ԱՊՀ երկրների ղեկավարները հայտարարությամբ հանդես կգան ավանդական ընտանեկան արժեքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սոչիում կայացած նիստում ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդը հավանության է արժանացրել «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը՝ կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ երկրների փոխգործակցության սերտացմանն ուղղված երկու տասնյակ փաստաթղթերի թվում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ նիստի մասնակիցները հավանություն են տվել նաև 2019 թվականը ԱՊՀ-ում Գրքի տարի հռչակելու որոշման նախագծին: Անդրադարձ է արվել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի նշմանը։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018 թվականի ապրիլին Մինսկում։

Հիշեցնենք՝ վաղը Սոչիում անցկացվելու են ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովները:




Լրահոս