Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակումը շարունակում է դեռ շատ հարցականներ առաջացնել, մասնավորապես, թե նա, լինելով պետական պաշտոնյա եւ յուրացնելով պետության գումարները, արդյո՞ք լիարժեքորեն կրեց իր պատիժը եւ պատասխանատվության ենթարկվեց:
Դատախազը տեղում չէ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին: Նա պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Երեկ Խաչիկյանը, 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո, «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից:
Նկատենք, որ Խաչիկյանին Սերժ Սարգսյանը ներում է շնորհել այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան ամբողջությամբ չի փոխհատուցել պետությանը հասցրած ավելի քան 290 մլն դրամի վնասը, որ դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այս տարվա մայիսին դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել: Առայժմ այս գործով նախնական դատաքննություն է ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե որքա՞ն է կազմում դատախազության պահանջը, սակայն այս պարզ հարցադրմանը երեկ ողջ օրը դատախազությունում չկարողացան պատասխանել: Թերեւս առավել կարեւոր գործերով էին զբաղված, քան պետական շահին հասցված վնասի մասին տարրական ինֆորմացիայի տրամադրումը, որի համար, ի դեպ, ՀՀ քաղաքացիներս վճարում ենք՝ սկսած դատախազության յուրաքանչյուր աշխատակցի՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, վերջացրած լրատվական ծառայության աշխատակիցներով:
ԴԱՀԿ-ն հետախուզում է
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակեց հետաքննությունը՝ պարզելու, թե շուրջ 5 տարի ազատազրկման մեջ մնալով՝ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վճարե՞լ է մոտ 300 միլիոն յուրացված գումարից ինչ-որ մաս: Ընդ որում, վճարման պարտադրանքը պետք է կյանքի կոչեր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը: Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ»-ը ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանին հարցում էր ուղարկել, թե դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որքա՞ն գումար է գանձել Վազգեն Խաչիկյանից, եթե չի գանձել, ինչո՞ւ եւ, առհասարակ, ի՞նչ ընթացակարգ է սահմանելու ԴԱՀԿ-ն, որպեսզի Վազգեն Խաչիկյանը փոխհատուցի պետությանը հասցրած 290 միլիոն 115 հազար 652 հազար դրամը:
Ի պատասխան մեր հարցման՝ ԴԱՀԿ միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին.«Հայտնում ենք, որ 13.11.2015թ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն) կատարման է ներկայացվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.10.2015թ. տրված թիվ ԵԿԴ0011/01/13 կատարողական թերթը, համաձայն որի՝ Վազգեն Յուրիկի Խաչիկյանի նկատմամբ նախատեսվում է անձնական գույքի բռնագրավում, սակայն ոչ ավել, քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով:
Վերոգրյալի հիման վրա Ծառայության դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների Երեւան քաղաքի բաժնում 19.11.2015թ. հարուցվել է թիվ 01569947 կատարողական վարույթը:
Կատարողական գործողությունների ընթացքում որոշում է կայացվել պարտապանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Հարկադիր կատարողի կողմից ձեռնարկվել են օրենքով թույլատրելի բոլոր միջոցները պարտապան Վազգեն Խաչիկյանին պատկանող գույքը եւ դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ: Արգելադրվել է պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սպանդարյան 23/2 հասցեի բնակարանը: Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»: Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը ոչինչ չունի, նույնիսկ անտուն է:
Անհույս ճիգեր
Եւ հիմա հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի նկատմամբ ամբողջական հետախուզումն իրականացնելուց եւ վերջինիս պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո «պահանջատիրոջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր առաջարկություն է արվել՝ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով դատարան դիմելու համար: Ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով կշարունակվի կատարողական գործողությունների կատարումը պարտապանին պատկանող բաժնեմասի առանձնացման վերաբերյալ կատարողական թերթը Ծառայություն կատարման ներկայացվելուց հետո»:
Այսպիսով՝ պետական բոլոր օղակների՝ առավել եւս Արմեն Հարությունյանի գլխավորած ԴԱՀԿ-ի հույսը Խաչիկյանի Վանաձորյան բնակարանի կես փողն է:
Ի դեպ, ինչպես Սերժ Սարգսյանը ձեւակերպեց՝ օդում կախված լուրեր կան այն մասին, որ այս դեպքում Վազգեն Խաչիկյանն իրականում մեծ կարողության տեր է. նա Ալավերդու ճանապարհին գազալցակայան ունի, տաքսի ծառայություն, երկու բնակարան՝ Երեւան քաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն: Սակայն «թղթերով մաքուր է»:
Իրավաբանական
հնարքներ
Ստացվում է, որ Վազգեն Խաչիկյանը, ունենալով իրավաբանական կրթություն եւ զգալով իր գլխին սեւ ամպերի կուտակումը, մինչ գործի իրավաբանական լուրջ ընթացքը, կամաց- կամաց սկսել է իր ունեցվածքը օտարել. գրանցել է այլ մարդկանց անուններով: Ու երբ գործը մտել է դատաքննության փուլ, Վազգեն Խաչիկյանի անունով այլեւս որեւէ գույք չի եղել:
Ի՞նչ հասկանալ այս իրավիճակում: Փաստորեն՝ կարելի է յուրացնել պետության փողերը՝ մոտ 600 հազար ԱՄՆ դոլարի չափով, ազատազրկման դատապարտվել 12 տարի, հետո լացակումած տեսարաններ բեմադրել, բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնավորապես Սերժ Սարգսյանին, աղերսագիր գրել եւ մոտ 5 տարի կալանքի տակ մնալուց հետո դուրս գալ եւ վայելել լափած փողերը:
Իսկապես «վատ գործ չէ»՝ մոտ 7 տարվա մեջ Վազգեն Խաչիկյանը աշխատեց մոտ 600 հազար դոլար: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վազգեն Խաչիկյանը դեռ կալանավորման առաջին օրերից հայտարարել էր, թե միայնակ չի յուրացրել կամ տնօրինել այդ գումարները: Ու եթե ցուցմունք տա, ապա անուններ կասի, թե ում հետ է «կիսվել»: Սակայն ողջ քննության ընթացքում այդպես էլ ո՛չ անուններ տվեց եւ ո՛չ էլ պետությանը հասցրած վնասը փոխհատուցեց: Ահա պահով Հայաստանի իրավական պատկերը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
4-ՐԴ ԴԱՏԱՎՈՐԸ
Դատավորները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնում: Գործընկերները հրաժարվում են քննել ընկեր դատավորների գործը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 15-ին ՀՔԾ-ում ավարտվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ԱԱԾ-ի՝ վերոնշյալ պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել, սակայն վերջիններս չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Այս գործով կալանավորված է 5 անձ, իսկ 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Սեպտեմբերի 12-ին այս գործը ընդունվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, սակայն դատավոր Մելիքյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ դատավորների հետ ընկերական հարաբերությունների մեջ է:
Գործը մակագրվեց մեկ այլ դատավորի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին, սակայն նա եւս ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ Աղվան Պետրոսյանը իր ընկերն է: Եվ այսպես՝ գործը մակագրվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին:
Երեկ հայտնի դարձավ, որ նա եւս ինքնաբացարկ է հայտնել՝ նույն պատճառաբանությամբ՝ դատավորների հետ մտերիմ է:
Այժմ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին: Սակայն այստեղ էլ լուրջ խնդիր կա: Մնացական Հարությունյանն էլ է պարտավոր ինքնաբացարկ հայտնել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, նա դատավորների եւ դատախազի քրեական գործով որպես վկա է անցնում: Ավելին՝ նա այս գործով ցուցմունք է տվել, թե ինչ կապ կարող է ունենալ նրանց հետ եւ ինչ է արել դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի խնդրանքով: Այնպես որ, դատավորների գործը քննող դատավորի փնտրտուքը շարունակվում է: Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք մի շարք դատավորների, թե այս իրավիճակում ո՞րն է ելքը, վերջիններս հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել, սակայն նշեցին, որ դատական համակարգն էլ խնդրի առաջ է կանգնած, քանի որ չկա օրենսդրական նորմ, ըստ որի՝ կարողանան այս գործով ելքեր փնտրել, ասել է, թե այս գործն այլ դատարանի քննությանը հանձնել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունն էր: Դատարանը հետազոտել է Բաբայանի աշխատասենյակում արված գաղտնալսումները: Դատարանը նախապես պարզաբանել էր, որ չեն կարող այդ գաղտնալսումները հատվածական լսել, այդ պատճառով գուցե գործին չվերաբերելի զրույցներ լսեն: Ընդմիջումից հետո դատարանը հետազոտելու է ամբաստանյալների հեռախոսային զրույցները: Պաշտպանները միջնորդել են փաստաթղթային տարբերակը հետազոտել, ու մեղադրող դատախազը կներկայացնի գործին վերաբերող հատվածները, եթե իրենք անհրաժեշտ գտնեն հետազոտելու համար զրույցներից հատվածներ ավելացնել, համապատասխան միջնորդություն կներկայացնեն: Դատարանը բավարարել է նրանց միջնորդությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն: