«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԵՐԱՍԱՆ ԿԱ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ստեղծագործական ծրագրերի, դերասանի արվեստը պղծողների, անձնական կյանքի, կանանց հետ կապված նախասիրությունների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ։

-Ռաֆայե՛լ, «Դեպուտատի շոու» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ Դուք եւ դերասան Անդրանիկ Հարությունյանը հումորով ներկայացրիք հայաստանյան մի շարք խնդիրներ, մեծ աղմուկ բարձրացրեց։ Որոշ ժամանակ առաջ նշում էիք, որ նախագիծը շարունակական է լինելու։ Ի վերջո, ի՞նչ ընթացք ստացավ այն։
-Այո՛, առջեւում սպասվում է նույն խորագիրը կրող շոու-ներկայացում, որն իր ֆորմատով բավական տարբերվելու է մյուս շոուներից։ Բացի այդ՝ նույն շեշտադրումներով նկարահանվելու է նաեւ գեղարվեստական ֆիլմ։ Մենք շարունակելու ենք արծարծել հարցեր, որոնք մեր իրականության հետ անմիջական կապ ունեն։
-Բացի այդ նախագիծը՝ պատմեք, խնդրում եմ, ի՞նչ ծրագրերում եք ներգրավված։ Կարծես թե բուռն ստեղծագործական պրոցեսում եք։
-Այո՛, իսկապես։ Հասցրել եմ նկարահանվել մի շարք ֆիլմերում, դրանցից մեկը մանկական է, որի մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի, մյուսը «Սուպեր մամա 2»-ն է, հիմա նկարահանվում եմ «Կալիգուլա» պատմական ֆիլմում, որը պետք է ներկայացվի «Կաննի»։ Բացի այդ՝ հանդես եմ գալիս «Ամուսնացածների լիգա» սիթքոմում։ Ընդգրկված եմ նաեւ նոր ներկայացման շրջանակում, պրեմիերան կլինի Լոս Անջելեսում, ապա՝ Կանադայում։ Փետրվարին էլ հյուրախաղերով կլինեմ Իրանում։
-Ռաֆայե՛լ, այսօր յուրաքանչյուր երկրորդը իրեն «հռչակում է» դերասան։ Այդ ինստիտուտը, ոլորտի մասնագետների համոզմամբ, այնքան է արժեզրկվել, որ արվեստի հետ կապ չունեցող մարդկանց շնորհվում են զանազան կոչումներ։ Դուք Ձեզ ինչպե՞ս եք զգում այդ միջավայրում։
-Իրականում ես ինձ շատ վատ եմ զգում, երբ, օրինակ, մեկը փողոցում կանգնեցնում է ու հարցնում. «Ինձ չհիշեցի՞ր, մենք իրար հետ տարիներ առաջ կինոներից մեկում ենք նկարվել»։ Ու հետո այդ մարդն իրեն իրավունք է վերապահում նման բաներ ասել. «Մեր մասնագիտությունը, մեր գործը»։ Ախր, այդ երբվանի՞ց դերասանությունը դարձավ մերը՝ իմն ու նրանը, այն դեպքում, երբ ես տարիների փորձ ունեմ, իսկ ինքը ո՛չ փորձ ունի, ո՛չ կրթություն, ո՛չ տաղանդ, ընդամենը մի նախագծում է հանդես եկել, այն էլ երկրորդական դերում։ Դերասանությունը մասնագիտություն է, ամեն երկրորդը իրավունք չունի այն պղծել։ Այսօր դերասան ասվածն էլ է արժեզրկվել։ Մեկը, որի համար մի քիչ գումար են ծախսում, գեղեցկացնում են (կամ՝ հաճախ հակառակը), իրեն համարում է դերասանուհի, երգչուհի, մոդել։ Բայց չի կարելի ամեն սիլիկոնատատուապատ աղջկա համարել դերասան։ Ես արդեն վատ եմ զգում, որ դերասան եմ։ Ուզում եմ պարզապես լինել ՀՀ քաղաքացի։ Չէ՞ որ բոլորը հրաժարվում են այս երկրի քաղաքացի լինելուց, ասում են. «Ախպե՛րս, էսի երկիր չի, պետքա ստեղից գնալ»։ Հայաստանում ավելի շատ դերասան կա, քան քաղաքացի։ Ինչ վերաբերում է նրանց, որոնք կոչում են ստանում, ասեմ, որ բոլորին շատ սիրում եւ հարգում եմ, բայց, ախր, կոչումների ինստիտուտն էլ է արժեզրկվել։ Թատերական ինստիտուտից այս փոքր քաղաքում տարեկան 500 դերասան ու ռեժիսոր է դուրս գալիս, եւ մի այդքան էլ վաստակավոր արտիստի կոչումներ է շնորհվում, չգիտես ինչու։ Այդ տրամաբանությամբ ինձ արդեն պետք է ժողովրդական արտիստի կոչում տային. 15 տարի է՝ հեռուստատեսությունում եմ, բեմում, ամեն օր հանդիսատեսի առջեւ ելույթ եմ ունենում… Մարդիկ կան՝ 80 տարեկան են, ամբողջ կյանքը նվիրել են թատրոնին, բայց մի մեդալի անգամ չեն արժանացել։
-Իսկ Ձեզ բավարարու՞մ է պետական քաղաքականությունը՝ կապված թատերական ոլորտի հետ։
-Դերասանը, արվեստի մարդը պետք է վարձատրվի ըստ արժանվույն։ Դերասանի աշխատավարձը չի կարող լինել 65 հազար դրամ, նա չի կարող ներկայացումից հետո հանդիսատեսի հետ նույն կանգառում սպասել երթուղայինի։ Ես, փառք Աստծո, կարողանում եմ վաստակել, բայց կան մարդիկ, որոնք ապրում են միայն թատրոնով ու գոնե երբեմն չեն կարող իրենք իրենց թույլ տալ տաքսիով գնալ տուն։
-Ռաֆայե՛լ, չենք կարող չանդրադառնալ նաեւ Ձեր անձնական կյանքին։ Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր կողքի կինը։
-Կինը պետք է լինի խելացի, գրագետ եւ կանացի, մի քիչ զիջող, ինչ-ինչ երեւույթների վրա աչք փակող, պետք է կեսը սիլիկոն չլինի, գոնե կեսը (ծիծաղում է), որ զգամ, թե ում հետ եմ ամուսնացել, չեմ ուզում պլաստմասի հետ ամուսնանալ, միս ու արյուն եմ ուզում։ Չեմ հանդուրժի, եթե կնոջ հետ զրուցեմ ու զգամ, որ ներքուստ դատարկ է։ Մի խոսքով՝ կինը պետք է լինի մամայիս պես…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ԻՄ ԿԵՐՊԱՐԸ ՆՄԱՆ Է ԻՆՁ»

«Իմ մարմնավորած կերպարը բավական մոտ է իմ մարդ տեսակին, նման է ինձ, ինձ իսկապես դուր է գալիս ներկայանալ կատակերգության ժանրում, իսկ ամուսնացած չլինելու փաստը ոչ մի կերպ չանդրադարձավ դերիս մեջ մտնելու պրոցեսի վրա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դիջեյ Սերժոն՝ Սերժ Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ամուսնացածների լիգա» սիթքոմում իր կերտած կերպարին՝ Անրիին։ Նա շեշտեց, որ հաճույքով է նկարահանվել սիթքոմում, քանի որ այն իր հետ բերում է թարմ շունչ եւ նոր ասելիք։

Սիթքոմի սցենարը կառուցված է ընտանեկան երեք զույգի շուրջ պտտվող իրադարձությունների հիման վրա՝ Սերժո եւ Ջեմմա Ադամյան, Ռաֆայել Երանոսյան եւ Լուիզա Ներսիսյան, Անի Պետրոսյան եւ Տիգրան Գյուլումյան։
«Ամուսնացածների լիգայի» տարբերությունը մյուս սիթքոմներից սյուժեի դինամիկ զարգացումն է եւ այն հանգամանքը, որ մի սերիայի ընթացքում հեռուստադիտողը կարող է ծանոթանալ հերոսների անցյալին, նրա աչքի առջեւով կարճ ժամանակում կարող են անցնել մի շարք հետաքրքիր դրվագներ, որեւէ պատմություն շատ հաջող կերպով կարող է կապվել մեկ այլ պատմության հետ»,-կարծիք հայտնեց Սերժոն։
Նրա խոսքով՝ եթե որեւէ սիթքոմում, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հարմար առաջարկ ունենա, ինքը կրկին կընդունի այն։ Սերժոյի համար, փաստորեն, դերասանական կրթության, այդ ոլորտում նվազ փորձի պակասը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել։ Հարցին, թե սիթքոմը հումորային այլ նախագծերի պես արդյո՞ք կձգվի մի քանի եթերաշրջան, Սերժոն պատասխանեց, որ տեղյակ չէ, դա ցույց կտա ժամանակը։
Հիշեցնենք, որ «Ամուսնացածների լիգա» սիթքոմը պատմում է ամուսնացած երեք զույգերի առօրյայի եւ խնդիրների մասին: Նրանք շատ տարբեր են, սակայն ամուսնական կարգավիճակը միավորում է բոլորին: Ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանը եւ Սերժ Նալբանդյանը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 




Լրահոս