«Վանաձոր» ՔԿՀ-ում ձերբակալությունները շարունակվում են. ՔԿՀ-ի հանձնունքի բաժնի պատասխանատուին ձերբակալե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը եւ նրանց կաշառք տվող անձը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ում ժամը 18:00-ից հետո թեժ իրավիճակ է եղել:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար կաշառք են պահանջել եւ ստացել:

Նշված դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` կաշառք ստանալը, եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալը, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:
Արդյունքում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետը եւ նրանց կաշառք տված անձը տարվել են ԱԱԾ:
ՔԿՀ պետի շուրջ պտտվող իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, որ ձերբակալվելուց երկու օր առաջ Վանաձորի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը հանգիստ գնացել է աշխատանքի: Հոկտեմբերի 6-ին նա իր ծանոթներին ասել է, թե իրավապահները քրեակատարողական հիմնարկի շուրջ ծագած հարցերի մասով կանչել են հարցաքննության: Նա գնացել է հարցաքննության, իսկ ավելի ուշ վերադարձել աշխատավայր՝ առօրյա գործերով: Հոկտեմբերի 9-ին, երբ նրա ծանոթները կրկին զանգահարել են բանտապետին, նա ասել է, թե շատ խառն է, զբաղված, չի կարող խոսել, քանի որ մոտը դատախազությունից մարդիկ կան: Իսկ ահա ավելի ուշ, երբ ծանոթները նրան զանգահարել են՝ հասկանալու համար, թե ինչ եղան «խառը գործերը», նրա հեռախոսը անջատված է եղել: Պարզվել է, որ նա ձերբակալվել է:

Իսկ հիմա ամենագլխավորի մասին. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ում, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը, եւ ինչի՞ դիմաց են դատապարտյալները պարբերաբար կաշառք տվել ՔԿՀ պետին կամ օպերատիվ բաժնի պետին:
Ըստ քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների շրջանում տարածված տեղեկությունների՝ ՔԿՀ-ում երկար ժամանակ հետաքրքիր «ավանդույթ է գործել»: Վանաձորի ՔԿՀ-ում երեկոյան ժամը 18:00-ից հետո մի քանի խցերի դռներ ղեկավար կազմի հրահանգով բացվել են, եւ արտոնյալ դատապարտյալները թղթախաղ են խաղացել, եղել են դեպքեր, որ դատապարտյալները խմիչք ենք ցանկացել, ու նրանց համար դա բերվել է: Մի խոսքով, ինչպես ֆիլմերում են ցուցադրում, կամ ինչպես կարող է լինել ՀՀ ցանկացած կալանավայրում: Դատապարտյալների կարծիքով՝ այդ ցանկությունները ՔԿՀ ղեկավար կազմը դատապարտյալների «սիրուն աչքերի համար» չի բավարարել, այլ կոնկրետ «վերաբերմունքի դիմաց»: Թե որքանով են դատապարտյալների շրջանում տարածված այս լուրերը համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը:

Մինչ այդ տեղեկացնենք, որ Վանաձորի ՔԿՀ պետի եւ մյուսների ձերբակալումից հետո իրավապահները երեկ ողջ օրվա ընթացքում խուզարկություն են իրականացրել «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր խցերում: Խիստ հսկողություն է սահմանված եղել: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ բացի դատապարտյալների եւ կալանավորների խցերում իրականացվող խուզակություններից՝ խուզարկություն է իրականացվել նաեւ ՔԿՀ աշխատակիցների աշխատասենյակներում:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ իրավապահները ձերբակալել են նաեւ «Վանաձոր» ՔԿՀ-ի հանձնունքի բաժնի պատասխանատուին: Թե էլ ովքեր կհայտնվեն թիրախում, առաջիկայում կպարզվի:

Հավելենք, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարաեծ դեպքի առնչությամբ:

Հ. Գ. ArmLur.am-ը այսօր նաև տեղեկացրել էր, որ ձերբակալված ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն ու Վանաձորի նախկին քաղաքապետը խնամիներ են:

Քնար Մանուկյան




Լրահոս