ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ՝ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹՈՂՆԵԼՈՎ ՆՈՒՅՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքին: Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետին զեկուցվել է, որ այս տարվա համար նախատեսված 49 միջոցառումներից իրականացվել է 22-ը, իսկ մնացած 27-ը գտնվում են ընթացքի մեջ. դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ նոյեմբերի վերջ: Իսկ այդ ամենի արդյունքում կառավարությունն ակնկալում է, որ Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում մեր երկիրն իր դիրքը կբարելավի մի քանի կետով:

Նկատենք, որ նախորդ տարի էլ Հայաստանը Doing Business-ում զբաղեցրել էր 38-րդ հորիզոնականը՝ իր դիրքերը բարելավելով 5 կետով:
Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն այս տարի 6 հորիզոնականով իր դիրքերը բարելավել է Մրցունակության գլոբալ ինդեքսի վարկանիշային աղյուսակում. 137 երկրների մեջ զբաղեցրել է 73-րդ տեղը (բայց այսքանից հետո անգամ էապես զիջել է տարածաշրջանի երկրներին. Մրցունակության գլոբալ ինդեքսի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 35-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 53-րդ, Վրաստանը՝ 67-րդ եւ, վերջապես, Իրանը` 69-րդ տեղում):
Կառավարությունն ամեն անգամ հրճվում է իր այդ «ձեռքբերումներով», փորձում է վարկանիշային աղյուսակներում այս տեղաշարժերը ներկայացնել որպես լրջագույն առաջընթաց, եւ շարունակում են աշխատել հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելու ուղղությամբ: Միայն թե, նկատենք, միջազգային տնտեսական կազմակերպությունների զեկույցներում նման վարկանիշներ ունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանում տնտեսության վիճակն իրականում բարելավվել է: Ի վերջո, նախորդ տարի Doing Business-ում ՀՀ-ն 5 կետով բարելավել էր իր դիրքերը, բայց հիշում եք՝ տարին ամփոփեցինք 0.5 տոկոս տնտեսական աճով: Նույնն է նաեւ այս անգամ. տնտեսական դաշտում լուրջ տեղաշարժեր չեն նկատվում: Ընդհակառակը, այդքան թմբկահարված տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային՝ տեղեկացնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը եթե հունվար-հուլիսին 6,2 տոկոս էր, ապա արդեն հունվար-օգոստոսին դարձավ 5,5 տոկոս, իսկ 2018թ. տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է մոտ 4,2 տոկոս տնտեսական աճ (եթե համեմատության համար որպես հիմք վերցնենք 2016թ. 0.5 տոկոս աճը, ապա այս տարի սպասվող ցուցանիշն իրականում այնքան էլ բարձր չէ):
Եւ հետո՝ Հայաստանում այդպես էլ չեն վերացել տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոնները: Իսկ դրանք, հայտնի փաստ է, որ քաղաքական են՝ ոչ լեգիտիմ իշխանություն, տնտեսական մենաշնորհներ, տնտեսական-հարկային դաշտի անկայունություն, արդարադատության, անկախ դատական համակարգի իսպառ բացակայություն, հարեւանների հետ փակ սահմաններ, ԼՂ հակամարտություն, շարունակական արտագաղթ, որի արդյունքում երկրից պակասում են արտադրողներն ու սպառողները, եւ այսպես շարունակ: Ու քանի դեռ չեն լուծվել այս բոլոր խնդիրները, անկախ նրանից, թե Հայաստանն այս կամ այն միջազգային կազմակերպության զեկույցում որերորդ հորիզոնականն է զբաղեցնում, տնտեսության վիճակը, միեւնույն է, շարունակելու է մնալ նույնը:
Մեկ փաստ էլ. կառավարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումներն իրականացվում են հետեւյալ ուղղություններով՝ բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցում, շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրում, սեփականության գրանցում, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավում, ՓՄՁ խթանում, ներդրողների պաշտպանվածություն, վարկերի հասանելիություն: Այսինքն՝ այս կամ այն երկրի վարկանիշը հաշվարկելիս Doing Business-ը մեծ տեղ է տալիս փաստաթղթաշրջանառության հեշտացմանը, վարչարարական հնարավորությունների պարզեցմանը: Հայաստանում վերջին տարիներին այս առումով իրավիճակը բարելավվել է, եւ խնդիրները ծագում են բիզնես հիմնելուց հետո արդեն: Իսկ այդ դեպքում որքան էլ Doing Business-ում կամ Մրցունակության գլոբալ ինդեքսում Հայաստանը բարձր դիրք գրավի, միեւնույն է՝ իրավիճակը չի փոխվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԻՅԱ, ԻՐՈ՞Ք
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը եղել էր այն, որ նա նեղսրտվել էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու պահանջից: Սակայն ուշագրավն այն է, որ երեկ Արայիկ Գրիգորյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, ասել է բառացիորեն հետեւյալը. «Ես չեմ լքելու հանձնաժողովը»: Եվ սա այն դեպքում, երբ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ եւս արդեն գրված է, որ Արայիկ Գրիգորյանը 24.05.2017-19.09.2017թթ. հանդիսացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո արդեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմն է համալրել: Այսքանից հետո ընդամենը երկու հետեւություն՝ կա՛մ Գրիգորյանը խաբում է, կա՛մ էլ պարզապես տեղյակ չէ, թե որ հանձնաժողովի անդամ է, ի վերջո, հանդիսանում, քանի որ համապատասխան գործընթացը կազմակերպել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանց նրան տեղյակ պահելու:

 

 

ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամենեւին էլ չի հետաքրքրվում՝ վերջերս ազատ արձակված, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձրե՞լ է պետությունից յուրացրած մոտ 290 մլն դրամը, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հետեւողական կլինի, որպեսզի նախարարությանը հատկացված միջոցներից յուրացված գումարները վերադարձվեն, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Կարծում եմ՝ հարցն իրավապահ ոլորտին է վերաբերում, եւ այդ գործընթացները դուրս են սոցիալական ապահովության ծառայության ոլորտից: Ես տեղեկատվություն չունեմ այդ գումարների վերադարձված լինել կամ չլինելու մասին, ամեն դեպքում դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը մեր նախարարության իրավասությունից դուրս է»:

 

 

 

ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկի՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ մականվամբ) տան ուղղությամբ այս տարվա հուլիսի 27-ին կրակոցներ արձակած անձին կամ անձանց դեռեւս չեն հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ուղղությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է, բայց երկու ամիս անց դեռեւս էական առաջընթաց չի գրանցվել: Նաեւ տեղեկացանք, որ թեեւ բնակարանը պատկանում է Արթուր Հարությունյանին` Պալաչին, որը իր ընտանիքի հետ միասին մեկնել է ՀՀ-ից, բայց բանալին գտնվել է եղբոր մոտ, եւ վերջինս է, ըստ էության, «տանը տիրություն արել»:

 

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ՉԷ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հավաստիացնում է, թե ՀՀ արտաքին պարտքի չափը մտահոգիչ չէ: «Բոլոր երկրներն էլ պետական պարտքը չեն նայում` ավելանում է, թե չէ: Ուղղակի պետական պարտքի ավելանալու հետ պիտի շահույթ ստանան, որ էդ շահույթով փակեն: Շատ զարգացած երկրներ` Գերմանիա, Չինաստան, բոլորն էլ մեծ արտաքին պարտքեր ունեն: Արտաքին պարտքն էդքան սարսափելի բան չի թվերով արտահայտած»,-հայտարարել է նա:

 

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշել է, որ Եվրոպական կառույցների համար ակնհայտ է, որ Արեւելյան գործընկերությունը ԵՄ օրակարգում բարձր հորիզոնականում պահելն առաջնահերթություն է: «Լիահույս սպասում ենք առաջիկա հաջող գագաթնաժողովին, որը նոր խթան կլինի Արեւելյան գործընկերության համար եւ ցույց կտա շոշափելի արդյունքներ»,- հայտարարել է դեսպանը: «Կարծում եմ՝ կառուցողական արդյունք ստանալու ակնկալիք ունեն նաեւ հայաստանյան գործընկերները: Տարածաշրջանին ուշադրություն է պետք դարձնել: Մայրցամաքի արեւելյան մասին պետք է ավելի սերտ ներգրավել ԵՄ գործունեությանը: Արեւելյան մասը նաեւ ֆինանսական օժանդակության կարիք ունի»,-համոզմունք է հայտնել Պ. Սվիտալսկին:

 

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին: Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանը նախորդ գումարման Աժ պատգամավոր էր, Քեթրինի Միհրանի՝ Միհրան Պողոսյանի մտերիմը, եւ իր պատգամավորության գործունեության 5 տարվա ընթացքում նա Արտակ Սարգսյանի՝ Սասի Արտակի հետ օրենսդրական ընդամենը 2 նախագիծ էր ներկայացրել, որից, սակայն, այդպես էլ որեւէ գաղափար չուներ:

 

 

 

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ
Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանին: ԱԱԾ նախկին պետին հրաժեշտ տալու էին եկել նրա ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները: Ներկա էին Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ:

 




Լրահոս