ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կարծես թե ոչ ոքի չի «գրավում»: Բանն այն է, որ երեկ նախարարության շենքի աճուրդն էր, սակայն այն չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Թե երբ կրկին վաճառքի կհանվի գերատեսչության «տունը մնացած» շենքը, դեռեւս հայտնի չէ: Բայց նախարարության վաճառքի հանված շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:
Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը որոշում էր կայացրել օտարել նշված գերատեսչության հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող, 7809.9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող ավելի քան 2520 հա հողամասը: Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում էր գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ` նույն շենքում է: Ինչպես հայտնի է` Վահան Մարտիրոսյանը մինչեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելը, «Ռոստելեկոմ»-ի հիմնադիրն էր: Թե ինչն էլ հիասթափեցրել ընկերությանը շենքը չգնելու հարցում, անհայտ է: