Գորիսում «հետաքրքիր» զարգացումներ են սպասվում. Սուրիկ Խաչատրյանը «տակից» է գործում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, նշել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաեւ սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»: Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:

Այս մի քանի արտահայտություններն ավելին էին, քան կարող էր ասել Սյունիքի նախկին մարզպետը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին, քանի որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, որը Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալներից էր համարվում, սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ադունցի հրաժարականից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա պայմանավորված էր հանգամանքով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, ովքեր իրեն չեն ենթարկվում: Ինչեւէ՝ անմիջապես սկսվեց Գորիսի քաղաքապետի երիտասարդ պաշտոնակատարի մասին տարաբնույթ լուրերի հոսքը մամուլ: Հիշեցին, որ Առուշ Առուշանյանը դաջվածքներ ունի, մատնանշվեց, որ երիտասարդ է, անփորձ եւ այլն: Ու Առուշանյանի մերձավոր շրջապատում կասկած չկար ու հիմա էլ չկա՝ այդ խոսակցությունների սկզբնաղբյուրը հենց Սուրիկ Խաչատրյանի շրջապատն է»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս