Այդպես էլ այդ աղջկան չասացի զգացմունքներիս մասին, ոչ ոք այդ մասին չգիտեր. Արթուր Ալեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք հայտնիների կյանքից անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ, անդրադառնում ենք նրանց սիրավեպի՝ ընթացք չստանալու պատճառներին։ Մեր զրուցակիցներն անկեղծանում են՝ ինչի՞ համար են ափսոսում, ի՞նչ կցանկանային վերադարձնել եւ ի՞նչ հարաբերություններ ունեն իրենց առաջին սերերի հետ։ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը երգիչ, երգահան Արթուր Ալեքն է։
«Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցական տարիքում, բայց այդ աղջկան այդպես էլ չասացի այդ մասին, որովհետեւ նա ընկեր ուներ, ավելին՝ հիմա ամուսնացած է հենց այդ ընկերոջ հետ։ Բայց ես այդ հանգամանքը ծանր չեմ տանում, ամեն ինչ մնացել է անցյալում»,-նշեց երգիչը։
Նա համաձայն է այն կարծիքին, որ առաջին սերը երբեք չի մոռացվում, բայց հումորով է մոտենում այդ հարցին։ Աթուրի մոտ այդ տարիներից մնացել են միայն լուսավոր հուշեր։

«Ոչ ոք չգիտեր այդ մասին։ Ես միշտ էլ փակ մարդ եմ եղել, անձնականիս մասին ոչ ոքի հետ չեմ խոսել։ Մինչեւ հիմա էլ այդպիսին եմ»,-անկեղծացավ Արթուրը։
Նա նշեց, որ առաջին սիրո պատմությունը տեւել է 3-4 տարի։ Հարցին, թե եղել է արդյոք մեկը, ով հանել է իրեն այդ «ճգնաժամից», Արթուրը պատասխանեց.«Ոչ, ես այդ վիճակից դուրս եկա միայնակ եւ պատվով։ Տարիներ անց հանդիպել եմ նրան։ Այդ աղջիկն, իհարկե, մինչեւ հիմա էլ չգիտի իմ ունեցած զգացմունքների մասին»։
Մենք հետաքրքրվեցինք՝ Արթուրը սիրելիին երգ նվիրել է, թե ոչ.«Ո՛չ, չի եղել նման բան։ Ասում են՝ մինչեւ չսիրես, չես կարող խորը զգացումներ արտահայտող երգ գրել կամ երգել, բայց ես այդ կարծիքին չեմ։ Եթե դու քո մեջ ունես այդ պոտենցիալը, ամեն բան կստացվի»,-ասաց մեր զրուցակիցը։

Արթուրի խոսքով՝ դրանից հետո լուրջ զգացմունք որեւէ մեկի նկատմամբ ինքը չի ունեցել, պարզապես ապրում է իր «բաժին» կյանքը, եւ եթե ճակատագրով սահմանված է, որ սերը պետք է մի օր թակի իր դուռը, երգիչը պատրաստակամ է ընդունել այդ նվերը.«Կար ժամանակ, որ ինքս ինձ ասում էի՝ մեծ տղա ես, պետք է սիրահարվես, բայց հիմա այդպես չեմ կարծում, ապրում եմ այսօրվա օրով»,-եզրափակեց Արթուրը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս