Կոռումպացված ոլորտ. վարորդական վկայական ստանալու կարգը կվերափոխվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարորդական իրավունքի տրամադրումը համարվում է կոռումպացված ոլորտներից մեկը: Իրականում մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:

Մեր հանրապետությունում վերջին տարիներին վարորդ դառնալը, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը բավական հեշտ է: Ըստ որոշ մասնագետների` Հայաստանում վարորդական իրավունք տրամադրելու ինստիտուտը վերափոխման խիստ կարիք ունի: Սակայն այս ուղղությամբ կարծես թե առարկայական քայլեր չեն արվում: Հայտնի փաստ է, որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, ինչի արդյունքում մեքենա վարելու հնարավորություն են ստանում վարորդական գիտելիքներ, հմտություններ չունեցող մարդիկ:

Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի վարորդների զգալի մասը իրենց վարորդական իրավունքի վկայականը ձեռք են բերում կլորիկ գումարի դիմաց:

ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Վարորդական իրավունքի վկայականի տրամադրման չափանիշը համապատասխան գիտելիքների իմացությունն է` տեսական եւ գործնական: Եթե գիտելիքների իմացությունը այդ քննությունններով ապացուցվում է, ապա արդեն քաղաքացուն տրվում է վարորդական իրավունքների վկայական: Եւ կապ չունի, թե նրանք այդ գիտելիքները ինչպես են ձեռք բերել` համապատասխան ավտոդպրոցներում, թե ինքնուս տարբերակով: Խնդիրը հավանաբար սրա մեջ է կայանում: Կան երկրներ, որտեղ պետք է համապատասխան դպրոցական ուսուցում ունենան: Գիտելիքների ձեռքբերման աղբյուրը, կոպիտ ասած, չի հետաքրքրում»:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքերով՝ Հայաստանի մարզերում վարորդական իրավունքի վկայական ստանալու պահանջով դիմող քաղաքացիների մոտ 90 տոկոսը ստանում է, իսկ Երեւանում` դիմողների մոտ 70 տոկոսը: «Այսինքն՝ ՀՀ որոշ մարզերում վունդերկինդներ են ապրում, որոնք միանգամից՝ մեկ քննությունից հետո, անմիջապես վարորդական իրավունքի վկայական են ստանում: Ինչը խիստ տարօրինակ է»,- նկատեց ՀԿ-ի համահիմնադիրը:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ Գերմանիայում վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով քաղաքացին հատուկ դասընթացներին պետք է մասնակցի, երկար ժամանակ ռեալ պարապի: «Իսկ Վրաստանի իշխանությունները նախապես տեղյակ էին, որ մարզերում կոռուպցիոն ռիսկերը կմեծանան, եւ որոշեցին մեկ տեղում` Ռուսթավելի քաղաքում, կենտրոնացնել վարորդական իրավունքի վկայական ստանալը: Այսինքն՝ մարդիկ միայն այնտեղ կարող են վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննություն հանձնել»,- փոխանցեց Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքերով՝ Վրաստանում վերջերս ներդրվել է 100 բալանոց համակարգ, ըստ որի` եթե խախտումներ է ունենում, ապա ժամանակից շուտ սպառում է իր 100 բալը, արդյունքում կորցնում է վարորդական իրավունքի վկայականը։ Եւ այն նորից ստանալու համար պետք է կրկին քննություն հանձնի: Ի դեպ, նման համակարգ գործում է նաեւ Ֆրանսիայում:

«Ֆրանսիայում մի խախտում կատարելու դեպքում միավորներ են հանվում, երկրորդ խախտման դեպքում ե՛ւ հանվող միավորներն են ավելանում, ե՛ւ տուգանքի չափը: Եթե նույն խախտումը մի տարվա մեջ երրորդ անգամ են թույլ տալիս, ապա վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու քննությունը վերահանձնում են: Կան մի քանի այլ գործոններ, որոնք որ ավելի հետաքրքիր են դարձնում եւ մոտիվացնում են մարդկանց օրենքների փոփոխություններին համընթաց զարգանալ»,- նկատեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Ս. Ղահրամանյանը:

Արդյունքում` այսօր Հայաստանում ով ասես մեքենա է վարում` վտանգելով մարդկանց կյանքը: Մյուս կողմից՝ նրանք, ովքեր իրենց վկայականները գումարով ձեռք բերելու պարագայում էլ (ըստ օդում կախված լուրերի` այն 150 հազար դրամով կարելի է) այդպես էլ չեն սովորում երթեւեկության կանոնները: Եւ չնայած սրան` պատկան կառույցները չեն վերահսկում ոլորտը, եւ գնված վարորդական վկայականով անբարեխիղճ վարորդներին չեն ուղարկում վերապատրաստման դասընթացների:

Հ.Գ. «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց նաեւ թվային տվյալներ, ըստ որի` անցած տարվա ընթացքում արձանագրվել է ճանապարհայինն երթեւեկության կանոնների 335 հազար 571 իրավախախտում: Տեսանկարահանող եւ լուսանկարահանող-արագաչափ սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումներով կայացվել է 1 մլն 446 հազար 275 որոշում:

Բացի այս՝ անցած տարվա ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է զոհերով եւ վիրավորներով 3203 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 267, մարմնական վնասվածքներ ստացել` 4451 մարդ: Իսկ Երեւանում տեղի է ունեցել 1417 պատահար, զոհվել է 74, վիրավորվել է 1781 մարդ: Հաշվառված 267 զոհերից 93-ը եղել է հետիոտն, 88-ը` վարորդ, 81-ը՝ ուղեւոր, 1-ը` հեծանվորդ եւ 4-ը՝ մոտոցիկլիստ: Իսկ ընդհանուր 4451 վիրավորից 924-ը եղել է հետիոտն, 1513-ը` վարորդ, 1929-ը՝ ուղեւոր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս