«ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԿԵՐԱԿԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երկրում տիրող իրավիճակի, քաղաքական վերնախավի նկարագրի, մտահոգիչ խնդիրների մասին զրուցել է դերասան Գնել Սարգսյանի հետ։

-Գնե՛լ, այժմ ինչո՞վ եք զբաղված։ Առաջիկայում Ձեզ էկրաններին կտեսնե՞նք։
-Այս պահին ընդհանուր առմամբ ազատ եմ, ինչ-որ կոնկրետ հրավեր չկա։ Սկզբում վրդովվում էի այդ փաստից, հիմա ոչ։ Երբ դու քո տեղում չես, այն, բնականաբար, զբաղեցնում են ուրիշները (նկատի ունի տեւական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում ապրելու տարիները-հեղ.)։ Հիմա ես աշխատում եմ մի մոնո-ներկայացման վրա։ Միշտ մտածել եմ, որ դրա իրականացումն անտանելի բարդ աշխատանք է, եւ ես, այսպես ասած, չեմ կարող «տակից դուրս գալ»։ Երբ մարդուն ասում ես՝ արի՛, մեկ ժամ շարունակ նայիր իմ խաղը, պետք է արդարացնես քեզ։ Առհասարակ, եթե խոսելու լինենք իմ ստեղծագործական կյանքից, պետք է խոստովանեմ, որ ինչ-ինչ երեւույթներից շատ արագ ոգեւորվում եմ, բայց շատ արագ էլ թեւաթափ եմ լինում՝ տեսնելով այն, թե իրականում ինչ է կատարվում արվեստի ոլորտում։ Չէ՞ որ դերասանները սիրում են երազանքներով ապրել, սակայն հաճախ երբ արթնանում են, տեսնում են, որ ոչինչ չի ստացվում։
-Դուք որոշ ժամանակ առաջ մեկնեցիք երկրից, Ռուսաստանում էիք գործունեություն ծավալում, հետո վերադարձաք։ Ի՞նչն էր Ձեզ ստիպել հեռանալ։
-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում արտագաղթի պատճառը սոցիալական խնդիրներն են։ Իհարկե, դա էլ կա, բայց անձամբ ես այդ պատճառով չէ, որ գնացել էի։ Ինձ նման հազարավորները գնում են, որովհետեւ հոգեբանորեն ճնշված են։
-Բայց Սերժ Սարգսյանն ասել էր, որ 2040-ին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի։
-Նախ՝ Սերժ Սարգսյանը դա չի ասում, կարդում է։ Դա արդեն վատ է։ Եթե նա կարդում է «բարեւ ձեզ»-ը, ես չեմ կարող նրան հավատալ։ Երկրորդ՝ եկե՛ք, մենք միայն մեր բնակչությունը մեծացնելու մասին չմտածենք, այլեւ այդ բնակչության որակը բարձրացնելու։ Չէ՞ որ մենք ունենք աշխարհի ամենաթանկ կապիտալը՝ ուղեղը։ Ինչի՞ համար այն բթացնենք։ Ուրեմն այդ կապիտալը վերեւներին ձեռնտու չէ… Ես եկել եմ այն եզրակացության, որ վերեւներում բոլորը «չուժոյ» են, այս երկրից չեն, այս ազգի ծնունդ չեն։ Մեզ հարկավոր է առաջնորդ, որն իր տեղում այնպես կաշխատի, որ հեռանալու դեպքում իր հաջորդը գա ու իմանա, որ այդ տեղը աշխատելու համար է։ Ինձ քիչ է հետաքրքիր՝ երկիրը տնտեսական քանի տոկոս աճ է գրանցել, ինձ հետաքրքրում է՝ մորաքույրս կարողանու՞մ է ապրել, թե ոչ, հարեւանիս տրամադրությունն է ինձ հետաքրքիր, այն, որ իրար տեսնում ենք, անգամ «բարեւ» չի ստացվում տալ։ Արդյունքում տեսնում ենք, որ ոչ մի աճ էլ չկա… Այսօր մենք ծիծաղում ենք Ալիեւի վրա, նրան ծաղրելու առիթը բաց չենք թողնում, բայց ինչի՞ համար։ Դրանով մենք մեզ ենք նսեմացնում։ Եթե քո արտաքին թշնամին Ադրբեջանն է, ու դու նրան ծաղրում ես, ուրեմն դու էլ ես ծաղրի արժանի. դու լավը լինեիր, քո թշնամին էլ կլիներ ոչ արժանի ծաղրի։ Համենայն դեպս Ալիեւը ոչ մի բանից ազգ է ստեղծում, իսկ մենք ազգը սարքում ենք ոչ մի բան։ Հայկ Նահապետի մասին, որը հզորագույն երեւույթ էր, որի անունով մենք կոչվեցինք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան, պատմության դասագրքում ընդամենը կես էջ բան է գրված, իսկ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ երեք պարագրաֆ։ Ես չեմ կարող դա հասկանալ։ Մենք ազգովի զբաղված ենք ինքնասպանությամբ։
-Շատ է շահարկվում այն հանգամանքը, որ մենք 26 տարի է, ինչ անկախ ենք, եւ նորմալ է, որ փոքր քայլերով ենք առաջ գնում։
-Հենց հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ավելորդ ոչ մի քայլ անելու իրավունք չունենք, փոխարենը պետք է օրնիբուն աշխատենք։ Բարդ բան չէ այս երկիրը խելքի բերելը։ Կան հարցեր, որոնք լուծելը երկար ժամանակ չի պահանջում։ Բացի այդ՝ ես համաձայն եմ սպասել, միայն թե տեսնենք, որ վերեւներում գործ են անում, բայց չի ստացվում, չարչարվում են… Այդ դեպքում ես կասեմ ծնողիս թոշակ մի տվեք, այդ գումարը գուցե ավելի կարեւոր տեղ ծախսեք։ Հայաստանի վիճակը նայեք, ընդերք չի մնացել, հայտնվել ենք օդում։ Ոտքներիս տակ ամուր հող չկա։ Սեպտեմբերի 21-ին մենք անկախության տոնը լիարժեք նշել չենք կարողանում, որովհետեւ հաճախ տոնի զգացողություն չենք ունենում։
-Նախագահի գործելաոճում, օրինակ, կոնկրետ ի՞նչն է, որ Ձեզ դուր չի գալիս։
-Նա կորցրել է ժողովրդի զարկերակը, տրոփյունը չի զգում։ Անգամ ուզում եմ կարծել, որ շրջապատի մարդիկ իրականությունից դուրս ինֆորմացիա են հասցնում նրան։ Պարոն Սարգսյանին կխնդրեի հագնել ոչ թե քաղաքական գործչի, այլ առաջնորդի կերպար, կուզեի, որ նա Ամանորին իր հայրենակիցներին ժպտալով ասեր «շնորհավոր», ոչ թե այնպիսի դեմքով, որ չուզենաս՝ քո Նոր տարին շնորհավորեն։ Կխնդրեմ, որ նախագահը տեքստը կարդա միայն հաշվետվությունների ժամանակ, բայց երբ դիմում է մեզ, մեր դեմքին նայի։
-Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունի՞ց ինչ տպավորություն ունեք։
-Ես նրան չեմ հավատում, թեեւ ընդունում եմ, որ խելացի մարդ է, ինչպես նախագահը։ Բայց խելացի լինելը դեռ չի նշանակում, որ հանրօգուտ աշխատանք էլ է անում։ Վարչապետը կարողանում է իրեն լսել տալ, ունի մի շարք ձիրքեր, բայց էլի մոռանում է, որ մեզ դակլադներ պետք չեն, այլ անձնական շփում։ Ինչի՞ց են վախենում, որ մուրացկանները կթափեն իրենց վրա՞։ Թող չվախենան, իրենք են ստեղծել այդ մուրացկաններին, իրենց չեն ուտի, շատ-շատ՝ փեշերից քաշեն, ասեն. «5000 դրամ տվեք»։ Իրենք ունեն, կարող են տալ, մենք չենք կարող։
-Մտավորականության, հոգեւոր դասի դերը մեր իրականությունում որքանո՞վ եք կարեւորում։
-Մեր մտավորականությանը դարձրել են սուրճի մրուր, որին ողողում ու թափում են, չեն էլ խմում։ Ինչ վերաբերում է եկեղեցու դերին, մի հարց եմ ուզում տալ՝ ինչի՞ համար են այսքան եկեղեցիներ կառուցվում։ Եթե կաթողիկոսը կարողանում է բարերարների գրավել, եթե ունի այդքան ազդեցություն, ինչու՞ չի խնդրում, որ ֆինանսներ ուղղվեն նաեւ մշակույթի ոլորտին, բանակի զարգացմանը։ Մեզ էլ եկեղեցի պետք չէ, բավական է։
-Ձեր նշած խնդիրների լուծումը որտե՞ղ եք տեսնում։
-Մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր գաղափարախոսություն, եւ վստահ քայլենք առաջ՝ լրացնելով բաց թողածը։ Մեզ համար ամեն կարեւոր խնդիր ու իրադարձություն պետք է դառնա համահայկական, համաժողովրդական։ Այս դեպքում գուցե առաջընթաց ունենանք։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 




Լրահոս