Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Կարո Եղնուկյանը հանդես են համատեղ հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Մեծ մերձավոր արևելքում աշխարհաքաղաքական գործոնների և ուժերի մեծաքանակությունն ու բազմազանությունը, դրանց միջև պայքարի ուժգնությունն ստեղծում են տարածաշրջանում այնպիսի բարդություն, որը մի կողմից անհնարին է դարձնում տակտիկական նոր դաշինքների արագ առաջացման և նույնքան արագ վերացման ժամանակացույցի կանխատեսումը, իսկ մյուս կողմից չեզոքացնում է մեծ և փոքր դերակատարների ունեցած ռեսուրսային տարբերության կարևորությունը, քանի որ բազմապատիկ չափերով մեծանում են փոքր դերակատարների անկայուն իրավիճակի վրա ազդելու կարողությունները: Առաջին պլան են դուրս գալիս ու որոշիչ են դառնում ոչ այնքան նյութական հզորությունը, որքան խելացի ուժը և կամքը:
Ժամանակավրեպ շահերով պայմանավորված ռազմա-քաղաքական միավորումների վրա կենտրոնանալը և իմաստի որոնումը այնտեղ, որտեղ այն բացակայում է, դատապարտում է ամուլ եզրահանգումների: Մինչդեռ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ճգնաժամի հաղթահարումը, ցավոք, ենթադրում է ներկայիս քաոտիկ անկայունության որոշակի շարունակականություն, և քաղաքական վերլուծությունները և գործողությունները պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչն է միջնաժամկետ հեռանկարում ավելի հավանական դարձնում ճգնաժամի հանգուցալուծումը` դեպի նոր անվտանգային ճարտարապետություն տարբերակ, որը կապահովեր Մեծ մերձավոր արևելքում խաղաղության, համերաշխության ու համագործակցության միտված կայուն քաղաքակակրթական-մշակութային միջավայրի ձևավորումը: Լուծումը անկասկած պետք է հիմնված լինի կողմերի երկարաժամկետ, պատմականորեն ձևավորված քաղաքականության ու բնական շահերի վրա:
Այս իմաստով հասկանալի է, որ Հայաստանը և Իրանը ունեն փոխլրացնող այնպիսի շահեր, որոնց ռազմավարական նշանակությունը, որոշվում է Եվրասիական մայրցամաքի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ առանցքների`պատմական Մետաքսի ճանապարհի վրա աշխարհա-քաղաքական շղթայի փոքր ու մեծ հարևան օղակներ լինելու երկարաժամկետ հեռանկարով և, որ ոչ պակաս կարևոր է, այդ առանցքների վրա պատմական հաջող համագործակցության հազարամյա ավանդույթով:
Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքի` քաղաքակրթական խզվածքի վրա գտնվելու հանգամանքը մի կողմից մեծացնում է աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետ դառնալու վտանգը, մյուս կողմից հնարավորություն է սալիս դառնալու քաղաքակրթությունների և տարածաշրջանների միջև երկխոսության ու համագործակցության կամրջելու նախաձեռնող և հյուսիսային կողմից Իրանի ապահով հարևան:
Հայաստանը, գտնվելով քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների սահմանագծում, կարող է Արևմուտքի և Իրանի հետ իր համագործակցության զուգակցմամբ զգալի դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ ներկայիս լարվածության մեղմացման առումով` դառնալով քաղաքակրթությունների երկխոսության և համակեցության կամուրջ: Իսկ Հայաստանի առաջիկայում խաղալիք տնտեսական-տեխնոլոգիական դերը կարելի է համեմատել անցյալ դարի յոթանասունական թթ. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Հոնկոգի խաղացած դերին:
Այս առումով նպաստավոր բացառիկ կարևոր պայման է նաև հայության բնական ցանցային վիճակը, ուստի ցանցային տարբերակով հայության ներուժի համախմբումը, զարգացումը և կիրառումը բացի հայկական գործոնի հնարավորություններն ու կարողութունները բազմապատկելուց, կծառայի նաև Իրանի կապերի ամրապնդմանը հզոր հայկական սփյուռք ունեցող երկրների հետ……
Իրացնելու համար հայ-իրանական եզակի քաղաքակրթական-մշակութային ընդհանրությունների և հայկական բազմադարյա համայքի հիմքի վրա փոխշահավետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև հայության համաշխարհային սփյուքյան ցանցի խոստումնալից ներուժը անհրաժեշտ է Հայաստանի ներկայիս փաստացի ինքնիշխանության կտրուկ ամրապանդում, որը, ցավոք ժողովրդի իշխանությունը զավթած և այդ ինքնիշխանությունը վաճառքի հանած նորգաղութային ներկայիս վարչակազմի օրոք անհնար է պատկերացնել:
Բնավ պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ահռելի ներուժի միայն չնչին մասն է իրացվում: Թվում է թե խորհրդային փակ սահմանի բացումից հետո երկու երկրների համագործակցությունը պիտի աշխուժանարար, սակայն սահմանը մնում է ուղղակի և փոխաբերական իմստով խորհրդային փշալարով ծածկված: Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու և զարգացնելու իր ռազմավարությունը կյանքի է կոչելու միայն ապագաղութացման և ինքնիշխանության ամրապնդման գործընթացներին զուգընթաց, որով և կապահովվի Հայաստանի և հայկական գործոնի մեծացումը, նրա աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական բնութագրերի բարելավումը…
Երկու երկրների միջև հարաբերությունների բովանդակությունը, ծավալն ու ձևաչափը էական վերանայման կարիք ունեն: Էներգետիկայի և հաղորդակցային ուղիների զարգացման ոլորտներում գոյություն ունեցող ռազմավարական նշանակության ծրագրերի ընդլայնումը հնարավորություն կտա թե Հայաստանի էներգետիկ սնուցման և հաղորդակցային ապահովման լիարժեք այլընտրանքի ապահովման շնորհիվ ազատվելու ներկայիս հյուսիսային մոնոպոլ կախվածությունից և այսպիսով վերականգնելու տնտեսական ինքնիշխանության հիմքերը, և թե թույլ կտա Իրանին Հայաստանի տարածքի տրանզիտային ուղիներից օգտվելով ճանապարհ բացել դեպի Սև ծով և այնտեղից դեպի Եվրոպա:
Առանց Հայաստանի և Իրանի այս շահերի հաշվառման հնարավոր չի պատկերացնել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը և կայունության և համագործակցության հաստատման համար պայմանների ապահովումը: Բոլոր այն ուժերը, ովքեր դեմ են այս համագործակցությանը, հանդես են գալիս տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման դեմ:
Հայսատանի իրական ինքնիշխանության կրողը` հայ ժողովուրդը ակնկալում է բարեկամ Իրանից ընբռնում և օժանդակություն Հայաստանի սուբյեկտայնության ամրապնդման հարցում, որը առանց ժողովրդի իշխանության և սահմանադրականության հաստատման անհնար է պատկերացնել»։