ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 9-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:
Հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվող զորավարժությունը «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն է` «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո:
«Փոխգործակցություն-2017» զորավարժության թեման է` «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը»: Հիմնական նպատակը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումն է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ընդհանուր ղեկավարմամբ: Կարևորվում է նաև ՀԱՊԿ զորքերի` հավաքական ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործումը և դաշնային ու տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը առաջադրված խնդիրների կատարման ընթացքում:
Զորավարժության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորավարժության տվյալ փուլի ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, մասնակից պետությունների բարձրաստիճան զինվորականներ:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Այն անցկացվում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ: Զորավարժությանը մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: