ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՄԵԿ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում քնած հրաբուխ համարվող ինքնորոշման հարցերը վերջին 2 տարիների ընթացքում կրկին ակտիվացել են: Այդ շարքում է Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հարցը, որի առթիվ կիրակի օրը հանրաքվե անցկացվեց: Թվում էր՝ եվրոպական մայրցամաքում վաղուց լուծված էին էթնիկության հետ կապված խնդիրները, սակայն ԵՄ-ի շուրջ ծավալված ճգնաժամը, դրանից դուրս գալու ելքերի հարցում կոնկրետ բացթողումները անջատողական տրամադրություններ են առաջացնում Եվրոպայում, որոնց համար պատրաստի պատասխաններ չունի եվրոպական քաղաքական վերնախավը:

Կատալոնիան Իսպանիայի հյուսիսային հատվածում գտնվող տարածք է, որը կազմում է Իսպանիայի բնակչության շուրջ 15 տոկոսը՝ 7.5 մլն մարդ: Երկրամասը ապահովում է պետության տնտեսության շուրջ 20 տոկոսը: Երեք տարվա ընթացքում դա Կատալոնիայի թվով երկրորդ հանրաքվեն էր: 2014թ. նոյեմբերին կայացած հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 5.4 միլիոն բնակչության մոտ կեսը, որի շուրջ 80 տոկոսն իր համաձայնությունը տվել էր անկախանալուն: Այս անգամ պատկերը գրեթե կրկնվել է՝ ի հեճուկս իսպանական իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքի: Քվեարկությանը մասնակցել է մոտ 2.2 մլն քաղաքացի, որից 91 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Վերջին տարիներին խնդիրը հատկապես սրվել է Իսպանիայի ներսում տիրող տնտեսական բարդ իրավիճակի պատճառով՝ հանգելով կատալոնացիների ավելի մեծ ինքնավարության պահանջին: Իսպանական կառավարությունը կտրականապես դեմ է արտահայտվում հանրաքվեի գաղափարին՝ այդ տրամադրությունը դեռեւս 1978թ. դարձրած լինելով սահմանադրական նորմ: Ըստ իսպանական սահմանադրության՝ երկրի տարածքում հանրաքվե անցկացնելու իրավասությունը պատկանում է միմիայն կենտրոնական իշխանությանը: Բնական է, որ նման իրավասություն ունենալով՝ իսպանական կառավարությունը չի էլ ցանկանա Կատալոնիայում հանրաքվե հրավիրել՝ քաջ գիտակցելով, թե դա ուր կարող է հասցնել: Ի դեպ, իսպանացիների ավելի քան 70 տոկոսը նույնպես թշնամաբար է տրամադրված Կատալոնիայի անկախությանը: Ըստ էության, այսժամ նույնպես Իսպանիայի կառավարությունը կատալոնական հանրաքվեի օրինականությունը չի ճանաչում՝ հղում անելով դրա հակասահմանադրականությանը:
Դեռեւս 1931թ. Կատալոնիան ստացել էր լայն ինքնավարություն, սակայն 1940-ական թթ. ազգայնականների հաղթարշավի շրջանում զրկվել էր այդ արտոնություններից: Արդեն 1975թ. գեներալ Ֆրանկոյի մահից հետո երկրամասը կրկին ստացավ ինքնուրույնություն: Ակնհայտորեն ինքնուրույնության այդ մակարդակը այլեւս չի բավարարում կատալոնացիներին, որոնց համար կենսական նշանակություն է ստանում անկախության գաղափարը: Այս մտածումով էլ կատալոնացիները վճռական գործողությունների են անցել, որոնք, ի դեպ, օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ որի՝ կատալոնական հանրաքվեն օրինական չէ, եւ դրա արդյունքներն էլ որեւէ իրավական ուժ չունեն, խնդիրը տեղափոխվել է քաղաքական հարթություն: Այսինքն՝ հայտնվել է կրկին այն դաշտում, որտեղ որ եղել էր ի սկզբանե: Պարզ է, որ հանրաքվեի ու դրա արդյունքների շնորհիվ կատալոնական իշխանությունների դիրքերը ավելի են ամրապնդվել: Նկատելիորեն մեծանում են իսպանական իշխանություններից նոր զիջումներ կորզելու շանսերը: Դժբախտաբար, իսպանական ղեկավարությունը խնդրի լուծումը չի տեսնում փափուկ լուծումներով՝ նախընտրելով բռնի ու կոպիտ մեթոդիկան: Դա, անտարակույս, հակառակ արձագանք է հարուցելու կատալոնացիների մոտ՝ անջատողական ձգտումները ավելի եւս խորացնելով: Յուրաքանչյուր նման կոնֆլիկտ, եթե կողմերը շահագրգռված են դրական հանգուցալուծման հարցում, լուծելի է բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ յուրաքանչյուր ագրեսիա հակառակ ազդեցությունն է ունենալու, ինչը կարծես Իսպանիայի իշխանական շրջանակները չեն հասկանում՝ լինելով հանդերձ ԵՄ-ի կազմում, մասնակցելով համաեվրոպական գործակցությանն ու կրելով հանդուրժողականության քաղաքականության պատասխանատվությունն առնվազն ի պաշտոնե: Քաղաքական փոխզիջման փոխարեն իսպանական իշխանությունները դրսեւորում են արեւելյան խանություններին բնորոշ վարքագիծ, ինչը միանգամայն մերժելի է գոնե Եվրոպայի դավանած արժեհամակարգի տրամաբանության շրջանակներում:
Իսպանական իշխանությունների վարքը հիշեցնում է ադրբեջանական վերնախավի կեցվածքը Արցախի հանդեպ: Վերջինս ԽՍՀՄ փլուզման շրջանում միության օրենքներին համապատասխան կերտեց իր անկախության ուղին՝ ստիպված լինելով այդ իրավունքը պաշտպանել նաեւ ռազմի դաշտում: Ադրբեջանի իշխանությունների մաքսիմալիստական ու բռնի գործողությունների արդյունքում իրավիճակը հանգեց պատերազմի՝ դրանից ետքայլ այլեւս չթողնելով: Ադրբեջանը Արցախի հետ հարաբերություններում ունի զարգացման երկու տարբերակ՝ կա՛մ ռազմական ճանապարհով գրավում է երկրամասը եւ արյան վրեժ լուծում ու այդպիսով ստիպում հայությանը արտագաղթել, կա՛մ գործընկերային կեցվածք է որդեգրում եւ հրաժարվում ագրեսիայի գործիքներից ու ռազմական հռետորաբանությունից: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի իշխանությունը երկրորդ տարբերակին չի գնալու՝ առաջին հերթին Արցախը դիտելով իր իշխանավարությունը շարունակելու հրաշալի պատրվակ: 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններն էլ եկան փաստելու, որ Ադրբեջանում Արցախը դիտարկվում է սոսկ որպես նվաճելի տարածք, ինչը էականորեն նվազեցնում է փոխզիջման ու խաղաղ գոյակցության հնարավորությունները: Ինչպես Կատալոնիայի դեպքում, այսժամ նույնպես խնդիրը ոչ այնքան իրավական ու ռազմական հարթություններում է, որքան քաղաքական բնագավառում: Երկու դեպքում էլ գործ ունենք կոնֆլիկտի լուծման մեթոդաբանության ընտրության խնդրի հետ, սակայն եթե Կատալոնիան խաղաղ ճանապարհով հարցը լուծելու ավելի մեծ հնարավորություններ ունի՝ առաջին հերթին նկատի ունենալով ԵՄ-ի քաղաքակրթական ազդեցությունը, ապա Արցախի խնդիրը շատ ավելի բարդ է՝ հանձին ռուսական կայսերապաշտականության տխուր միջամտության:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային եւ այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետեւանքներ են առաջացրել: Այնտեղից մեր աղբյուրը, չցանկանալով իր անունը հրապարակել, ուշագրավ փաստեր հայտնեց: ԵՏՄ մաքսային օրենքներով թույլատրվում է առանց մաքսի ավտոպահեստամասեր ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում ոչ մի ավտոպահեստամասի ներկրում, եթե քաղաքացին փորձի ավտոմեքենայի ձայնի խլացուցիչ ներկրել, մաքսակետում կստիպեն դրա քաշի հաշվով այն մաքսազերծել: ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ թույլատրվում է առանց մաքսավճարի մինչեւ 50 կգ ավտոմեքենայի յուղ ներկրել, դա կազմում է մոտ 60 լիտր, սակայն Բագրատաշենի մաքսակետում ավտոմեքենայի յուղի ներկրում չեն թույլատրում: Ըստ ԵՏՄ մաքսային օրենքների՝ առանց մաքսավճարի թույլատրվում է մեկ սառնարան, աման լվացող 2 մեքենա ներկրել, սակայն չի թույլատրվում առանց մաքսի մեկ հատ լվացքի մեքենա ներկրել: Բագրատաշենի մաքսակետում կատարված կադրային փոփոխություններով Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատող բնակիչներին աշխատանքից ազատել են, նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել հիմնականում երեւանցիների, ովքեր ամեն անգամ մայրաքաղաքից Բագրատաշենի մաքսակետ են գալիս՝ տաքսիով 220 կմ ճանապարհ կտրելով: Մաքսակետում նոր աշխատանքի ընդունվածների մի մասը ռուսերեն լեզվին լավ չի տիրապետում: Հավելենք, որ մաքսային համակարգում փոփոխությունների արդյունքում մաքսակետի աշխատողները բաժանվել են 2 մասի՝ մաքսային ձեւակերպումների եւ մաքսային զննման բաժինների միջեւ: Ձեւակերպումների բաժնի աշխատակիցները 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, թեեւ զննման բաժնի աշխատակիցներն ավելի մեծ ծավալի գործ են կատարում: Բագրատաշենի մաքսակետում տեր ու տնօրինություն են անում մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատողները: Նրանք, ըստ օրենքի, իրավունք չունեն մտնելու մաքսային հսկողության գոտի, սակայն նրանք են դիմավորում Թուրքիայից եկած ավտոբուսներին, որոշում, թե այդ ավտոբուսներից ինչքան օգտագործված կամ չօգտագործված հագուստ է առանց մաքսի ներկրվելու ՀՀ:
Մաքսանենգության դեմ պայքարի բաժնում ՀՀ-ում հայտնի, ազդեցիկ մարդկանց զավակներն են, այնտեղ սովորական ընտանիքներից մարդիկ չկան: ՀՀ-ի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մաքսային օրենսդրությանը տեղյակ չէ, չի էլ ձգտում սովորել, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում՝ ասելով, որ քաղաքացիներն իրենք պիտի իմանան օրենսդրությունը: Բագրատաշենի մաքսակետում կան կանաչ եւ կարմիր գծեր, կանաչ գծով անցնում, սահմանը հատում են այն ավտոմեքենաները, որոնց մեջ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Մաքսակետի կանաչ գծով սահմանը հատող մեքենայի տերը կարող է իր ավտոմեքենայի բեռնախցիկը մաքսային զննման համար չբացել, սակայն Բագրատաշենի մաքսակետի աշխատողները բոլոր ավտոմեքենաների բեռնախցիկները ստիպում են բացել: Այս տարի Բագրատաշենի մաքսակետի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը էլեկտրոնային փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ, սակայն այդպես էլ պատասխան չկա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս