ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը: Դեռ ավելին՝ պարզվում է՝ ժամանակին Խաչիկյանն այնքան հաշվենկատ է գտնվել, որ իր ողջ ունեցվածքը կամաց-կամաց մերձավորների անունով է գրանցել, եւ երբ ժամանակը եկել է, որպեսզի դատարանը բռնագանձի նրա հափշտակած կենսաթոշակները, պարզվել է՝ Խաչիկյանը ոչինչ չունի՝ բացի Վանաձորի բնակարանից, որի համասեփականատեր է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ դեռ 2015թ. նոյեմբերին իրենք կատարողական վարույթ են հարուցել, ձեռնարկվել են բոլոր միջոցները Խաչիկյանին պատկանող գույքը եւ դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ, արգելադրվել է Վանաձորի բնակարանը: «Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»,- ասված է պատասխանում: Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը, պարզվում է, ոչինչ չունի: Մինչդեռ, ըստ օդում կախված լուրերի, նա Ալավերդու ճանապարհին գազալցակայան ունի, տաքսի ծառայություն, երկու բնակարան՝ Երեւան քաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երեւանի քաղաքապետի սրտով չեն եղել, եւ նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով: Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին եւ բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ վերջինս չմիջամտի իր աշխատանքին: Ինչպես երեւում է՝ նրա խնդրանքը բավարարվել է, եւ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է ուղղակի հանգիստ թողնել Երեւան համայնքը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով մեկնաբանության համար դիմեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին, ով ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով վերը նշվածը՝ ասաց, թե բամբասանքներ չի մեկնաբանում:

 

 

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ եւ արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի: Անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են միջամտել կատարվածին. Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ եւ ամեն ինչ արել, որպեսզի լարվածությունն հանդարտվի: «Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա»,- նշել է նա ու հավելել, որ հիմա խաչքար տեղադրելու հարցը քննարկում են հայ եւ վրաց եկեղեցիները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելուց հետո բուժհաստատությունները հայտնվել են նոր դժվարությունների առաջ: Բանն այն է, որ սկզբում հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, բայց հետո պարզվել էր հակառակը: Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Ու երբ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հրապարակեց դժգոհության մասին, հնարավոր ընդվզումը եւ աղմուկը կանխելու համար Կառավարությունը որոշեց նահանջել. առայժմ պայմանագիր չկնքել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ի հետ, որը ձեւավորվել է այս տարվա օգոստոսին:

 

 

 

 

ՇՈՂՈՔՈՐԹԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ «արժեքավոր» է համարել այս ընթացքում Հայաստանին ԵՄ ցուցաբերած օժանդակությունը: Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ ասուլիսի ժամանակ այդ մասին խոսելիս Նալբանդյանը հայտարարել է. «ԵՄ-ն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության շարունակական խթանման, ժողովրդավարական հաստատությունների առավել ամրապնդման, դատական համակարգի ու արդյունավետ կառավարման բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի ընդգծել մեր համագործակցությունը նախորդ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում»: Պատահական չէ, որ Նալբանդյանն իր խոսքում հիշատակել է ԵՄ օժանդակության մասին: Իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումով մեծ գումարների ակնկալիք ունեն: Դրա համար էլ արդեն սկսել են շողոքորթել եվրոպացի պաշտոնյաներին` գոհունակություն հայտնելով նախկինում ցուցաբերած օժանդակության համար, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ-ի հետ համագործակցության համար: Այնպես որ, Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունները հենց այդ տրամաբանության շրջանակներում էին:
Բայց հետաքրքիր է` որքա՞ն երկար կպահպանվի իշխանությունների այդ բարեհաճ վերաբերմունքը: Իշխանությունները սովոր են գումարներ խնդրել՝ այս կամ այն ծրագրերն իրականացնելու համար, բայց միշտ չէ, որ այդ գումարներն իրենց նպատակին են ծառայեցվում: Ու երբ դոնորները սկսում են հաշվետվություն պահանջել ծախսած գումարների համար, միանգամից անցնում են հակահարձակման: Հիշում եք՝ ԱԺ ընտրություններից հետո ՀՀ-ում ԵՄ դեսպանի եւ իշխանությունների բանավեճը. խորհրդարանական ընտրություններից առաջ միջազգային հանրությունը ֆինանսական ահռելի օգնություն ցուցաբերեց ընտրական պրոցեսի կազմակերպման համար, սակայն իշխանություններն ԱԺ ընտրություններն անցկացրին իրենց ձեռնտու ավանդույթներով` ընտրողների ահաբեկումներ, վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք: Ու երբ այդքանից հետո ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին քննադատեց ընտրությունների որակը, ՀՀԿ-ականները միաբերան սկսեցին հակադարձել, թե պետք չի մի կողմից օժանդակություն ցուցաբերել, մյուս կողմից այդպես հսկել, եւ որ իրենք այդ գումարների կարիքը չունեին: Բայց հիմա Նալբանդյանը, ընդհակառակը, փորձում է միանգամայն այլ կերպ պահել իրեն եւ հատուկ շեշտում հատկապես ԱԺ ընտրությունների ժամանակ համագործակցությունը:

 




Լրահոս