Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ:
Սամվել Բաբայանի և մյուսների գործով փողերի լվացման դրվագով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ:
Դավիթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, օգնել է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեւան տեղափոխելու հարցում: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց հրապարակել ամբաստանյալի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Նախաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանը պատմել է, որ ինքը Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել, իմացել է միայն, որ Կարեն Քոչարյանն է նրան ճանաչել:
Գործով ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, նույնպես դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Անդրանիկ Քոչարյանի նախաքննական ցուցմունքը:
«Մեր տուն եկավ եղբայրս՝ Կարենը, որն ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ես Ժորային չեմ հասցրել, թե ինչով է դրանք մաքրում»,- որպես վկա նախաքննական մարմնին պատմել է Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ դատարանում արդեն իսկ հարցաքննվել են վկաները, ուսումնասիրվել են գործում առկա ապացույցները: