Իշխանություններն ամեն քայլափոխի է՛լ ավելի են հիմնավորում վաղուց արմատացած տեսակետը, թե Հայաստանում արդարադատությունն իսպառ բացակայում է, հատկապես քաղբանտարկյալների պարագայում: Նախորդ տարվա հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանին Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը զրկել է ցուցմունք տալու հնարավորությունից: Պատճառն էլ այն է, որ ըստ նրա՝ դատարանում նախ պետք է ցուցմունք տան վկայի կարգավիճակ ունեցող 50 ոստիկանները, որոնցից ոչ մեկն, ի դեպ, չէր ներկայացել դատարան: Եւ հիմա պաշտպանական կողմը պնդում է, որ դատավորն այսպես զրկում է իրենց պաշտպանվելու հնարավորությունից, նաեւ արհեստականորեն երկարաձգում են Ղուկասյանի՝ անազատության մեջ պահելու ժամկետները:
Հայաստանյան իրականության մեջ սա, թերեւս, դարձել է սովորություն: Միայն թե, նկատենք, նման գործելաոճը հետագայում շատ թանկ է նստում հենց Հայաստանի Հանրապետության վրա. սովորաբար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարում է նման իրավիճակներում ներկայացված բողոքները՝ պարտադրելով իշխանություններին մի քանի հազար եվրո փոխհատուցում վճարել: Թերեւս նույնն էլ սպասվում է նաեւ այս դեպքում:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանից միայն օդային ճանապարհով արտագաղթել է 12 հազար 11 հոգի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանով երկրից մեկնել է 933 հազար 384 քաղաքացի եւ ժամանել 922 հազար 910-ը: Իսկ ահա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 33 հազար 713 հոգի, ժամանել՝ 32 հազար 176-ը: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թիվն ավելի շատ էր՝ 26 հազար 681: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու չվերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 12 հազար մարդ է, անհանգստության տեղիք է տալիս: Եւ հետո՝ սա դեռ ամբողջական պատկերացում չի տալիս արտագաղթի ծավալների մասին. չէ՞ որ մարդիկ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում: ՀՀ վարչական դատարանում նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը մեզ հետ զրույցում պատմել է. «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել եւ վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւացել: Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է եւ չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, եւ այն ընդունվել է վարույթ»,- ասաց նա:
Նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ հիմնականում ՀՀԿ-ն պայքարելու է ՀՀԿ-ի դեմ: Բայց ինչպես ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ ՀՀԿ-ն շատ համայնքներում կոնկրետ թեկնածուների չի պաշտպանելու: Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն՝ Արմավիրում, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը՝ Վայոց ձորում եւ Բերդն ու Աչաջուրը՝ Տավուշի մարզում: Օրինակ՝ Վարդենիս համայնքում 3 ՀՀԿ-ական է մտադիր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Արամ Հարությունյանը եւ երիտասարդ Կարեն Մկրտչյանը: Հիմա ՀՀԿ բարձրագույն մարմինը ի՞նչ դիրքորոշում ունի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Թադեւոսյանը պատասխանեց. «Դաշտը թողնված է ազատ, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կընտրվի: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաեւ այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով»:
ՀԱՄԱԿԱՐԾԻՔ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են բանակցային սեղան վերադարձնել ԼՂ հակամարտության կողմերին. հոկտեմբերի 6-7-ը սպասվում է համանախագահների տարածաշրջանային այցը: Հիմնական նպատակը Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպելն է:
Եւ ահա սպասվելիք զարգացումների համատեքստում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ հետաքրքրական մեսիջներ են հնչում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Այդ ամենն առայժմ քաղաքագետների մակարդակով: Բայց պարզ է, որ թեկուզ փորձագիտական կարծիքները նման դեպքերում ամենեւին էլ պատահական չեն, այլ հեռահար նպատակներ ունեն:
Եւ այսպես՝ Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում՝ Carnegie.ru-ում, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հոդված է հրապարակել ԼՂ խնդրի մասին՝ նշելով, որ սա հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որտեղ ՌԴ-ն ու Արեւմուտքը պատրաստ են միասին գործել: «Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտություններն այս կամ այն առումով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայություն… Միայն ղարաբաղյան հակամարտությունը ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արեւմուտքը երբեք չեն որակել որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս ,- գրել է ռուս քաղաքագետը, նաեւ նկատել,-Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ եւ Արեւմուտքի համար լուրջ խթան է ստեղծում գործակցության համար»:
Հատկանշական է, որ այս հոդվածը լույս է տեսել ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության նոր ալիքի, տնտեսական փոխադարձ պատժամիջոցների պայմաններում, այն էլ՝ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից առաջ: Դեռ ավելին՝ այսօր ռուսական կողմն է հայտարարում, թե արցախյան խնդրում իրենք պատրաստ են Արեւմուտքի հետ միասին գործել, իսկ ավելի վաղ նման տեսակետ էր հնչել ԱՄՆ-ից: Եթե հիշում եք՝ Մինսկի խմբի՝ ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն այս տարվա մայիսին հայտարարել էր, թե չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակասություններին՝ երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, ավելին՝ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունների սուր վատթարացման պայմաններում: Միաժամանակ նա պնդել է, թե Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում:
Ու հիմա նման մեսիջներից կարելի է ենթադրել, որ գերտերությունները գոնե իրենց հրապարակային գործունեությամբ փորձում են հասնել հակամարտության կարգավորման: