«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հատկանշական է փաստը, որ այս հայտարարություններն Ալիեւն արել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո, երբ վերջիններս հայտարարեցին, թե երկու երկրների նախագահները պատրաստակամ են վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները:
Թե ինչ նախապայմանների մասին է ակնարկում Ալիեւը, դժվար չէ ենթադրել. նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Այս ողջ ընթացքում Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին՝ փոխարենը ամենատարբեր ատյաններից Ադրբեջանին մեղադրելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ: Այդ հարցը եւ այս տարվա հուլիսին Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ իրենց հայտարարություններում Ադրբեջանին մշտապես հիշեցրել են պայմանավորվածությունները կատարելու մասին: Բայց ապարդյուն: Ադրբեջանը հակառակ իր իսկ խոստումների՝ որեւէ քայլ չարեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ:
Պարզ էր նաեւ նրանց այդ պահվածքի պատճառը, եւ այդ մասին այս տարվա հուլիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում բավական անկեղծ խոսել էր Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Իհարկե, իրենք ունեն իրենց բացատրությունը, եւ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց՝ այդ քայլին չգնալը բացատրում է նրանով՝ քանի որ հայկական կողմը չի գնում զիջումների, եւ եթե ստեղծվում են այդ մեխանիզմները, նշանակում է՝ այդ մեխանիզմները կնպաստեն ստատուս-քվոյի հավերժականացմանը: Նրանց մոտեցումներն այդպիսին են, դրա համար այդ պրոցեսը փակուղի է մտել, ձգձգվում է: Ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահներն այդ պահանջները ներկայացնում են, եւ ամեն անգամ Ադրբեջանն ինչ-որ մի պատրվակով հրաժարվում է»:
Ու հիմա, երբ Ադրբեջանի նախագահը խոսում է բանակցային գործընթացն առանց նախապայմանների վերսկսելու մասին, նշանակում է՝ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են որոշել հրաժարվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ այդպես փորձելով խթանել բանակցային գործընթացը: Պատահական չէ, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ արդեն որեւէ բառ ասված չէր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության՝ «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում ներկայիս իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղիներ գտնելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում նախապատրաստելը»:
Այս դեպքում կարելի է ենթադրել, որ Հայաստանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համաձայնել են նման զիջումների գնալ՝ փոխարենը ստանալով հավաստիացումներ առ այն, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ լուրջ բեկում կմտցվի բանակցություններում, ինչու չէ՝ կստորագրվի նաեւ նախնական փաստաթուղթ, այլապես կշարունակեին պնդել ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու մասին:
Չի բացառվում, որ այս հայտարարություններով Ալիեւը պարզապես դիմել է բլեֆի՝ այդպես «հաղթողական կեցվածք» ընդունելով եւ ներքին լսարանի մոտ արդարանալով, թե ինչու է համաձայնել հանդիպել Սերժ Սարգսյանին:
Մինչ այդ նկատենք, որ ՀՀ իշխանությունները երեկ այդպես էլ չմեկնաբանեցին Ալիեւի հայտարարություններն ու չհստակեցրին՝ Հայաստանն ի՞նչ նախապայմաններից է հրաժարվել, եւ արդյո՞ք սա նշանակում է, որ չեղարկվել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Համենայն դեպս, սա այն դեպքն է, երբ ՀՀ իշխանությունները պետք է ազնիվ գտնվեն ու պարզաբանումներ տան, որքան էլ այդ ամենը անցանկալի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Սակայն նա ասաց, որ մեկնաբանություններ լինելու դեպքում իրենք այն կհրապարակեն /ենթադրվում է՝ դա կլինի արդեն այսօր/:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպման մասին համանախագահների հայտարարության մեջ որեւէ խոսք չկար ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում ձեռքբերված, ապա Սանկտ Պետերբուրգում վերահաստատված պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին, արդյո՞ք սա նշանակում է, որ դրանք մոռացվել են, ասել է. «Ես չեմ կարծում, որ այդ պայմանավորվածությունները մոռացված են: Ինչպե՞ս կարելի է մոռացության մատնել լուրջ պայմանավորվածությունները, խոսքը վստահության մեխանիզմների վերականգնման, շփման գծում վերահսկողություն իրականացնելու մասին էր: Այս հարցերը միշտ կմնան ջրի երեսին, դրանք չեն մոռացվի»,- շեշտեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
«Ժողովուրդ» օրաթերթին էլ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 11-ին Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Եւ ենթադրվում է՝ այդ հանդիպման ժամանակ որոշակի անդրադարձ կլինի նաեւ ԼՂ խնդրին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ