Ամբողջ աշխարհին և միջազգային հանրությանը հայտնի է, թե ով է խափանել և շարունակում խափանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը փորձում է խափանել բանակցային գործընթացը:
«Ադրբեջանը և իր ղեկավարը խափանում են, խոչընդոտում են, վիժեցնում են բանակցային գործընթացը: Որովհետև պատերազմական գործողությունները ոչ միայն վերսկսելը, այլ անգամ դրա մասին ակնարկ անելը խոսում է մի բանի մասին, որ դա հակասում է հայտնի երեք սկզբունքներին: Եվ ապրիլյան քառօրյա պատերազմը, և ադրբեջանական զինուժի վայրագությունները, և Ադրբեջանի ղեկավարի ոչ ադեկվատ հայտարարությունները, թե Երևանը իրենց տարածքն է, խոսում են այն մասին, որ, եթե կա մի երկիր, որը իր գործողություններով դեմ է գնացել միջազգային հանրությանը, դա Ադրբեջանն է` իր ղեկավարով հանդերձ»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով, բանակցությունները վիժեցնողը հենց Ադրբեջանն է: «Կա երեք սկզբունք և ինքնորոշման իրավունքն այդ երեք սկզբունքներից մեկն է: Երբ կողմերից մեկը խոսում է բացառապես սկզբունքներից մեկի մասին` բացարձակ արհամարհելով և մերժելով մեկ այլ սկզբունք, սա խոսում է նրա մասին, որ բանակցությունները վիժեցնողը հենց այդ կողմն է»,- հավելեց նա:
Իսկ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե թույլ չի տալու հայկական երկրորդ պետության ձևավորում`Շարմազանովը նշեց. «Արցախը փաստացի անկախ պետություն է, և անհնար է խնդրի լուծումն առանց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման: Որքան շուտ Ալիևը համակերպվի Արցախի անկախության հետ, այնքան ավելի լավ կլինի բանակցային գործընթացի համար: Որքան Ադրբեջանը մերժի սա, այնքան մենք կգնանք բանակցությունների տորպեդահարման և վիժեցման»,- եզրափակեց Շարմազանովը: