Ախալքալաքում թեժ ընտրություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, որի համար պայքարում է վեց թեկնածու. գործող քաղաքապետ Նաիրի Իրիցյանը չի առաջադրվել: Այդ օրը ընտրություններ տեղի կունենան նաեւ հայաշատ մեկ այլ՝ Նինոծմինդա քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու:

Ախալքալաքում առաջադրված թեկնածուներն են՝ «Նոր Վրաստանի միասնություն» կուսկացությունից Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ Հարություն Ալեքսանյանը, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից՝ Յուրիկ Ունանյանը: «Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունն առաջադրել է Մելիք Ռաիսյանի թեկնածությունը, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ Զուրաբ Օզբեգիշվիլիի թեկնածությունը, իսկ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունն էլ առաջադրել է Սամվել Պետրոսյանի թեկնածությունը: Հիմնական մրցակցությունը թերեւս ընթանալու է Սամվել Պետրոսյանի եւ իշխանական թեկնածու Յուրիկ Ունանյանի միջեւ: Առաջինը հայրենասեր կերպար է, երկրորդը՝ վրացական իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով հայտնի գործարար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը՝ նշելով, թե իրեն ամենուր բնակչությունը ջերմորեն ողջունում է:

-Պարո՛ն Պետրոսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Գո՞հ եք ընթացքից:

-Իմ մոտ քարոզարշավը բարձր մակարդակի է ընթանում: Ժողովորդի հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում եմ իմ ծրագրերը, իրենք էլ ուղղում են իրենց հետաքրքրող հարցերը: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գոհ եմ քարոզարշավի ընթացքից:

-Ի՞նչ հարցերի մասին են բարձրաձայնում Ախալքալաքի բնակիչները, եւ Դուք ի՞նչ եք խոստանում:

-Բնակիչների կողմից բարձրացված հարցերը բազմապիսի են: Սկսած սոցիալական, տնտեսական հարցերից, վերջացրած կենցաղային բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնումներով: Իրավիճակն այսպիսին է. ուզում ենք, որ Վրաստանը որպես երկիր բարգավաճի, եւ միեւնույն ժամանակ ունենք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից հնչող խոստումներին, ապա կարծում եմ, որ մեզ համար կարեւորություն է ներկայացնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ես խոստացել եմ, որ եթե հաղթենք, ապա մեր ժողովի ժամանակ կբարձրաձայնենք այդ հարցը, որից հետո էլ այն կներկայացնենք Վրաստանի խորհրդարանին:

-Քարոզարշավի ընթացքից դատելով՝ ի՞նչ կարող եք ասել: Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

-Գիտեք ինչպես է՝ բոլոր թեկնածուներն էլ ասում են, որ հաղթել են: Եթե ես հիմա այդպիսի հայտարարություն անեմ, տգեղ կդիտվի: Պետք է իմ շանսերի մասին հարցն ուղղեք ընտրողներին: Սակայն ընդհանուր առմամբ ժողովուրդը կանգնած է իմ կողքին. եթե խախտումներ չլինեն, ես եւ իմ քաղաքական խումբը կհաղթենք:

-Իսկ ընդհանուր առմամբ հանգի՞ստ է անցնում քարոզարշավը:

-Իմ քարոզարշավը հանգիստ է ընթանում: Առանձին քաղաքական ուժեր լարում են իրավիճակը, մի քանի քարոզարշավների ընթացքում ընդհարումներ են եղել, նույնիսկ ֆիզիկական ուժի են դիմել: Ես կարծում եմ, որ այդ ամենը վատ հետք է թողել բնակչության մոտ:

-Գործող քաղաքապետի աշխատանքից գո՞հ եք:

-Գիտեք, ինքը նորմալ տղա է, ուղղակի երիտասարդ է: Բայց կարող եմ ասել, որ սոցիալական, տնտեսական ոլորտում աշխատանքներ կատարել է, վատ բան չեմ կարող ասել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս