ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻՑ 500 ԿԳ ՈՍԿԻ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումներ է իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքում եւ բացահայտել է, որ ընկերությունից «500 կգ ոսկի է անհետացել»:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի հունվարի 20-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության: Հանքը պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած ակտը եւ վերացնի ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հրամանը:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Պարզվում է, որ 2016թ օգոստոսի 4-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հանձնարարագրի համաձայն՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) երկրաբանական վերահսկողության բաժնի պետ-ընդերքի հանրապետական ավագ պետական տեսուչ Արսեն Հովհաննիսյանը, երկրաբանական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ-ընդերքի հանրապետական պետական տեսուչ Սերգեյ Աբրահամյանը Սոթքի ոսկու հանքի հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ ստուգում են իրականացրել եւ լուրջ բացահայտումներ արել: Այդ բացահայտումների հիման վրա կայացվել է ակտ՝ որով համապատասխան խախտումը պետք է ուղարկվեր պետական եկամուտների կոմիտե, ըստ որի՝ այն պետք է ընկերությանը համապատասխան գումարի չափով տուգաներ: Սակայն հաշվի առնելով, որ Սոթքի ոսկու հանքի ղեկավարությունը բողոքարկել է նախարարության ակտը, եւ վերջիններս դատական պրոցեսի մեջ են, կայացված ակտի հետագա ճակատագիրը դեռեւս անհայտ է:
Սակայն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն տեսչության կազմած ակտի հետ համաձայն չէ, այն բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում: Գործը քննել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը եւ հետաքրքիր է, որ բավարարել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հայցը: Դատավորը անվավեր է ճանաչել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից կայացրած ակտը:
Իսկ հիմա անդրադառնանք ամենակարեւոր հարցին՝ ի՞նչ բացահայտումներ է իրականացրել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, որը այդքան վրդովեցրել է Սոթքի ոսկի հանքի ղեկավարությանը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչական դատարանում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանին: Նա հայտնեց. «Նախարարության կողմից ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել եւ վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւացել: Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող լինել 500 կգ ոսկի, այլ մաքսիմում` 8 կգ ոսկի: Արդյունքում ՍՊԸ-ն հետագա վերահաշվարկ է իրականացրել ու հանգել է այն դիրքորոշման, որ իրենք ճիշտ են եղել: Սակայն նշեմ, որ տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է եւ չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, եւ այն ընդունվել է վարույթ: Գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի փետրվարի 8-ին»:
Ստացվում է, որ նախարարությունը բացահայտել է, որ Սոթքի ոսկու հանքից անհետացել է մոտ 500 կգ ոսկի, որը Սոթքի ոսկու հանքի ղեկավարությունը թաքցրել է պետությունից:
Որտե՞ղ է անհետացած 500 կգ ոսկին: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինից, թե ուր է անհետացել 500 կգ ոսկին, ո՞վ է պատասխան տվել ընկերության աշխատակիցներից կորստի համար, եւ արդյո՞ք նախկինում ՍՊԸ-ից նման գողության դեպքեր եղել են: Սակայն մեզ հորդորեցին հարցերը ղեկավարին ուղարկել գրավոր: Համապատասխան հարցումն ուղարկված է, խոստացան պատասխանել ավելի ուշ: Սակայն այդպես էլ մինչեւ օրվա վերջ ոսկու հանքից որեւէ պատասխան չստացանք: Ու պարզաբանում ստանալու դեպքում պատրաստ ենք հրապարակել այն, եթե, իհարկե, պարզաբանեն 500 կգ ոսկու անհետացման առեղծվածը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՎԵՀԱՓԱՌՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին բախում էր տեղի ունեցել բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Պատճառը այն էր, որ տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին. ոստիկաններն արգելել էին: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ նշված խնդրին. «Այս հարցի շուրջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Իլյա պատրիարքի միջեւ որեւէ խոսակցություն չի եղել: Վիրահայոց թեմի առաջնորդը մշտական կապի մեջ է Վրաստանի իշխանությունների եւ վրացական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի գտնվի ընդունելի լուծում այս խնդրի կարգավորման, նաեւ թուլացվի Գումբուրդոյում առկա լարվածությունը: Այս իմաստով դեռ որոշումներ կայացված չեն, մենք սպասում ենք այդ բանակցությունների արդյունքներին»,-ասաց Վահրամ քահանա Մելիքյանը: Հայաբնակ Ախալքալաք եւ Նինոծմինդա ընտրատեղամասից մեծամասնական պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ խաչքար տեղադրելու հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս, սա առաջին անգամ չէ: «Մենք միշտ վերադասին տեղյակ ենք պահել, որ այդ հարցը պետք է անպայման լուծվի: Բայց, ցավոք, ժողովրդի եւ ոստիկանների միջեւ միջադեպ եղավ: Լարվածությունը շատ վատ էր, երկու կողմից էլ տուժվածներ եղան, հիմա պետք է հարցը լուծվի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար»,-ասաց Հենզել Մկոյանը: Ինչ վերաբերում է խաչքարի տեղադրման հարցին, Ախալքալաքի պատգամավորը նշեց, որ իրենք Վրաստանի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել. «Հայաստանի եւ Վրաստանի մեր հոգեւոր հայրերը պետք է այս հարցին լուծում տան: Օրինակ՝ Վրաստանն առաջարկում է այսպիսի լուծում. խաչը լինի ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական. այսպես ասած` երկու եղբոր կողմից: Հիմա կարեւորը, որ ժողովուրդը հանգստանա, լարվածությունը թուլանա: Հարցի լուծումը կգտնեն թերեւս Վրաստանի եւ Հայաստանի հոգեւոր հայրերը, ամենայն հավանականությամբ` վեհափառները»,- ասաց պատգամավորը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

ԿԱՐՃԵԼ Է
ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ի որոշմամբ կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումի հիման վրա գործի վարույթը: ՍԴ-ն կարճել է գործի վարույթը՝ քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդ. 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը:

 

 

 

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն «ՀՈՇՈՏՈՒՄ» Է
Գիշանգղները հարձակվել են եւ հոշոտում են «Նաիրիտ» գործարանը: Տեղի ունեցածն այլ կերպ բնորոշել չի կարելի: «Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգում է, որ այժմ «Նաիրիտում»-ում կտրտում են խողովակները եւ շուկայականից ցածր գնով, որպես մետաղի ջարդոն, վաճառում «Գրանդ Քենդի» ընկերությանը, որն էլ դրանք օգտագործում է Երեւանի կաբելի գործարանի տարածքում պահեստների կառուցման նպատակով: Մինչ նաիրիտցիները շարունակում են իրենց պայքարը «Նաիրիտ»-ի վերագործարկման համար, այս հերթական թալանը նվազեցնում է գործարանի գրավչությունը ներդրողների մոտ:

 

 

 

ԿԵՍ ՄԻԼԻՈՆ «ԿԵՐԵԼ Է»
Բազմաբնակարան շենքերի բնակիչներից հավաքված գումարները՝ կես միլիոն դրամ, հափշտակվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալինա Ամիրխանյանը 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Վանաձոր քաղաքի Ուսանողական համատիրությունում որպես տեսուչ: Բնակարանային սպասարկման վճարներ է հավաքել: Ու պարզվում է՝ տեսուչ Ալինա Ամիրխանյանը բնակիչներից վերցրած գումարները մի մասն է միայն մուտքագրել համատիրության դրամարկղ, իսկ մյուս մասը՝ 527 հազար 620 դրամի չափով, յուրացրել է:
Եւ որպեսզի ամեն ինչ հավատարժան լինի, Ալինա Ամիրխանյանը բնակիչներից վերցրած բնակարանային սպասարկման համար նախատեսված գումարի դիմաց նրանց տրամադրել է վճարման փաստը հիմնավորող ձեւական անդորրագրեր, որտեղ նշել է փաստացի գանձված գումարի չափը: Սակայն անդորրագրերի առաջին օրինակներում կեղծ տեղեկություններ է մտցրել գանձված գումարի չափի վերաբերյալ:
Արդյունքում Ալինա Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի` յուրացնելը կամ վատնելը, եւ 325 հոդվածի` փաստաթղթեր, դրոշմներ, կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, հատկանիշներով: Ալինա Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Ինչ խոսք, այս դեպքը վստահաբար կարելի է ասել, որ եզակի չէ: Բոլոր քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Երեւանում, եթե համապատասխան ստուգումներ իրականացվեն, գրեթե բոլոր համատիրությունների գործունեության մեջ այսպիսի փաստեր կհայտնաբերվեն: Սա է պատճառը, որ միլիոնավոր դրամի մուտքեր ունեցող համատիրությունները այդպես էլ նորմալ սպասարկում չեն իրականացնում բազմաբնակարան շենքերում. կեղտ, մութ, առնետների խրախճանք, եւ այսպես շարունակ:

 

 

ՓԱԽՑՆՈՂԸ ԸՆԿԵՐՆ Է
Հոկտեմբերի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած կրակոցները կքննվեն ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով վարչությունում: Ինչպես հայտնի է՝ նշյալ օրը տղամարդը ինքնաձիգով մտել էր բժշկական կենտրոն եւ կրակոցներ արձակել՝ փորձելով փախցնել այդ պահին բժշկական կենտրոնում գտնվող հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած, «Բանդա»-ի գործով ազատազրկման դատապարտված Դավիթ Գալստյանին: Բայց փախցնելու փորձը չէր հաջողվել, եւ իրավապահները կարողացել էին բռնել ե՛ւ դատապարտյալին, ե՛ւ կրակոցներ արձակող անձին:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործով, որ մինչեւ ուշ երեկո իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել հիվանդանոցում: Պարզել են, որ դատապարտյալ Դավիթ Գալստյանը եւ կրակոցներ արձակող անձը մտերիմ ընկերներ են, որոնք ըստ էության մինչ այդ պայմանավորվածություն են ունեցել այս քայլին գնալու համար:

 




Լրահոս