, Միքայել Մխիթարյանը, եւ աղջիկներից Լենա Գյուլումյանը, Եվա Մուրադյանը, Անիտա Մակյանը:

Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 22-ին:




Լրահոս