Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ գյուղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն ոստիկանությունը արգելել էր խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը: Ավելի ուշ դեպքի վայր էին ժամանել նաեւ հատուկ ջոկատայիններ, որից հետո ստեղծված լարվածությունը վերածվել է ծեծկռտուքի:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով այդ ժամանակ Գումբուրդո գյուղ են գնացել Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ովքեր կարողացել են հանդարտեցնել իրավիճակն ու բանակցությունների միջոցով հասնել ձերբակալվածների ազատ արձակմանը: Այժմ իրավիճակը հանդարտ է, եւ խաչքարի տեղադրման հետագա ճակատագիրն արդեն կորոշեն հայկական եւ վրացական եկեղեցիները:
Ախալքալաքի Գումբուրդո գյուղում ստեղծված իրավիճակի եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ, ով, ինչպես նշեցինք, իրավիճակի հանդարտեցման հարցում մեծ դերակատարում է ունեցել:
-Պարո՛ն Պետրոսյան, Ախալքալաքում տեղի ունեցած բախումներն ինչի՞ հետեւանք էին: Ինչպե՞ս սկսվեց լարվածությունը:
-Կա եկեղեցի, որը հիմա վերանորոգման մեջ է: Այդ եկեղեցու բակում գերեզմանոց կա, որտեղ գյուղացիները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն դրա հետեւանքով կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել: Այնտեղ բացատրեցին, որ եկեղեցին պատմական հուշարձան է, որը «Յունեսկօ»-ի հսկողության տակ է: Այդտեղ ամրագրված է, որ եկեղեցու տարածքում նոր քարեր չպետք է տեղադրվեն, այդպես են բացատրում եւ ասում, որ խաչքարն այդտեղ չպետք է տեղադրվի: Սակայն դա առաջին անգամ է, որ այդպիսի պատասխան ենք ստանում, եւ որ դա կապ ունի «Յունեսկօ»-ի հետ:
-Այժմ ի՞նչ իրավիճակ է: Ի վերջո, խաչքարը կտեղադրվի՞, թե՞ ոչ:
-Այդ հարցն այժմ քննարկվում է վրացական եւ հայկական եկեղեցիների միջեւ: Պետք է տեսնենք, թե ինչ որոշում իրենք կընդունեն: Հարցն այժմ գտնվում է իրենց տիրույթում: Ես չեմ կարող պատասխանել՝ կտեղադրվի, թե ոչ: Իրենք պետք է քննարկեն, իրենք պետք է որոշեն, որ հետո տեսնենք՝ ինչ են որոշել:
-Հայտնի է, որ Դուք եւս դեպքի վայրում եք եղել: Ի սկզբանե բնակիչների հետ էի՞ք, թե՞ լարվածության մասին լսելով էիք եկել:
-Խաչքարը ցանկացել են տեղադրել հենց գյուղի բնակիչները: Ես այնտեղ եմ եկել, երբ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ լարվածություն է ստեղծվել: Մենք եկանք եւ տեսանք, որ այնտեղ իսկապես լարված իրավիճակ է ստեղծված: Հենց տեղում մենք կապվեցինք Վրաստանի կառավարության, ղեկավարության հետ, Թիֆլիսից եկան մի քանի հոգի, եւ բոլորս իրար հետ աշխատեցինք, որ այդ իրավիճակը հանդարտեցնենք, որ լարվածությունը սահմաններից դուրս չգա:
-Համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, ընդհուպ մինչեւ հատուկ ջոկատայինների կողմից հայերի վրա մահակներով հարձակման մասին: Կասեք՝ իրականում ինչպիսի՞ բախումներ են եղել:
-Իրականում լարված իրավիճակ էր, հատուկ ջոկոտայիններ էին եկել, որպեսզի ժողովրդին ցրեին: Սակայն դրանից հետո սկսեցին քարերով խփել միմյանց, մահակներ էին աշխատել այնտեղ, վիրավորներ կային թե՛ ոստիկանության, թե՛ քաղաքացիների շրջանում:
-Դուք տեղում ո՞ւմ հետ եք բանակցել, որ հնարավոր եղավ ազատել ձերբակալվածներին:
-Բանակցել էինք Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: Ասեմ, որ տեղում բավական շատ պաշտոնյաներ կային, իրենց հետ ենք բանակցել: Ես ավելին ասեմ՝ ՀՀ-ի պաշտոնյաները եւս կապ են հաստատել իրենց գործընկերների հետ, այդ թվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ եւ ամեն ինչ արել, որպեսզի լարվածութունը թուլանա: Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա:
-Սա, ի վերջո, կապ ունի՞ հայ-վրացական հարաբերությունների հետ, թե՞ հարցն այլ տիրույթում պետք է քննարկել:
-Ըստ ինձ, տեղի ունեցածը չպետք է կապել հայ-վրացական հարաբերությունների հետ: Իհարկե, տգեղ երեւույթ էր, սակայն դա չպետք է ազդի մեր հայ-վրացական հարաբերությունների վրա:
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԱԾ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ տեսչական բարեփոխումների շրջանակներում ամիսներ առաջ որոշում էր կայացվել լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական պետական տեսչությունն ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Ընդերքի պետական տեսչությունը» եւ ստեղծել նոր՝ բնապահպանության նախարարության «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին»:
Առիթ ունեցել էինք անդրադառնալու այն հանգամանքին, որ միացյալ տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Եղիշ Տերտերյանը, ով նախկինում զբաղեցնում էր նույն նախարարության թափոնների եւ մթնոլորտի արտանետումների կառավարման գործակալության պետի պաշտոնը: Եվ չնայած որ ձեւավորված մարմինը ենթարկվում է բնապահպանության նախարարությանը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տերտերյանի եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, իսկ պատճառներից մեկն էլ այն միջավայրն է, որը ստեղծվել է տեսչական մարմնում: Մասնավորապես, մեր տեղեկություններով, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում աշխատում են, մեղմ ասած, ոլորտից անտեղյակ մարդիկ, ովքեր նույնիսկ համապատասխան կրթություն չունեն: Ակնհայտ է, որ նման տեսչական մարմնում աշխատողները պետք է գոնե համապատասխան գիտելիքներ ունենան, սակայն այս դեպքում այդ կանոնն իսպառ բացակայում է. Եղիշ Տերտերյանը նախապատվությունը տալիս է ոլորտից անտեղյակ, բայց իր ծանոթ-բարեկամներին: Ու ստացվում է, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի կարողանում պայքարել իր ենթակայության տակ գտնվող տեսչական մարմնի ղեկավարի դեմ:
Իրականում Տերտերյանի պահվածքը խորը արմատներ ունի, եւ նա կարողանում է իրեն իրավիճակի տեր զգալ: Իսկ ո՞վ է Եղիշ Տերտերյանը. նա տարիներ շարունակ զբաղվել է ընտրակեղծարարությամբ. ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի է: Նա խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել է թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Եղիշ Տերտերյանն այն բազմաթիվներից մեկն է, որի անուն-ազգանունն ընտրողի ենթագիտակցության մեջ նույնանում է ընտրակեղծարար բառի հետ: Իսկ այս խորհրդարանական ընտրություններից առաջ նա կրկին հայտնվել էր սկանդալային պատմության մեջ: «Ժառանգություն» կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սահակյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանին: Իսկ պատճառն էլ հենց նա է եղել՝ իր կոպիտ պահվածքով, քանի որ բղավել էր Լ. Սահակյանի վրա:
Փաստորեն ընտրակեղծարարները ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համար անփոխարինելի են, եւ նրանք կարողանում են անարգել գործել, եթե նույնիսկ ոլորտը կտապալեն: Հավելենք, որ առաջիկայում միավորվելու են նաեւ առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների տեսչական մարմինները: Բայց այստեղ, ի տարբերություն «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի», առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը իրավիճակը վերահսկում է:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳՈՒՅՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի ունեցվածքը աճուրդի է հանվել: Երեկ այն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Հոկտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի կրկնաճուրդը, որոնց արժեքները 10 տոկոսով կնվազեցվեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել Երեւանի Գր. Լուսավորիչ փողոց, 4/4 հասցեում գտնվող 0.051722 հա հողամասը եւ 6554.8 քմ բնակելի եւ ուսումնական մասնաշենքը, որի շուկայական արժեքը կազմում է 1 մլրդ 886 մլն 870 հազար 700 դրամ: Նաեւ վաճառքի է հանվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղում գտնվող 155.069 հա հողամասը եւ թվով 32 առանձին շինություններ` 943 մլն 724 հազար 763 դրամով: Աճուրդի են հանվել «ՇԻՐԱԿ» թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ում գտնվող սառնարանային համակարգ ORXUS եւ BITZER-35C՝ 32 մլն 732 հազար 100 դրամով, մորթի արտադրամասի հոսքագիծ, «Միր Նազար» 2000 հատ ժամ` 40 մլն 969 հազար 800 դրամով, կաթսայատան սարքավորումները` 11 մլն 226 հազար դրամով, բրոյլերի աճեցման հոսքագիծ BKM-3 (10 հատ)՝ 42 մլն 136 հազար դրամով, խոհանոցային համակարգը` 18 մլն 735 հազար դրամով: Հիշեցնենք՝ Գուլոյանը սնանկ էր ճանաչվել դատարանի՝ մայիսի 3-ի վճռով:
100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Դեղատները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից գումարներն են պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016թ. «Լեւոն եւ Լամարա» դեղատուն ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությանը՝ պահանջելով մոտ 100 հազար դրամ: Նշյալ ընկերությունը ՔԿ վարչությանը համապատասխան դեղորայքով է ապահովել, սակայն ՔԿ վարչությունը ընկերության գումարները չի տվել: Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Լեւոն եւ Լամարա» դեղատուն ՍՊԸ-ի հայցը եւ պարտավորեցրել է հօգուտ ընկերության պետական մարմնից գանձել շուրջ 100 հազար դրամ:
ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԾԵԾԻ ՄԱՍԻՆ
Տեւական ժամանակ է, ինչ շտապօգնության աշխատակիցները կամ բժիշկները ծեծի են ենթարկվում քաղաքացիների կողմից: Մի դեպքում քաղաքացիները, կորցնելով իրենց հարազատին, ծեծում են բժշկին՝ մեղադրելով նրան կատարվածի մեջ, մի դեպքում էլ, երբ շտապօգնությունն է ուշանում, դանակահարում կամ դաժան ծեծի են ենթարկում շտապօգնության աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտնեց. «Ես կարծում եմ՝ խնդիրն այն է, որ հասարակությունը օրենքի գերակայությունը, սկզբունքը ընդունում է ավելի շատ որպես կենաց, այլ ոչ թե գործողություն, որը պետք է սկսեն իրենք իրենցից: Բոլորը պահանջում են օրենքի գերակայություն, բայց մտածում են՝ իրենց համար օրենքը կարող է շատ բան թույլ տալ, քան մնացածներին: Այստեղից էլ սկսվում է անհանդուրժողականությունը: Իրենք մտածում են, որ կարող են բժշկին պատժել եւ իրենց արարքի համար չպատժվել օրենքի խստությամբ»:
Հավելենք, որ երեկ բժիշկների համաշխարհային օրն էր: