Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի օրակարգում Ադրբեջանին առնչվող մի շարք հարցեր կան։ Իր ելույթում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Դոն Կոոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտի հրաժարականը համարել է ընդամենը առաջինը քայլը՝ ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու համար, ինչպես նաեւ կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Ադրբեջանին վաճառել Ռամիլ Սաֆարովին։
Զոհրաբյանն ասել է՝
Հարգելի գործընկերներ,
Քաղաքական իր բժիշկների հորդորով Դոն Կոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։ Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի եւ ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել եւ պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը։
Բայց արդյո՞ք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարար է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար։ Պարզվում է, կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ դանիական Danske Bank –ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։ Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած։ Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, եթ ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ եւ թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության հետ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխացնել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, ով այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր եւ իր տոտալիտար ընկերոջ ջերմ հարաբերությունների մասին։
Հարգելի գործընկերներ,
Հունիսյան նստաշրջանում մենք պաշտպանեցինք անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, որը վստահ եմ, անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են մեր Վեհաժողովին։ Իսկ նման փաստեր, որոնք վերջերս միջազգային մամուլի թոփ թեման էին, բազմաթիվ են։ Ես միանում եմ «Թրանսպարանսի Ինթերնեյշընլ» կազմակերպության նախագահի այն հայտարարությանը, ով ասում է՝ «ուղղակի շոկային է տեսնել, թե ինչպես այնպիսի հարգված կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում, եւ փակում իրենց աչքերը կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների վրա»։
Լիտվայի Սեյմը օրերս դիմել է Լիտվայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող մարմնին, պահանջելով ուսումնասիրել ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներում լիտվացի գործիչների հնարավոր ներգրավվածությունը։
Ես հույս ունեմ, որ Լիտվայի օրինակին կհետեւեն ԵԽ անդամ բազմաթիվ երկրներ եւ վստահեցնում եմ, որ Դոն Պեդրոյի աղանդի բազմաթիվ հետեւորդներ ստիպված կլինեն քաղաքական ապաստան խնդրել իրենց կերակրող երկրից։